Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Անվճար առցանց կրթության հնարավորություններ

MOOCԱրագ զարգացող աշխարհում շարունակական ինքնակրթության և մասնագիտական կատարելագործման նշանակությունն անընդհատ աճում է: Էապես կարևորվում է կրթության անդադար հոսքը՝ սեփական գիտելիքները, հմտություններն ու կարողությունները շարունակ թարմացնելու ու խորացնելու և ինքնազարգացման համար: Համացանցի ընձեռած հնարավորությունները, առավել քան երբևէ, հեշտացնում են այդ գործընթացը:

Մյուս կողմից ընդգծվում է բարձրակարգ կրթության մատչելիության, մասնավորապես աշխարհի լավագույն համալսարանների կրթական ծրագրերը լայն զանգվածների համար հասանելի դարձնելու կարևորությունը՝ ելնելով այն սկզբունքից, որ թեև ժամանակակից աշխարհում որակյալ կրթության իրավունք ունեն բոլորը, սակայն ոչ բոլորն ունեն այն ստանալու հնարավորությունները։

Հենց այդ հնարավորությունները մատչելի դարձնելու և մարդկանց շարունակական ինքնակրթության գաղափարն է զանգվածային բաց առցանց դասընթացների (Massive open online courses, MOOC) ստեղծման հիմքում։ «Կրթություն բոլորի համար»՝ 2000-ական թթ․ զարգացող և 2010-ականներին թափ առած այս նոր երևույթի կարգախոսն է։ The New York Times-ը 2012 թվականնանվանեց «MOOC-ի տարի», քանի որ հենց այդ տարի մեկնարկեցին անվճար առցանց կրթություն առաջարկող լավագույն հարթակները՝  EdX-ը, Coursera-ն, Udacity-ն: 

ArmScoop-ը հետևում և պարբերաբար ներկայացնում է նմանատիպ տարբեր հարթակների կողմից առաջարկվող դասընթացների վերաբերյալ թարմ տեղեկություններ, որոնք կարող են առավելագույնս օգտակար լինել իրենց կրթական հնարավորությունները զարգացնել ցանկացող հայաստանցիների համար։

Ներկայացնում ենք առավել խոշոր և լավագույն դասընթացներ առաջարկող 6 MOOC հարթակները։

edXառցանց ուսուցման հարթակը, որպես ոչ առևտրային կազմակերպություն, հիմնադրվել է Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից 2012 թ․ մայիսին։ Համացանցին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր ոք կարող է edX-ի միջոցով մասնակցել աշխարհի ավելի քան 60 առաջատար համալսարանների կողմից առաջարկվող առցանց դասընթացներին։ Նման համալսարանների թվում են Հարվարդի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Կալիֆորնիայի համալսարանը (Բերկլի), Սորբոնի համալսարանները, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը (Caltech) և այլն։

edX հարթակում առկա է շուրջ 700 առցանց դասընթաց (2016 թ․ հունիսի դրությամբ), որոնք առաջարկվում են հումանիտար, սոցիալական, բնական, տեխնիկական գիտությունների ամենատարբեր թեմաներով, ինչպես նաև լեզուների ուսուցման, մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններով։ Դասընթացների հիմնական մասը, բացի մասնագիտական կրթության դասընթացներից, անվճար է յուրաքանչյուրի համար․ դասընթացների մի մասի համար շնորհվում են վճարովի հավաստագրեր, սակայն բոլոր դասանյութերը բաց են և անվճար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել edX հարթակում (ստեղծել անհատական հաշիվ), ապա մուտք գործել հարթակ և բացել ընտրված դասընթաց(ներ)ը։ Անհրաժեշտ է նկատի ունենալ նաև, որ գործնականում բոլոր բաց առցանց դասընթացները (դասանյութերը) հասանելի են մշտապես՝ նույնիսկ դրանց փաստացի անցկացման ժամկետի ավարտից հետո։

հարթակն, ի տարբերություն edX-ի,coursera առևտրային կազմակերպություն է և ամենախոշոր MOOC-ն աշխարհում։ coursera հարթակում 28 երկրի շուրջ 150 առաջատար ուսումնական հաստատություններ առաջարկում են ավելի քան 1900 առցանց դասընթաց (2016 թ․ հունիսի դրությամբ)՝ գրեթե բոլոր գիտաճյուղերի ամենատարբեր թեմաներով, ինչպես նաև լեզուների ուսուցման, մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններով։ Հիմնվել է Սթենֆորդի համալսարանի ինֆորմատիկայի պրոֆեսորներ Էնդրյու Ընի և Դաֆնե Քոլերի կողմից 2012  թ․ ապրիլին։

coursera–ում առաջարկվում են ինչպես անվճար զանգվածային բաց առցանց դասընթացներ, այնպես էլ վճարովի մասնագիտական ամբողջական  դասընթացներ՝ համապատասխան հավաստագրով, որը ճանաչվում է բազմաթիվ հաստատությունների և կազմակերպությունների կողմից։ 

Բաց առցանց դասընթացներին հնարավոր է մասնակցել երկու տարբերակով՝ անվճարեղանակով, որի դեպքում հասանելի են դասընթացի հիմնական նյութերը, և ընտրելով վճարովի փաթեթը, որը հնարավորություն է տալիս, ուսումնական տեսանյութերից բացի,  ձեռք բերել գնահատվող նյութերը, ստանալ ամփոփիչ գնահատական և հավաստագիր։ Դասընթացների ավարտին սովորաբար անհրաժեշտ է հանձնել դասընթացի ընթացքում ներկայացված նյութի յուրացման առցանց թեստ-քննություն։

Khan Academy

զանգվածային բաց առցանց հարթակը նույնպես շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է բարելավել կրթության որակը և դարձնել այն հասանելի ամենուրեք և ամենքին: Հիմնադրել է բանգլադեշյան ծագմամբ ամերիկացի նորարար ձեռնարկատեր, Հարվարդի համալսարանի շրջանավարտ Սալման Խանը 2006 թ․ Կալիֆորնիայում (նախքան այդ աշխատանքները սկսել էր իր զարմիկի համար կրթական տեսահոլովակներ ստեղծելով)։ Խան ակադեմիան համագործակցում է NASA-ի, Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանի, Կալիֆորնիայի գիտությունների ակադեմիայի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ։

Khan Academy-ն, ի տարբերություն նախորդների, դասական իմաստով դասընթացներ չի առաջարկում։ Փոխարենն այս կազմակերպությունը ստեղծումից ի վեր պատրաստում և ներկայացնում է կրթական տեսանյութեր (YouTube–ի ձևաչափով) ու գործնական վարժություններ և սովորողներին հնարավորություն է տալիս անհատական էջերի միջոցով առանձնացնել իրենց ուսումնական ողջ դասանյութն ու յուրացնել այն նախընտրած եղանակով ու ռեժիմով։ Հարթակիհիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ ուսումնական նյութերն ու դասընթացները նախատեսված են ինչպես մեծահասակ մասնագետների և ուսանողների, այնպես էլ դպրոցականների համար։ Առանձին ուսուցողական նյութեր և կրթական գործիքներ կան նաև ուսուցիչների համար։

Khan Academy–ն ուսումնական նյութեր ու առցանց դասեր է առաջարկում մաթեմատիկայի, բնական գիտությունների, ինֆորմատիկայի, հումանիտար գիտությունների և արվեստի պատմության, տնտեսագիտության թեմաներով և մի շարք կրթական թեստերի նախապատրաստության համար։ Հարթակի հիմնական լեզուն անգլերենն է, սակայն առկա են նաև ավելի քան 30 լեզվով (այդ թվում՝հայերեն) թարգմանված տեսանյութեր։ Khan Academy-ի ամբողջ բովանդակությունն անվճար է․ օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել մասնակցային հաշիվ։

Academic_Earth

ACADEMIC EARTH առցանց հարթակը գործարկվել է 2009 թվականին՝ առաջնորդվելով այն փիլիսոփայությամբ, որ աշխարհում յուրաքանչյուր ոք ունի համաշխարհային մակարդակի առաջնակրգ կրթության իրավունք, և պետք է հաղթահարել ակադեմիական աշխարհում առկա խոչընդոտները։ Հարթակում հրապարակվում են աշխարհի մի շարք առաջատար համալսարանների տեսագրված դասախոսություններ (Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆորնիայի համալսարան (Լոս Անջելես), Սթենֆորդի համալսարան, Եյլի համալսարան և այլն)։ Հասանելի են առցանցդասախոսություններ հումանիտար, սոցիալական, բնական, տեխնիկական գիտությունների ամենատարբեր թեմաներով, ինչպես նաև լեզուների ուսուցման, մասնագիտական հմտությունների զարգացման հնարավորություններով։ 

futurelearnհարթակը հիմնադրվել է 2012 թ․ դեկտեմբերին՝ հեռավար և առցանց ուսուցման երկարամյա փորձ ունեցող բրիտանական Բաց համալսարանի (Միլթոն Քեյնս) կողմից և ամերիկյան MOOC հարթակների օրինակով․ Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջին նման հարթակն է։ Համագործակցում է բրիտանական և աշխարհի առաջատար այլ համալսարանների, ինչպես նաև կրթական ու մշակութային հսկայական պաշարներ ունեցող ոչ համալսարանական կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ, Բրիտանական թանգարանը, Բրիտանական խորհուրդը, Բրիտանական գրադարանը, BBC-ին և Ազգային կինոյի և հեռուստատեսության դպրոցը:

Futur Learnդասընթացներն ընդգրկում են թեմաների լայն շրջանակ՝ սկսած Մեծ Բրիտանիայի ու համաշխարհային պատմությունից, միջազգային հարաբերություններից ու քաղաքագիտությունից մինչև բնական գիտություններ և տնտեսագիտական թեմաներ։ Որոշակի դասընթացներ խմբավորված են առանձին թեմատիկ հավաքածուներում։ Բոլոր զանգվածային բաց առցանց դասընթացները հիմնականում անվճար են․ օգտվելու համար անհրաժեշտ է ստեղծել մասնակցայինհաշիվ։

OpenupEdhարթակը համաեվրոպական զանգվածային բաց առցանց դասընթացների նախաձեռնություն է: Հիմնվել է 2013 թ. ապրիլին Հեռավար ուսուցման համալսարանների եվրոպական ընկերակցության (EADTU) կողմից և Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցությամբ՝ Erasmus + ծրագրի շրջանակներում։ Համագործակցու է ԵՄ  անդամ 11 երկրներից, ինչպես նաև Կանադայից, Ռուսաստանից, Իսրայելից և Թուրքիայից մեկական բաց համալսարանների, կրթական կազմակերպությունների կամ MOOC նախաձեռնությունների հետ։

OpenupEd-ի նպատակն է համացանցին հասանելիություն ունեցող յուրաքանչյուր մարդու շնորհել առցանց ամբողջական անվճար դասընթացներ։ Առկա են թեմաների լայն շրջանակ ընդգրկողդասընթացներ ինչպես անգլերեն, այնպես էլ մի շարք այլ լեզուներով (ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իտալերեն, արաբերեն և այլն)։

Բացի վերոնշյալ հարթակներից, առկա են նաև այլ՝ հիմնականում շահույթ հետապնդող կազմակերպություններ, որոնք մասնագիտացված զանգվածային առցանց դասընթացներ են շնորհում մասամբ անվճար կամ վճարովի հիմունքներով։ Ամենահայտնիներից են, օրինակ,Udacity-ն (ինֆորմատիկայի և ծրագրավորման ոլորտներում), Kadenze-ն (տեխնոլոգիաներ և արվեստ), Eliademy-ն (հասանելի են նաև այլ լեզուներով) և այլն։

Աղբյուրը՝ armscoop.com