Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Գիտական խորհրդի նիստ

1. գլխավոր 

 2023թ. փետրվարի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Գիտական խորհրդի՝ այս տարվա առաջին նիստը, որը նախագահում էր Ա. Հ. Մակարյանը:

Գիտխորհրդի նիստում հաստատվեցին ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2022-2023 ուստարվա երկրորդ կիսամյակի նիստերի ժամանակացույցը, 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակի անվանական կրթաթոշակ ստացող ուսանողների ցուցակը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հակակոռուպցիոն ծրագրի իրականացման աշխատանքները համակարգող հակակոռուպցիոն հանձնաժողովի կազմը, ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդի՝ 2022թ. մարտի 12-ի 58/4 որոշմամբ հաստատված ԵՊՀ ԻՄ-ի աշխատողներին աշխատանքի որոշ տեսակների կատարման համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը՝ նոր խմբագրությամբ:

Նիստում քննարկվեցին նաև ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձավճարների չափերին, ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2021-2022 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2022թ․ կատարման արդյունքներին, ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականին վերաբերող հարցեր:

Լրավճարների հաշվարկման և վճարման կարգում առաջարկված փոփոխությունները վերաբերում էին ԵՊՀ ԻՄ-ի գիտխորհրդով երաշխավորված դասախոսությունների կամ ուսումնական ձեռնարկների հրապարակմանը, ԵՊՀ ԻՄ-ում միջազգային կամ տեղական գիտաժողովների/ամառային դպրոցների կազմակերպմանը, հետազոտական ինքնուրույն աշխատանքների թեմաներով ԵՊՀ ԻՄ-ի ուսանողի կողմից հրապարակված աշխատանքի ղեկավարմանը:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձավճարների չափերի հետ կապված՝ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության՝ 2023թ. հուվարի 27-ի նիստում հարցը քննարկվել է, և որոշվել է առաջարկել ԵՊՀ ԻՄ-ի գիտական խորհրդին ոչ մեծ չափով (հիմնականում 20 և 30 հազար ՀՀ դրամի չափով) փոփոխություններ կատարել ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա ուսման վճարների չափերում:

Նիստում որոշվեց հավանություն տալ ԵՊՀ ԻՄ-ի՝ 2023-2024 ուստարվա ուսման վարձավճարների չափերի նախագծին:

ԵՊՀ ԻՄ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ 2021-2022 ուստարվա ուսանողական հարցումների արդյունքների մասին նշվեց, որ այդ հարցումները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կրթության որակի բարելավմանն ուղղված գործընթացներից են: Ուսումնամեթոդական վարչությունը ֆակուլտետների հետ համատեղ հարցումները կազմակերպել է համաձայն «Երևանի պետական համալսարանում դասավանդման որակի և արդյու­նավետության վերաբերյալ ուսանողների հարցման կարգ»-ի, հարցաշարի և ժամանա­կացույցի (առաջին կիսամյակի հարցումներն իրականացվել են փետրվարի 5-ից մինչև 20-ը՝ առկա ուսուց­մամբ սովորողների և մարտի 10-ից մինչև 25-ը՝ հեռակա ուսուց­մամբ սովորողների համար, իսկ երկրորդ կիսամյակի հարցումները՝ հուլիսի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ը՝ առկա և հեռակա ուսուց­մամբ սովորողների համար): Թե՛ առկա, թե՛ հեռակա ուսուցման համակարգերում հար­ցում­ներն իրակա­նաց­վել են առցանց եղանակով, համալսարանական էլեկտրոնային հասցեների միջոցով:

2021-2022 ուստարվա I կիսամյակի հարցումներին մասնակցել են մասնաճյուղի՝ առկա ուսուցման 335 ուսանող (ուսանողական հիմ­նական համակազմի 58.26 %-ը), հեռակա ուսուցման 42 ուսանող (ուսանողական հիմ­նական համակազմի 6.81 %-ը): II կիսամյակի հարցումներին մասնակցել են առկա և հեռակա ուսուցման քիչ թվով ուսանողներ, հետևաբար՝ այդ հարցումների վերլուծությունը օբյեկտիվ պատկեր կարող է արտա­հայ­տել միայն I կիսամյակի հարցումների հիման վրա (3 տարիների համեմատությամբ):

Հարցաշարի առաջին երկու հարցերի դեպքում, որոնք վերաբերում են քննաշրջանի ընթացքում դրամի դիմաց կամ հարկադրված մասնավոր պարապմունքների միջոցով գնահատականներ ստանալուն, «այո» պատասխան չի գրանցվել: Դեկանատի աշխատակիցների վերաբերյալ գրանցված ցուցանիշով ամենաբարձրը առկա ուսուցման համակարգում Բնական գիտությունների ֆակուլտետն  է:

Առաջարկվեց ուսանողների շրջանում իրականացնել իրազեկման և էլեկտրոնային հասցեների հետ կապված տեխնիկական խնդիրների շտկման աշխատանքներ՝ հարցումներին նրանց մասնակցության բարձր ցուցանիշ և օբյեկտիվ պատկեր ապահովելու նպատակով:

Հաջորդ հարցի կապակցությամբ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 3 նպատակների 19 խնդիրների 101 գործողությունների իրականացման համար մշակվել է մարտավարություն, որը ներառել է շուրջ 307 նպատակային քայլեր՝ 325 ակնկալվող ցուցիչներով:

2022թ․ կարճաժամկետ պլանը ներառել է ամբողջ պլանի մարտավարական քայլերի  70%-ը (215 քայլ). 92-ը իրականացվելու է հետո: 2022թ․ ապրիլից դեկտեմբեր ամիսներին ռազմավարական պլանի 19 խնդիրների 101 գործողությունների մարտավարական 215 քայլերից իրականացվել  կամ ընթացքի մեջ է 66%-ը, իսկ 34%-ի շուրջ աշխատանքներ չեն կատարվել:

Չիրականացված գործընթացների առումով նշվեց, որ ըստ ՌԾ-ի իրականացման պլան-ժամանակացույցի՝ բավականին գործընթացների իրականացման համար վերցված են ավելի երկար ժամկետներ: Դրանք, իհարկե, ներառվել են կարճաժամկետ պլանի մեջ այն միտումով, որ ստորաբաժանումները կձեռնարկեն տրված ուղղություններով անհրաժեշտ քայլեր, կկատարեն նախապատրաստական աշխատանքներ՝ բուն արդյունքին հասնելու համար: Այդ է պատճառը, որ կարճաժամկետ պլանով նախատեսված գործընթացների գրեթե 50%-ը կա՛մ ընթացքի մեջ է, կա՛մ չի սկսվել անհրաժեշտ նախապայմաններ չլինելու պատճառով:

ԵՊՀ ԻՄ-ի զարգացման՝ 2022-2026 թթ․ ռազմավարական ծրագրի 2022թ․ կատարման արդյունքների մասին հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականի վերաբերյալ մասնավորապես նշվեց, որ հաշվետու տարում ԵՊՀ ԻՄ-ի դրամական միջոցների մուտքերը (եկամուտները) կազմել են 491.630.1 ՀՀ դրամ, իսկ ելքերը (ծախսերը)՝ 530.578.9 ՀՀ դրամ:

Մուտքերի ամենամեծ հոդվածն առաջացել է վճարովի ուսուցման ծառայություններից (266.055.8 ՀՀ դրամ) և պետական բյուջեից ստացվող ֆինանսավորումից (141.843.0 ՀՀ դրամ):

Ծախսերի ամենամեծ հոդվածը «Աշխատանքի վարձատրությանն ուղղվող միջոցներ և դրան հավասարեցված վճարումների ծախսեր»-ն են, որոնք կազմել են 446.869.0 ՀՀ դրամ:

ԵՊՀ ԻՄ-ի՝ 2022թ. եկամուտների և ծախսերի նախահաշվի (բյուջե) կատարողականի մասին հաղորդումն ընդունվեց ի գիտություն:

Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վերոնիկ Նուեն մասնաճյուղում

1. գլխավոր

 

 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում  երեքշաբաթյա այցով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում է Փարիզի Ստեֆան Մալարմեի անվան քոլեջի դասախոս Վերոնիկ Նուեն: Նա դասավանդում է ԵՊՀ ԻՄ-ի «Օտար լեզու և գրականություն»  մասնագիտության ուսանողներին՝ զարգացելով ֆրանսերենի բանավոր հաղորդակցման նրանց հմտությունները: Այդ առիթով տիկին Վերոնիկ Նուեի հետ ունեցանք հարզազրույց, որին նախորդեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ Վ.Նուեի և մասնաճյուղի «Ֆրանսերեն լեզու և գրականություն» կրթական ծրագրի ղեկավար Ա.Մարդանյանի հանդիպումը: Կողմերը քննարկեցին  ուսումնական գործընթացին, ԵՊՀ ԻՄ-ի հետ Վերոնիկ Նուեի համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր:  

Այնուհետև ներկա գտնվեցինք Վ.Նուեի դասին և նրա հետ անցկացրինք փոքրիկ հարցազրույց, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Տիկի՛ն Վերոնիկ, խնդրում ենք պատմել Ձեր ծննդավայրի, ընտանիքի և կրթության մասին:

-Ես ծնվել եմ Ֆրանսիայի հարավային Օքսիտանի մարզի Գարդ շրջանի Բանյոլ սյուղ Սեզ փոքրիկ քաղաքում, որն ունի 18 000 բնակիչ: Քանի որ այստեղ կլիման մեղմ է՝ չնայած շատ շոգ ամառներին, բնակչության հիմնական զբաղվածությունը խաղողագործությունն է: Բանյոլ սյուղ Սեզ քաղաքը մոտ է Նիմ և Ավինյոն քաղաքներին:

 

Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել Ձեր մասնագիտական գործունեությունը:

-Արդեն 32 տարի է, ինչ ես ֆրանսերեն եմ դասավանդում Ֆրանսիայում կամ արտերկրում՝ որպես օտար լեզու: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը, որը կատարում եմ հաճույքով:

 

Հետաքրքիր ի՞նչ դրվագ կհիշեք համալսարանական կյանքից:

-Ես հիշում եմ իմ դասախոսներից մեկին, որը սիրում էր դասավանդել՝ գրասեղանի վրա ծալապատիկ դիրքով նստած: Դա մի քիչ արտասովոր էր:

 

Ո՞րն է, ըստ Ձեզ, դասախոսի/ուսուցչի հիմնական առաքելությունը:

-Դասավանդողի հիմնական առաքելությունը սովորողի մեջ կրթության նկատմամբ սեր և գիտելիքները խորացնելու ցանկություն առաջացնելն է:

 

Ձեր փորձից ելնելով՝ դասավանդման և ուսումնառության ո՞ր մեթոդներն են առավել արդյունավետ:

-Ամենաարդյունավետ մեթոդները ինտերակտիվ (փոխներգործուն) մեթոդներն են, որոնք ուսանողներին մղում են ակտիվության: Օրինակ, լեզվի դասերին ուսուցանողը պետք է խթանի ուսանողների ինքնուրույն խոսքի զարգացումը հարցերի, զեկուցումների կամ դերախաղերի միջոցով: Ուսուցանողի դերը պետք է նվազագույնի հասցնել, նա ընդամենը պետք է ուղղորդող լինի:

 

Աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք, ինչի՞ց եք ոգեշնչվում:

-Օրական մեկ ժամ տրամադրում եմ քայլելուն, ազատ ժամանակ հաճախ գնում եմ կինո կամ թատրոն:

 

Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

-Իմ կարծիքով՝ ամենակարևորը մարդու առողջությունն է, մնացած ամեն ինչը հնարավոր է ձեռք բերել:

 

Ունե՞ք կարգախոսորով առաջնորդվում եք կյանքում:

-Իմ կարգախոսն է ամեն ինչ անել՝ նպատակին հասնելու համար:

 

Ի՞նչ խորհուրդ կտաք մեր երիտասարդներին և հատկապես ուսանողներին:

-Խորհուրդ կտամ երբեք թևաթափ չլինել, չհուսահատվել, երբ մարդ հույսն իր վրա է դնում, ողջ տիեզերքը նպաստում է նրա նպատակի իրականացմանը:

 

Ինչպիսի՞ն են Ձեր տպավորություններն ու սպասելիքները ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներից:

-ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների ֆրանսերենի իմացության մակարդակն իսկապես տպավորիչ է: Կարող եմ միայն շնորհավորել և քաջալերել, որ նույն ոգևորությամբ խորացնեն իրենց գիտելիքները: Իմ երեքշաբաթյա այցի ընթացքում մենք կշարունակենք փոխադարձաբար բացահայտել մեր երկու բարեկամ ժողովուրդների մշակույթը:

Ցանկանում եմ օգտվել առիթից և շնորհակալություն հայտնել համալսարանի տնօրենությանը, դասախոսական անձնակազմին և ուսանողներին՝ ջերմ ընդունելության համար:

 

Հարցազրույցը վարեց Հասմիկ Վանյանը:

Համալսարանականները «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարի համայնքային փուլում գրավեցին մրցանակային տեղեր

IMG_E9345

 Հայաստանի Հանրապետությունում սեղանի թենիսի մասսայականացման, բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ կենսակերպի գաղափարի արմատավորման նպատակով արդեն երկրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը, որի աշխատանքները համակարգում  է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:

2023թ. փետրվարի 17-ին Իջևանի՝ Գուրգեն Էդիլյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլը, որին մասնակցում էին Իջևանի, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի, Կայանավանի, Աչաջրի, Այգեհովիտի 50 լավագույն մարզիկ-մարզուհիներ:

Խաղերը կայացան երկու տարիքային խմբերով (18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ): 

I-III տեղեր գրաված մարզիկ-մարզուհիները կմասնակցեն ս.թ. փետրվարի 24-ին կայանալիք մարզային առաջնությանը:

18-40 տարիքային խմբում հաջող հանդես եկան ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողուհիները:

1-ին տեղը գրավեց «Ֆինանսներ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Թիրաբյանը:

2-րդ տեղը գրավեց «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Անի Գրիգորյանը, 3-րդ տեղը՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» մասնագիտության երկրորդ կուրսի  ուսանողուհի Մարիամ Աֆյանը:

Մյուս տարիքային խմբում (41 և բարձր տարիքի) հաջող հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի ասիստենտ Վարդիթեր Պողոսյանը՝ գրավելով 2-րդ տեղը:

«ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի՝ ս.թ. փետրվարի 24-ին կայանալիք մարզային փուլում I-III տեղեր գրաված մարզիկ-մարզուհիները մարտին կմասնակցեն հանրապետական փուլին:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք մեր համալսարանականներին՝ մաղթելով հաղթանակներ մրցաշարի առաջիկա  փուլերում: 

Կայացավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության մագիստրոսական թեզերի պաշտպանությունը

1. գլխավոր
  2023թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտության «Դպրոցական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրի ավարտական կուրսի մագիստրոսական թեզերի պաշտպանությունը:

Նախքան պաշտպանությունը մասնակիցներին ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ հանձնաժողովի աշխատանքներին մաղթելով բարի ընթացք, իսկ ապագա մագիստրոսներին ցանկացավ հաջողություն՝ իրենց մասնագիտական կոմպետենցիաները պաշտպանության ընթացքում անկաշկանդ և լիարժեք դրսևորելու համար:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Կապանի մասնաճյուղի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը:

Պաշտպանությանը մասնակցում էր 13 ուսանող (1 ուսանող նախորդ տարվանից):

Աշխատանքներն իրականացված էին ըստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում հեռակա ուսուցման մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի:

Մագիստրոսական թեզերի պաշտպանության արդյունքների համաձայն՝ 7 ուսանող ստացավ «գերազանց», 6 ուսանող՝ «լավ». գերազանցության դիպլոմ կստանա 6 շրջանավարտ:

Ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովն իր գոհունակությունն արտահայտեց շրջանավարտների պատրաստվածության մակարդակի վերաբերյալ: Աշխատանքների թեմաներն արդիական էին, դրանք հիմնականում նվիրված էին մանկավարժության ժամանակակից մեթոդներին վերաբերող խնդիրներին: Դրանց բնորոշ էին հետազոտական և փորձարարական տարրերի առկայությունն ու վերհանված խնդիրների համակողմանի ուսումնասիրությունը, շրջանավարտների կողմից մասնագիտական գրականության հմուտ շրջանառումը:

Հանձնաժողովի կարծիքով՝ թեզերի թեմատիկան և իրականացման մակարդակը համապատասխանում էր որակավորմանը:

Հետագա բարելավման ուղղությամբ հանձնաժողովն առաջարկել է թեզերի թեմաները ձևակերպել ոչ ընդհանրական, այլ կոնկրետ և հստակ, ներկայացման ժամանակ համառոտ անդրադառնալ բոլոր բաժինների բովանդակությանը:

ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից սիրով շնորհավորում ենք «Ընդհանուր մանկավարժություն» մասնագիտությամբ մագիստրատուրայի 2023թ. շրջանավարտներին՝ նրանց մաղթելով նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ մասնագիտական ոլորտում և անձնական կյանքում, ստացած գիտելիքները մեր երկրի զարգացմանը և առաջընթացին անմնացորդ ծառայեցնելու կամք, եռանդ և նպատակասլացություն:   

Արգենտինայի ազգային համալսարանի ասիստենտ Ալբերտո Սալվատիերայի այցը մասնաճյուղ

1. գլխավոր

 

 2023թ. հունվարի 27-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ էր այցելել Արգենտինայի ազգային համալսարանի ասիստենտ, ԵՊՀ ԻՄ-ի գործընկեր “Armenian Volunteer Network” (AMVN) / «Հայ կամավորական ցանց» բարեգործական կամավորական կազմակերպության իսպաներեն լեզվի ուսուցման ծրագրերի համակարգող Ալբերտո Սալվատիերան:

Նախ տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանի և փոխտնօրեն Մհեր Օթարյանի հետ Ալբերտո Սալվատիերայի հանդիպումը, որին մասնակցում էր նաև Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ Էմմա Թեմրազյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմ համագործակցության վերաբերյալ ծրագրերը: Ա.Սալվատիերան խոսեց իսպաներենի անվճար առցանց դասընթացների մասին, որոնք նա անցկացնում է մեր ուսանողների հետ, և նշեց, որ հաջորդ ուսումնական տարում մտադիր է ավելի երկար ժամանակով այցելել Հայաստան և մի քանի ամիս դեմ առ դեմ աշխատել հայ ուսանողների հետ: Նա ԵՊՀ ԻՄ-ին նվիրեց Եգիպտոսի մասին իր հեղինակած գիրքը, և նշեց, որ նմանատիպ գիրք պատրաստվում է հրատարակել Հայաստանի վերաբերյալ: Ա.Սալվատիերան նաև ներկայացրեց Բոստոնի լրագրերից մեկում Հայոց ցեղասպանության մասին հրատարակված իր հոդվածը («Արգենտինայում ցեղասպանության մասին կրթության խթանումը» թեմայով Ա.Սալվատիերայի կողմից ներկայացված շնորհանդեսի վերաբերյալ հոդվածը տե՛ս հետևյալ հղումով՝ https://armenianweekly.com/2022/05/04/promoting-genocide-education-in-argentina/:

Ա.Մակարյանը շնորհակալություն հայտնեց Ա.Սալվատիերային՝ Հայաստանի և հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ նրա ցուցաբերած վերաբերմունքի և ուշադրության, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա ուսումնասիրության համար, պատրաստակամություն հայտնեց աջակցելու ուսումնասիրվող թեմայով անհրաժեշտ մասնագիտական գրականության և տեղեկատվության ձեռքբերման հարցում և համոզմունք արտահայտեց արդյունավետ փոխհամագործակցությունը խորացնելու և զարգացնելու ուղղությամբ:

Հանդիպման վերջում ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքներից մեկը (Հաղարծնի վանական համալիրի պատկերով) մասնաճյուղի անունից նվիրեց Ա.Սալվատիերային:

Այնուհետև Ալբերտո Սալվատիերան ԵՊՀ ԻՄ-ի անգլերենի ռեսուրս կենտրոնում մեր ուսանողների համար անցկացրեց 2021թ. սեպտեմբերից մեկնարկած իսպաներենի վեցամսյա առցանց դասընթացի հերթական դասը՝ այս անգամ դեմ առ դեմ: Դասընթացին մասնակցող ուսանողների խումբը ձևավորվել է օգոստոսից, «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողներից:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ կատարած այցի վերջում արգենտինացի հյուրի համար կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Գոշավանք և Հաղարծնի վանական համալիր՝ Է.Թեմրազյանի և իսպաներենի դասընթացի ուսանողական խմբի մասնակցությամբ:

Նշենք, որ Ալբերտո Սալվատիերան Հայաստանում է գտնվում ս.թ. հունվարի 16-ից: Այցի հիմնական նպատակն է ոչ առցանց դասեր անցկացնել իսպաներեն լեզվի դասընթացների մասնակից հայ ուսանողների հետ, ինչպես նաև ծանոթանալ Հայաստանին, հայոց պատմությանն ու հայկական մշակույթին:

Արգենտինացի երիտասարդ դասախոսի մասնագիտացումը մարդու իրավունքների ոլորտն է, և Հայաստան այցից հետո նա պատրաստվում է հրատարակել Հայոց ցեղասպանությանը նվիրված իր մենագրությունը:

Նա եղել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր-թանգարանում, Մատենադարանում, Օպերայում, Էջմիածնի վանական համալիրում, Խոր Վիրապում, Տառերի պուրակում (Հայոց այբուբենի հուշարձան): Դեմ առ դեմ դասեր է անցկացրել «Գլաձոր» համալսարանի և Երևանի պետական հումանիտար քոլեջի ուսանողների հետ:

Ջերմությամբ ու անկեղծությամբ են համակված հարցազրույցներից մեկում (հարցազրուցավար՝ Էլիզա Հովհաննիսյան, թարգմանիչ՝ Լիլիթ Սահակյան) հայ ժողովրդի նկատմամբ Ալբերտո Սալվատիերայի արտահայտած վերաբերմունքն ու Հայաստան կատարած այցի մասին տպավորությունները. «Անկեղծ ասած՝ ես երբեք չեմ մտածել, որ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կփոխի իմ կյանքը, կփոխի իմ զգալու և ներգրավվելու ձևը, բայց ամենից առաջ՝ աշխարհն ու մարդկությանը հասկանալու իմ ձևը: Այն, ինչ սկսվեց որպես ակադեմիական հետաքրքրություն, դարձավ կյանքիս էական մասը: Թեև ես ինձ համարում եմ սառը և ուժեղ անձնավորություն, Ցեղասպանության ուսումնասիրությունը և իմ այցը Հայաստան բառիս բուն իմաստով հոգուս խորքում ինձ մարդկայնացրել են: Բառերը բավարար չեն շնորհակալություն հայտնելու այս ազգին՝ ի դեմս այն մարդկանց, ում հետ առնչվել եմ… շնորհակալություն հայտնելու առ այն, որ իրենց սրտերն ու դռներն են բացել իմ առաջ և ստիպել են ինձ զգալ որպես իրենցից մեկը: Թո՛ղ Աստծո օրհնությունը միշտ լինի Հայաստանի հետ: Խաղաղություն եմ մաղթում տոկունության օրինակ մեր Հայաստանին»: