Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Համարձակվի՛ր մտածել»․ Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն

«Համարձակվի՛ր մտածել»․ Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն

Հայաստանում և նրա շուրջ պետական և համազգային նշանակության տարամակարդակ հիմնախնդիրների ու գործընթացների հասարակական ընկալման, գնահատման և դրանց վերաբերյալ հանրային դիրքորոշումների ձևավորման հարցում շարունակ մեծանում էվերլուծական դաշտի կայացման ու ընդլայնման անհրաժեշտությունը։ Խնդիրն առավել ակնհայտ է եղածի թարմացման համատեքստում՝ հաշվի առնելով հետազոտողների երիտասարդ սերնդի նորովի և չկաղապարված մոտեցումները։  

Թեև այդ հարցում հանրային պահանջարկը անհրաժեշտ չափով ձևակերպված ու զգալի չէ, սակայն թարմ, նորովի և ասելիք ունեցող առաջարկի անհրաժեշտությունը դրանից չի նվազում։ Մասնավորապես, հայկական վերլուծական (ուղեղային) կենտրոնների բացը լրացնելու ևմտածող երիտասարդության ձայնը առկա հիմնախնդիրների հետազոտության համար լսելի դարձնելու փորձ է Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնիգործունեությունը, որի բացման պաշտոնական արարողությունը կայացավ հունիսի 6-ին Երևանում։

Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնն իր գործունեությունը որպես նախաձեռնություն սկսել է շուրջ 5 տարի առաջ՝ 2011 թ. մայիսին, մի խումբ երիտասարդների կողմից, իսկ վերջիններիս համագործակցության նախապատմությունն սկսվել է ավելի վաղ՝ 2008 թ․: Ներգրավելով ամենատարբեր մասնագիտությունների և աշխարահայացքների տեր մարդկանց՝ կենտրոնը փորձում է լսելի դարձնել ու վեր հանել երիտասարդների տեսակետներն ու հարցադրումները, հանրայնացնել նրանց՝ տարբեր ոլորտներին առնչվող վերլուծությունները:

Այսուհետև որպես հասարակական կազմակերպություն՝ ԵՎՀԿ-ի գործունեությունն ուղղված է սեփական կայքի, սոցիալական ցանցերի և ԶԼՄ-ների միջոցով երիտասարդ վերլուծաբանների վերլուծությունները, հասարակությանը հուզող հարցերի շուրջ արված դիտարկումները հասարակության սեփականությունը դարձնելուն։

 

Ինչպես բացման արարողության ժամանակ նշեց կազմակերպության նախագահ Արեգ Քոչինյանը, կենտրոնի և նրա շուրջ համախմբված երիտասարդ վերլուծաբանների գործունեությունը հիմնված է մի շարք սկզբունքների վրա՝ զուգահավասարություն և չեզոքություն հայաստանյան ներքաղաքական-կուսակցական դաշտի նկատմամբ, հայաստանակենտրոնություն, անդամների մասնագիտական իրավասություն։ Գործելով «Համարձակվի՛ր մտածել» կարգախոսով՝ ԵՎՀԿ-ի հեռահար նպատակը Հայաստանում վերլուծական դաշտի առավել կայացմանն ու անկախացմանը նպաստելն է:

ԵՎՀԿ-ն երիտասարդական  հարթակ է, որտեղ կարող են ներգրավվել ՀՀ-ում բնակվող մինչև 35 տարեկան ակտիվ, նախաձեռնող և հետաքրքրված երիտասարդները, որոնք ունեն համապատասխան ակադեմիական պատրաստվածություն (հանդիսանում են բուհի ուսանող կամ շրջանավարտ), և ունեն ցանկություն ու նպատակասլացություն՝ դառնալու վերլուծաբան:

Կենտրոնին անդամակցող հիմնական և ասոցացված վերլուծաբանների (շուրջ 50 երիտասարդ)՝ սեփական հայեցողությամբ կատարված վերլուծական աշխատանքներն ու հոդվածները հրապարակվում են ԵՎՀԿ կայքի համապատասխան բաժիններում։ Հրապարակումների հիմնական մասը վերաբերում է Հայաստանի պետական-քաղաքական, հասարակական կարևոր գործընթացներին, արտաքին ու տարածաշրջանային քաղաքականությանը, տնտեսությանը, անվտանգության հարցերին, Արցախյան հիմնախնդրին և հասարակագիտական ու հումանիտար այլ ոլորտների առնչվող թեմաներին։

Աղբյուրը՝ http://armscoop.com