Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հաջողության բանաձև». հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ Ջուլիետա Ճաղարյանի հետ

4. Ջուլիետա Ճաղարյան

 2019թ. փետրվարի 7-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2006թ. շրջանավարտ, «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղի կառավարիչ Ջուլիետա Սամվելի Ճաղարյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1985 թվականին Սևքար գյուղում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի (ծնողների, ամուսնու, զավակների) մասին:

– Հայրս՝ Սամվել Ճաղարյանը, 29 տարի (սկսած 23 տարեկանից) եղել է Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրենը, մայրս՝ Անահիտ Դավթյանը, գյուղապետարանում աշխատել է որպես գլխավոր տնտեսագետ: Ես ամուսնացած եմ, ունեմ երկու զավակ. որդիս ութ տարեկան է, դուստրս՝ հինգ, ամուսինս ապահովագրական ընկերությունում հայցեր կարգավորող մասնագետ է:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Ես, խղճից թույլ մարդ լինելով, փոքր հասակում երազում էի դառնալ դատապաշտպան, որպեսզի կարողանամ օգնել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 2002-2006 թթ. սովորել եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տեսական տնտեսագիտություն» մասնագիտության բակալավրիատում: 2006-2008 թվականներին սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում՝ «Դրամաշրջանառություն, ֆինանսներ, բանկային գործ» մասնագիտացմամբ:

 Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունը առաջնային, հիմնական դեր է խաղացել իմ կյանքում: Իմ հարազատ բուհն ինձ շատ բան է տվել՝ ոչ միայն որակյալ կրթություն, այլև հոգևոր ու բարոյական դաստիարակություն, ինձ շատ է խրախուսել: Առաջին անգամ այդտեղ է ինձ վստահվել դրսևորելու լիդերության հատկանիշներ. նշանակվել եմ կուրսի ավագ, որին շատ մեծ պատասխանատվությամբ էի մոտենում: Առաջին անգամ ԵՊՀ ԻՄ-ում է օրինակելի վարքի և առաջադիմության համար ինձ տրվել շնորհակալագիր, որով շատ էի ոգևորվել: Թեև մասնաճյուղում սովորել եմ վճարովի հիմունքներով, բայց բարձր առաջադիմության համար ինձ տրվել է ուսման վարձի փոխհատուցում, անվճար հիմունքներով էլ սովորել եմ ԵՊՀ մագիստրատուրայում:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

– Ուսանողական տարիներից՝ 3-րդ կուրսից, աշխատել եմ «Վորլդ Վիժն» միջազգային բարեգործական կազմակերպությունում (ՄԲԿ)՝ որպես տարածքային դիտորդ: 2008-ից աշխատում եմ «Յունիբանկ» ԲԲԸ «Իջևան» մասնաճյուղում՝ որպես գլխավոր մենեջեր, 2017թ. մարտից կառավարիչն եմ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Վիկտոր Հյուգոյի «Թշվառները» վեպը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Ժամանակի սուղ լինելու պատճառով գեղարվեստական գրքեր շատ չեմ հասցնում կարդալ, անընդհատ ընթերցում եմ մասնագիտական գրականություն, հետևում օրենսդրության փոփոխություններին:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Նախընտրում եմ ռուսական շանսոն:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Սիրում եմ խորիմաստ ֆիլմեր: Նույն ֆիլմը երկրորդ անգամ չեմ դիտում: Հավանում եմ, օրինակ, «Ծովահենները» ֆիլմը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Լող: Մարտական մարզաձևեր չեմ սիրում:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանում՝ իմ Իջևանը, արտասահմանում ինձ շատ է գրավում «Սիրո քաղաք» Փարիզը:   

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Մարդասիրությունը, երախտապարտ լինելու, իր ունեցածը գնահատելու հատկությունները, ազնվությունը: Չեմ ընդունում երկերեսանի մարդկանց:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Նայած իրավիճակին՝ ունեմ նախընտրելի մի քանի ասույթ, ինչպես «Ով ռիսկի չի դիմում, նա շամպայն չի խմում», «Ուրիշի համար փոս փորողն ինքն է մեջն ընկնում», «Գեղ կանգնի, գերան կկոտրի», «Այն աղբյուրը, որից ջուր ես խմում, քար մի՛ գցիր»:  

Ի՞նչ երբեք չեք անի:

– Որևէ մեկի իրավունքները չեմ ոտնահարի, գողություն, անազնվություն չեմ անի, ապերախտ չեմ լինի:

Ինչի՞ց եք վախենում:

– Մենակությունից:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Ափսոսում եմ, որ ծնողներիս չեմ կարող վերադարձնել այն, ինչ իրենք են ինձ տվել:

 Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Ժամանակը. հապշտապ որոշումներ չեմ կայացնում, սպասում եմ, կշռադատում, հետո նոր կայացնում: Որոշում կայացնելիս էլ առաջնային նշանակություն եմ տալիս մարդկայնության գործոնին:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Ընտանիքս և իմ ստացած դաստիարակությունը:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Աշխատասիրությունը, նվիրումը գործին, պատասխանատվության բարձր զգացումը:

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Հայրս ինձ միշտ ասում էր. «Հույսդ միշտ քեզ վրա դի՛ր. ձեռքդ դի՛ր ծնկիդ և վե՛ր կաց»:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– Մեր երիտասարդներին՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, խորհուրդ կտամ, որ, բնականաբար, լավ սովորեն, որովհետև առանց սովորելու, առանց պարտաճանաչության և պատասխանատվության զգացումի (թե՛ ուսման և թե՛ աշխատանքի նկատմամբ) չեն կարող գտնել իրենց տեղը կյանքի ոչ մի բնագավառում: Մարդ պիտի ձգտում ունենա և հասնի դրան իր արժանիքների շնորհիվ:   

Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար:  

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը: