Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՀՀ կառավարությունը հայտարարում է մրցույթ

Առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողներին հայտնում ենք, որ ՀՀ կառավարությունը կրթաթոշակ տրամադրելու նպատակով հայտարարում է մրցույթ:

Հայտատու ուսանողը պետք է բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին.

  • սոցիալապես անապահով (ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող) ընտանիքների անդամ,
  • միակողմանի ծնողազուրկ ուսանող,
  • երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,
  • հեռավոր լեռնային և սահմանամերձ գյուղերի ուսանող,
  • տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով առավել բարձր գնահատականներ ունեցող ուսանող,
  • հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող,
  • պատշաճ վարքագիծ դրսևորող ուսանող:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 1-ն է։

 Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):

Կրթաթոշակի տրամադրման մասին այլ մանրամասների կարելի է ծանոթանալ ՀԵՀ-ի պաշտոնական կայքում` http://heh.am:

Կ Ա Ր Գ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում  չընդգրկված, բարձր առաջադիմություն և հասարակական ակտիվություն ունեցող առաջին և երկրորդ կուրսերի ուսանողներին կրթաթոշակների տրամադրման մասին

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է

Սիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գրքահավաք՝ Տավուշի մարզի մի քանի սահմանամերձ գյուղերի դպրոցներին և գյուղական գրադարաններին հատկացնելու համար:

Գրքերը կարող են լինել ցանկացած լեզվով և ցանկացած ուղղվածության:

Յուրաքանչյուր ուսանող կարող է իր փոքրիկ ներդրումն ունենալ այս հայրենանվեր գործին:

Գրքերը կարող եք տրամադրել Ձեր ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահին կամ թողնել Ձեր ֆակուլտետի դեկանատում մինչև 2013 թ. փետրվարի 24-ը:

Ցանկության դեպքում գրքերի մեջ կարող եք գրել Ձեր անունը, ազգանունը, մասնագիտությունը և կուրսը:

ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերություն

Հանդիպումներ աշակերտների հետ

Նորաստեղծ Մինչհամալսարանական կրթության և մասնագիտական կողմնորոշման բաժնի հաստատված աշխատանքային պլանի համաձայն` դպրոցներում մասնագիտական  կողմնորոշում տալու, ընդունելության կարգի մասին տեղեկացնելու և կրթական ծրագրերի ու մասնագիտությունների մասին տեղեկատվությունը մատչելի դարձնելու նպատակով բաժնի վարիչ Վ.Չոբանյանը 2012թ. հոկտեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 19-ը հանդիպումներ ունեցավ Տավուշի մարզի 33 դպրոցների 12-րդ դասարանցիների հետ:

Հանդիպմանը մասնակցում էին նաև դպրոցի տնօրենները և ուսուցիչներ:

 

 Գրեթե բոլոր տնօրեններն իրենց ելույթներում ողջունեցին ԵՊՀ ԻՄ  ղեկավարության կողմից նոր բաժնի ստեղծումը և կարևորեցին բուհ–դպրոց փոխադարձ կապի հաստատումն ու զարգացումը:

 

Հարցեր ուղղեցին նաև աշակերտները` կապված ընդունելության կարգի, կրթական ծրագրերի, մասնագիտությունների առկա և հեռակա համակարգերում սովորելու տարիներին զեղչերի հատկացման, առկա համակարգում փոխատեղման կարգի և բազմաթիվ այլ խնդիրների վերաբերյալ:

 

Բաժնի վարիչ Վ.Չոբանյանը նշեց, որ առկա և հեռակա համակարգերի դիմորդների հետ ողջ տարվա ընթացքում տեղեկատվական և կազմակերպչական աշխատանքները շարունակական բնույթ են կրելու:

 

Առաջիկայում բաժինը պատրաստվում է մարզի տարբեր դպրոցներում իրականացնել ակնարկային դասախոսություններ, ինչպես նաև ԵՊՀ ԻՄ–ում անցկացնել դպրոցական  օլիմպիադա:

Պարգևատրվեց մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերությունը

        Ս.թ. դեկտեմբերի 28-ին Երևանի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունն ամփոփեց 2012-2013 ուստարվա առաջին կիսամյակի գործունեությունը:

        ՈՒԳԸ-ի ընդլայնված նիստին ներկա էին ընկերության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, բազմաթիվ ակտիվ անդամներ, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, ուսանողների հետ տարվող աշխատանքների բաժնի վարիչ Վահագն Վարագյանը և ուսանողական խորհրդի նախագահ Ռաֆֆի Քարամյանը:

            ՈՒԳԸ-ի նախագահ Միքայել Մալխասյանը ներկայացրեց կիսամյակի գործունեությունը: Այս կիսամյակի ընթացքում ՈՒԳԸ-ն կազմակերպել է 19 գիտաժողով, որոնցից 7-ը՝ միջբուհական, 8 օլիմպիադա, 40 արտահամալսարանական միջոցառում, սեմինարներ, ֆիլմի դիտումներ, քննարկումներ և այլ բնույթի ավելի քան 140 միջոցառում:

   Ապա կայացավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված հանրապետական երիտասարդական գիտաժողովի հոդվածների ժողովածուի շնորհանդեսը:

Պատվոգրեր հանձնեցին երկու ֆակուլտետների ՈՒԳԸ-ների կազմակերպած վերջին գիտաժողովների մասնակիցներին, որոնց թվում էին մեր մասնաճյուղի ուսանողներ Մերի Սահակյանը և Սլավիկ Ալավերդյանը:

           Այնուհետև տեղի ունեցավ պարգևատրման արարողությանը: Պարգևների արժանացան «գերազանց» և «գերազանց վերապահումով» գնահատականներ ստացած ֆակուլտետների ՈՒԳԸ-ները: ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ՈՒԳԸ-ն ընդհանուր հաշվարկով զբաղեցրել էր 5-րդ տեղը (նախորդ կիսամյակի համեմատ բարելավել է ցուցանիշը երկու տեղով) և արժանացել «գերազանց վերապահումով» գնահատականի: Պարգևն ստացավ մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը:

            Պարգևատրվեցին նաև յուրաքանչյուր ՈՒԳԸ-ի մեկական ակտիվ անդամ. մեր մասնաճյուղից պարգևատրվեց «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ադամյանը:

          ՈՒԳԸ-ի նախագահը, Ռ. Մարկոսյանը, Վ. Վարագյանը և Ռ. Քարամյանը շնորհավորեցին բոլորի գալիք Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով գիտական ակտիվության և նորանոր ձեռքբերումների տարի: