Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը

2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը, որի նախագահ նշանակվեց Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահագն Էդիկի Չոբանյանը:

Նպատակը երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելը, արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելն ու ազգային մտածողությամբ երիտասարդներ դաստիարակելն է:

Բացման արարողությանը հրավիրված էին Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը, Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրեն Ս.Առաքելյանը` կարևորելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը մեր երկրի անվտանգության, խաղաղության և հզորացման կարևոր երաշխիքն ու գրավականն է:

Ապա ելույթ ունեցան զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը և Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, փոխգնդապետ Հ.Սահակյանը` շնորհավորելով ակումբի բացման կապակցությամբ և մաղթելով բեղուն գործունեություն:

Ակումբի գործունեությունն ընդգրկելու է մեր ուսանողների կողմից տարբեր տոնական միջոցառումների կազմակերպում, այցեր սահմանային գյուղեր, հանդիպումներ վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, այցելություններ զոհված ազատամարտիկների շիրիմներին և այլն:

Ըստ այդմ` հուշագիր կնքվեց Տավուշի մարզի սահմանային Բերքաբեր գյուղի գյուղապետ Ա.Մադաթյանի հետ:

Այնուհետև մասնակիցները հավաքվեցին Իջևանում գտնվող` զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ  տեղի ունեցավ երիտասարդ ակումբականների երդման արարողությունը:

Նրանք նախ ծաղիկներ դրեցին ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին, ապա երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր և ծառայել Հայաստանի Հանրապետությանը: