Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանի այցը  ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Handipum 2018թ. նոյեմբերի 22-ին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանի նախաձեռնությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար պարոն Գասպար Կարապետյանը:

Այցելության նպատակն էր Հայ դատի, Հայոց ցեղասպանության հարցի, Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ծավալած գործունեության մասին բուհում դասընթաց-քննարկում իրականացնելը:  

Քննարկմանը ներկա էին Իջևանի քաղաքապետ Վ.Ղալումյանը, այլ պաշտոնյաներ, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Ցուցուլյանը, պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի այլ ներկայացուցիչներ, գլխավորապես Հումանիտար գիտությունների ֆակուլտետի ուսանողներ:

Դասընթաց-քննարկման ժամանակ պարոն Կարապետյանը ներկայացրեց, թե երբ, որտեղ է հիմնադրվել Եվրոպայի Հայ դատի գրասենյակը, որն է նրա առաքելությունը, որոնք են գործունեության հիմնական ոլորտները, ինչպիսի աշխատանքներ են իրականացվել առ այսօր:

Մասնավորապես նշվեց, որ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (European Armenian Federation for Justice and Democracy-EAFJD) հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2000թ. Փարիզում: 2002 թ.-ից ի վեր EAFJD-ի գրասենյակը տեղափոխվել է Բրյուսել (Բելգիա): Եվրոպայի Հայ դատի գրասենյակը Հայ դատի հանձնախմբերի՝ աշխարհում չորս տարածաշրջանային գրասենյակներից մեկն է: Այն եվրոպական կարևորագույն օրենսդիր հարթակներում և միջազգային կազմակերպությններում ծավալում է հայ դատի պաշտպանությանը, ինչպես նաև հայության արտաքին մարտահրավերների հաղթահարմանն ու շահերի հետապնդմանն ուղղված գործունեություն: Ավանդական քարոզչական գործունեությանը զուգահեռ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կազմակերպում է եվրոպական հանրությանն ուղղված բազմաթիվ իրազեկման միջոցառումներ, այդ թվում համաժողովներ՝ ականավոր միջազգային գիտնականների մասնակցությամբ, քննարկումններ, ֆոտո-ցուցահանդեսներ, կինոդիտումներ:

Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը համակարգում է Հայ դատի հանձնախմբերի գործուներությունը եվրոպական 13 երկրում: Հայ դատի հանձնախմբեր են գործում Ավստրիայում, Բելգիայում, Բուլղարիայում, Կիպրոսում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Նիդերլանդներում, Լեհաստանում, Ռումինիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում:

Ներկայացվեց, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության հիմնական ոլորտներն են`

  • Եվրոպական միությունում, ԵՄ անդամ երկրներում և միջազգային կառույցներում Հայոց ցեղասպանության ճանաչում և դատապարտում, ճանաչում և հատուցում Թուրքիայի կողմից:
  • Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանություն և պարտադրված մեկուսացման վերացում, Արցախի ընտրական գործընթացներում միջազգային դիտորդական առաքելությունների համակազմակերպում:
  • Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդում և խորացում:
  • Մերձավոր Արևելքի հայության խնդիրների բարձրաձայնում:
  • Ջավախքի շրջանի հայ բնակչության իրավունքների պաշտպանություն:

Ընդգծվեց, որ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության կարևոր ճյուղ է Հայաստան-Եվրոպա հարաբերությունների ամրապնդումը և ընդլայնումը: Այս առումով Եվրոպայի Հայ դատի գրասենյակը կարևոր ձեռքբերում է համարում 2017թ. նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը:

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի և ԵՄ-ում ՀՀ առաքելության համատեղ ջանքերով 2013 թվականին Եվրոպական խորհրդարանում ձևավորվել է ԵՄ-Հայաստան բարեկամական խումբը: 2015թ.՝ Եվրոպական խորհրդարանի ընտրություններից հետո, Հայաստանի հետ բարեկամության խումբը վերակազմավորվել է: Այժմ խումբը բաղկացած է 50-ից ավել պատգամավորից և նպատակ ունի ամրապնդել կողմերի միջև համագործակցությունը:

Ունենալով սերտ կապեր Եվրոպական խորհրդարանում՝ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն աջակցում է հայկական պատվիրակություններին Եվրանեսթ և PCC խորհրդարանական ձևաչափերում: Գրասենյակը նաև ակտիվ գործունեություն է ծավալում Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում՝ համագործակցելով խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության հետ:

Հայաստան-ԵՄ հարաբերությունների խթանմանը ծառայում է նաև Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախաձեռնած «Վահան Հովհաննիսյան ուսուցողական աշխատանքային ծրագիրը», որը մեկնարկել է 2018թ.: Ծրագրի շրջանակներում ընտրական փուլն անցած հայաստանաբնակ երիտասարները հնարավորություն են ստանում գործնական հմտություններ և գիտելիքներ ձեռք բերել Եվրոպայի Հայ դատի գրասենյակում և ծանոթանալ ԵՄ կառույցների՝ հատկապես Եվրոպական խորհրդարանի առօրյա աշխատանքներին:

Դասընթացավարը հավելեց, որ եվրոպահայության ձայնը լսելի դարձնելու նպատակով Եվրոպայի Հայ դատի գրասենյակը չորս տարին մեկ Բելգիայում կազմակերպում է «Եվրոպահայերի համագումար», որը հարթակ է հայ և եվրոպացի քաղաքական գործիչների, դիվանագետների, կրոնական առաջնորդների, ակադեմիական շրջանակների, ոչ կառավարական կազմակերպությունների, հայկական համայնքների ներկայացուցիչների, անհատների համար` քննարկելու ժամանակակից մարտահրավերները և դրանց դիմակայելու ուղիները: Վերջին համագումարը կայացել է 2017թ. հոկտեմբերի 18-19-ը Բրյուսելում: Եվրոպայի Հայ դատի գրասենյակը համագործակցում է նաև Հայ դատի աշխարհասփյուռ գրասենյակների հետ, որոնցից են` Armenian National Committee of America (АNCA), Armenian National Committee of Australia-ն, Մերձավոր Արևելքի Հայ Դատի գրասենյակը, Հարավային Ամերիկայի հայ դատի հանձնախումբը:

Քննարկման ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի «Պատմություն» մասնագիտության ուսանողները Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավարին ուղղեցին Հայոց ցեղասպանության ճանաչմանը և Թուրքիայի կողմից հատուցմանը, 2008թ. հայ-թուրքական սահմանի բացմանը, մեր պատմական հայրենիքի՝ Արևմտյան Հայաստանի տարածքային խնդիրներին վերաբերող հարցեր և ստացան պատասխաններ: Հնչեցված հարցերը մեծ մասամբ դեռևս ընթացքի մեջ գտնվող և լուծման ենթակա հարցեր էին, ինչը շեշտեց թե՛ պարոն Կարապետյանը իր եզրափակիչ խոսքում, թե՛ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը դասընթացավարին ուղղված իր շնորհակալական խոսքում: