Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հումանիտար գիտությունների ֆակուլտետն ընտրեց ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ս.թ. դեկտեմբերի 24-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցան ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություններ:

ՈՒԳԸ նախագահի թեկնածուներն էին «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արման Մատինյանը և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Սահակյանը:

Ընտրությանը մասնակցում էին ֆակուլտետի 48 ուսանողներ, ինչպես նաև մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահը, փոխնախագահը, մյուս ֆակուլտետների ՈՒԳԸ-ի նախագահները:

Նախ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործող նախագահ Միկիչ Փարսադանյանը ներկայացրեց կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Ապա իր խոսքն ասեց մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով ՈՒԳԸ-ի գործող նախագահին գրեթե 3 տարի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ղեկավարելու և կազմակերպչական գործունեություն ծավալելու համար:

Այնուհետև թեկնածուները հակիրճ ներկայացրին իրենց ծրագրերը:

Փակ ընտրությունների արդյունքում 33 ձայնով ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ ընտրվեց Մերի Սահակյանը:

Ներկաները շնորհավորեցին նրան և մաղթեցին կազմակերպչական բուռն գործունեություն:

Զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը

Ս.թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում գիտական զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլ. Միքայելյանը: Զեկուցման թեման էր «Հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը»:

Ներկա էին Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոսներ, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Վլ. Միքայելյանը բավականին հանգամանորեն ու բովանդակալից կերպով ներկայացրեց հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը՝ նախորդ դարի ձեռքբերումներից մինչև այսօրվա նվաճումները:

Թեման հետաքրքիր էր. տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որին մասնակցեցին թե՛ ուսանողները և թե՛ դասախոսները:

Նախատոնական հանդիպում

   2012թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա տնօրեն Ս.Ա.Առաքելյանի նախատոնական հանդիպումը հաստատության աշխատակիցների, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամների հետ:                          Տնօրենություն

Ստեղծագործում են մեր ուսանողները

Ս.թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երկու գրքերի շնորհանդես: Ներկա էին ՀԳՄ նախագահ Լ.Անանյանը, ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը, պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի ղեկավար Կ.Դավթյանը, Գրական ստուդիայի ղեկավար Ս.Մխիթարյանը, դասախոսներ, ուսանողներ:

2011 թ. Երևանի պետական համալսարանը և Արցախի պետական համալսարանը կազմակերպել էին ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին:

Առաջին գրքում, որը կրում է «Քայլեր և արձագանք» վերնագիրը, ամփոփված են այդ մրցույթի լավագույն ստեղծագործությունները:

Երկրորդ գիրքը, որը «Գրական համալսարան» շարքի հերթական գիրքն է, կոչվում է «Ստեղծագործում են ուսանողները» և նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Այստեղ ընդգրկված են տարբեր տարիներին ստեղծագործած ուսանողների, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 ուսանողների՝ Սլավիկ Ալավերդյան, Լիլիթ Քալանթարյան (ԿՄ/Ֆ 4-րդ կուրս), Գոհար Ամիրխանյան, Լիանա Ափինյան (Սերվիս 3-րդ կուրս) աշխատանքները:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպել էր տոնական միջոցառում, որի ընթացքում հնչեցին գրքերում տեղ գտած ստեղծագործությունների արտասանություններ, երգեր, բեմադրվեցին փոքրիկ ներկայացումներ:

Գրադարանում անգամ տոնածառն է գրքերից

Ս.թ. դեկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջին կուրսերի 4 ուսանողներ (Մենուհի Նազարյան, Քնար Մանուկյան, Հակոբ Գասպարյան, Ամիրան Գալավորյան) նախաձեռնեցին մասնաճյուղի գրադարանում գրքերից տոնածառ պատրաստել:

Նախաձեռնությունը հավանության արժանացավ գրադարանի վարիչի և աշխատակիցների կողմից, ովքեր նրանց տրամադրեցին մոտ 200 գիրք: Ուսանողները գրքերից պատրաստեցին ավելի քան մեկ մետր բարձրությամբ տոնածառ, որն այնուհետև զարդարեցին փայլերով, զարդերով և լույսերով:

Նրանց նպատակն էր ավելի պայծառ դարձնել ԵՊՀ ԻՄ ուսանողների առօրյան, ինչպես նաև դրանով խթանել ուսանողների մուտքը գրադարան:

Կարդալ ավելին