Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2016թ. փետրվարի 16-ին ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՊՆ ներկայացուցիչները հանդիպեցին ուսանողների հետ:
 
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայաստանյան մի շարք բուհերի բակալավրիատի և մագիստրատուրայի վերջին կուրսերի ուսանողներին առաջարկում է ձեռք բերել 2-րդ՝ ռազմական մասնագիտություն և ՀՀ ԶՈՒ-ում պարտադիր զինծառայության անցնել ոչ որպես շարքային զինվոր, այլ որպես սպա:

Հյուրերին նախ ողջունեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը, ինչից հետո ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական կրթության բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի մանրամասները:

Հանդիպմանը ներկա էին նաև ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն և Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտների դասախոսները:

Այս տարի նույնպես ՊՆ բարձրագույն ռազմաուսումնական հաստատություններում ընդունելություն է իրականացվելու երեք՝ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում հրետանավորի, մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն ինստիտուտում կապավորի և հակաօդային պաշտպանության մասնագիտություններով:

Մեկամյա ուսումն ավարտելուց հետո զինծառայողը նախկին 3 տարվա փոխարեն այժմ 2 տարի ժամկետով պարտադիր ծառայության պայմանագիր է կնքում, ինչից հետո հնարավորություն է ստանում ազատ որոշում կայացնելու՝ շարունակել կարիերա կառուցել (այդ թվում` վերապատրաստվել) զինված ուժերո՞ւմ, թե՞գործունեություն ծավալել քաղաքացիական մասնագիտությամբ:

Մեկամյա դասընթացներն ավարտելուց հետո շրջանավարտը ստանում է լեյտենանտի կոչում և դասակի հրամանատարի որակավորում, այնուհետև վիճակահանության սկզբունքով պարտադիր զինծառայության է անցնում ՀՀ տարածքում տեղակայված զորամասերից որևէ մեկում:

Հանդիպման վերջում ՊՆ ներկայացուցիչները պատասխանեցին համալսարանականներին հետաքրքրող հարցերին:

Աղբյուրը՝  ysu.am