2016թ. հոկտեմբեր ամսին ԵՊՀ ԻՄ-ի տնտեսագիտության ֆակուլտետի երրորդ և չորրորդ կուրսի ուսանողները՝ «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու, տնտ. գիտ. թեկն., ասիստենտ Գ.Ավետիսյանի ղեկավարությամբ, ճանաչողական այց կատարեցին Պռոշյանի կոնյակի գործարան և ՀՀ կենտրոնական բանկ:
Պռոշյանի կոնյակի գործարանում նրանք ներկա գտնվեցին շշալցման գործընթացին, որը կատարվում էր միջազգային ստանդարտներին համապատասխան:
Մասնագետի կողմից ուսանողներին ներկայացվեց ընկերության մարքեթինգային գործունեությունը, կոնյակների ստեղծման, անվանակոչման («Վարդան Մամիկոնյան», «Եղիշե Չարենց», «Շիրազ», «Շերամ» և այլն), արտահանման պատմությունը: Նշվեց, որ կոնյակի տուփի մեջ զետեղվում են հայ գրողների երկերի ժողովածուների եռալեզու տարբերակները՝ արտահանվող երկրներում հայ մշակույթը է՛լ ավելի հայտնի ու սիրված դարձնելու նպատակով:
Ուսանողները եղան նաև գինու պահպանման և կոնյակի հնեցման մառաններում, տեղեկացան, որ գործարանում պատրաստվում են նաև պահածոներ, լիկյորներ ու գինու տարբեր տեսակներ:
Գործարանի ներկայացուցիչները ԵՊՀ ԻՄ-ի հետ համագործակցելու պատրաստակամություն հայտնեցին ուսանողական պրակտիկաների անցկացման և դիպլոմային աշխատանքների համար տեղեկատվության տրամադրման գործում:
ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնում ուսանողներին ներկայացվեցին ԿԲ-ի հիմնական գործառույթները, դրամի պատմությունը, դրամավարկային քաղաքականության իրականացման հետևանքները, «ԿԲ-Առևտրային բանկեր» փոխկապվածությունը, տրվեց մանրամասն տեղեկատվություն գնաճի ու դրա հետևանքների մասին:
Ուսանողնեը ծանոթացան տարբեր ժամանակների (Տիգրան Մեծի, Կիլիկյան Հայաստանի, Պարսկաստանի, Ցարական Ռուսաստանի տիրապետության տակ գտնվելու ժամանակաշրջանների) դրամներին:
Ներկայացվեց դրամի կեղծ լինելը ստուգելու գործընթացը, որն իրականացվում է երեք տարբեր սարքավորումների օգնությամբ և անզեն աչքով ստուգելու համար դրամի առանձնահատկություններն ու պաշտպանիչ շերտերի առկայությունը:
Ճանաչողական այցերի ընթացքում մեր ուսանողներն ամրապնդեցին իրենց տեսական գիտելիքները, ձեռք բերեցին գործնական հմտություններ: