2017թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ սեղանի թենիսի մարզային առաջնություն, որին մասնակցում էին Դիլիջանի, Գանձաքարի, Պտղավանի, Այգեհովտի, Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ թվով 46 մարզիկ-մարզուհիներ:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ Վ.Պողոսյանը՝ մասնավորապես նշելով. «Սեղանի թենիսի մարզային առաջնությամբ նպատակ ունենք մասսայականացնել սպորտը մարզում և բացահայտել լավագույններին: Այսպիսի առաջնություն մասնաճյուղում կազմակերպվում է առաջին անգամ, և մտադիր ենք այն դարձնել ամենամյա»:
Խաղերն անցկացվեցին օլիմպիական կարգով:
Աղջիկներից առաջին տեղը գրավեց Իջևանի թիվ 5 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ռիտա Դավթյանը:
Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրին Պտղավանի միջնակարգ դպրոցի աշակերտուհիներ Լիանա Ղումաշյանը և Թամարա Հայրապետյանը:
Համառ պայքարում տղաներից 2:1 հաշվով հաղթեց ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման համակարգի «Տնտեսագիտության տեսություն» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Շավարշ Կիրակոսյանը:
Երկրորդ տեղը գրավեց Դավիթ Դավթյանը (Դիլիջանից):
Երրորդ տեղը զբաղեցրեց ԵՊՀ ԻՄ-ի «ՏՏ»-III կուրսի ուսանող Նարեկ Մխիթարյանը:
Հաղթողները տնօրենության կողմից պարգևատրվեցին մեդալներով ու հուշանվերներով: