2014թ. փետրվարի 24-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում բացվեց «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը, որի նախագահ նշանակվեց Պատմության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս, Մասնագիտական կողմնորոշման և պրակտիկայի կազմակերպման բաժնի վարիչ Վահագն Էդիկի Չոբանյանը:
Նպատակը երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելը, արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելն ու ազգային մտածողությամբ երիտասարդներ դաստիարակելն է:
Բացման արարողությանը հրավիրված էին Իջևանում տեղակայված զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը, Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Հ.Սահակյանը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ տնօրեն Ս.Առաքելյանը` կարևորելով երիտասարդության շրջանում ռազմահայրենասիրական դաստիարակությունը, որը մեր երկրի անվտանգության, խաղաղության և հզորացման կարևոր երաշխիքն ու գրավականն է:
Ապա ելույթ ունեցան զորամասի հրամանատար, գնդապետ Մ.Մախսուդյանը և Իջևանի զինկոմ, գնդապետ Ա.Հովակիմյանը, փոխգնդապետ Հ.Սահակյանը` շնորհավորելով ակումբի բացման կապակցությամբ և մաղթելով բեղուն գործունեություն:
Ակումբի գործունեությունն ընդգրկելու է մեր ուսանողների կողմից տարբեր տոնական միջոցառումների կազմակերպում, այցեր սահմանային գյուղեր, հանդիպումներ վետերանների, զոհված ազատամարտիկների ընտանիքների հետ, այցելություններ զոհված ազատամարտիկների շիրիմներին և այլն:
Ըստ այդմ` հուշագիր կնքվեց Տավուշի մարզի սահմանային Բերքաբեր գյուղի գյուղապետ Ա.Մադաթյանի հետ:
Այնուհետև մասնակիցները հավաքվեցին Իջևանում գտնվող` զոհված ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանի մոտ, որտեղ տեղի ունեցավ երիտասարդ ակումբականների երդման արարողությունը:
Նրանք նախ ծաղիկներ դրեցին ազատամարտիկների անունը հավերժացնող հուշարձանին, ապա երդվեցին սիրել հայրենիքը, հայոց բանակը, ուսման մեջ լինել առաջավոր և ծառայել Հայաստանի Հանրապետությանը: