ՀՕՖ-ը «Մաթևոսյան կրթավճար» ծրագրի շրջանակներում Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան և նրանց մասնաճյուղերն ընդունված բարձր առաջադիմություն ցուցաբերած առաջին կուրսեցիների համար հայտարարում է մրցույթ:
Մրցույթին կարող են մասնակցել այն ուսանողները, ովքեր ունեցել են բարձր առաջադիմություն դպրոցում, միասնական և ԲՈՒՀ-ի քննությունները հանձնել են գերազանց կամ բարձր գնահատականներով, ընդունվել վճարովի ուսուցման համակարգ և պարտավորվում են ուսման ավարտից հետո նվազագույնը 4 տարի ապրել և աշխատել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում:
«Մաթևոսյան կրթավճար» ծրագրի մրցույթին մասնակցելու կարգը.
Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև օգոստոսի 11-ը ք. Երևան, Մովսես Խորենացի 22 հասցեում գտնվող ՀՕՖ-ի Հայաստանի մասնաճյուղ (կամ մինչև օգոստոսի 10-ը` ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ընդունող հանձնաժողով) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
• ԴԻՄՈՒՄ (ձևը կարող եք վերցնել նաև ՀՕՖ-ից, բուհի ընդունելության հանձնաժողովից),
• Անձնագրի պատճենը,
• Միջնակարգ կրթության վկայականի պատճենը,
• Միասնական քննությունների գնահատականները,
• ՀՀ ԿԳ նախարարության բուհերի ընդունելության քննությունների հաշվիչ կենտրոնի կամ ԲՈՒՀ-ի տեղեկանքը համապատասխան ֆակուլտետ ընդունվելու վերաբերյալ,
• Ընտանիքի սոցիալական անձնագրի պատճենը (առկայության դեպքում),
• Տեղեկանք ծնողների աշխատավայրից՝ նրանց աշխատանքի և աշխատավարձի վերաբերյալ, եթե չեն աշխատում՝ տեղեկանք զբաղվածության տարածքային կենտրոնից կամ աշխատանքային գրքույկի պատճենը:
Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել նաև տեղեկանքներ բնակության վայրից, համայնքի սոցիալական ծառայությունից և այլն: Թերի փաստաթղթերը չեն դիտարկվի:
Շահառուների ընտրությունը տեղի է ունենալու 3 փուլով.
1. Ներկայացված փաստաթղթերի քննում,
2. Ուսանողների տուն կատարված այցերի արդյունքների ամփոփում,
3. Անհրաժեշտության դեպքում հարցազրույցի անցկացում:
Ծրագրում ուսանողի ընդգրկման վերջնական որոշումը կայացնելու է ՀՕՖ-ի կրթական ծրագրերի հանձնաժողովը:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ծրագրի համակարգող Էդուարդ Կարապետյանին (060) 52 66 60 հեռախոսահամարով:
Աղբյուրը` www.facebook.com/farusa