Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկումը

 2017թ. փետրվարի 20-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Մանկավարժության և հոգեբանության  ամբիոնի դոցենտ, մ.գ.թ., կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական Վ. Ա. Բրուտյանը:

20-02-17-2

Դասի ընթացքում պարոն  Բրուտյանը բացատրեց դիդակտիկայի (հունարեն՝ διδακτικός-ուսուցանող. մանկավարժության բաժին, որը մշակում է ուսուցման և կրթության տեսությունը) տարբերությունը դպրոցում և բարձրագույն ուսումնական հաստատությունում: 

Նշվեց, որ այն սահմանում է կրթության բովանդակությունը նրա տարբեր աստիճաններում (տարրական, միջնակարգ, բարձրագույն), հիմնավորում ուսուցման սկզբունքները, մեթոդները, կազմակերպական ձևերը, բացահայտում արդյունավետ ուսուցման ու կրթության օբյեկտիվ օրինաչափությունները:

Բուհական և դպրոցական դիդակտիկայի տարբերություններից ընդգծվեց տարիքային առանձնահատկությունը, ուսուցչի և դասախոսի գործունեության բնույթը (ուսուցչի գործունեությունը մանակավարժական է, դասախոսինը՝ գիտամանկավարժական):

Շեշտվեց, որ ուսուցումը երկկողմանի գործընթաց է՝ դասավանդում և ուսումնառություն: Ըստ այդմ՝ տարբերակվեցին դասավանդման և ուսումնառության մեթոդները:

Կայացավ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները»  թեմայով դաս-քննարկումը

Վ.Բրուտյանը հիմնավորեց, որ ուսուցման մեթոդի արդյունավետությունը կախված է նրանից, թե որքանով է ուսուցման նպատակը (կրթողական, դաստիարակող, զարգացնող) համապատասխանում վերջնարդյունքին:

Ներկայացվեց, որ ըստ տեղեկատվության ստացման աղբյուրի՝ ուսուցման մեթոդները բաժանվում են երեք խմբի՝ խոսքային, զննական և գործնական:

Ըստ վերջնարդյունքների ձևավորման՝ լինում են գիտելիքներ, կարողություններ և հմտություններ ձևավորող մեթոդներ:

Ըստ ուսումնառողների ակտիվության՝ ուսուցման մեթոդները լինում են պասիվ (դասախոսություն), ակտիվ (բանավեճ՝ դասախոսի և ուսանողի միջև) ու ինտերակտիվ՝ փոխներգործուն:

Քննարկվեցին ուսուցման սկզբունքները (գիտակցականության,   զննականության,   մատչելիության,   հաջորդականության և այլն), հիշատակվեցին դիդակտիկայի «ոսկե կանոններ»-ը (ուսուցանելիս հեշտից դժվարին անցնելը, կոնկրետից՝ վերացականի, ծանոթից՝ անծանոթին և այլն):

Կայացավ «Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները»  թեմայով դաս-քննարկումը

«Բուհական մանկավարժության ժամանակակից հիմնախնդիրները» թեմայով դաս-քննարկման ընթացքում կրթական ծրագրերի գծով տնօրենի խորհրդական Վ.Բրուտյանը անդրադարձավ նաև կրթական և առարկայական ծրագրերի առանձնահատկություններին, դասընթացների միջառարկայական, ներառարկայական կապերին, գնահատման համակարգի հետ կապված մի շարք խնդիրների: