Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ընթացքի մեջ են «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողների ուսումնական պրակտիկաները

1  2019-2020 ուստարվա II կիսամյակում ուսումնական պլանով նախատեսված ուսումնական պրակտիկայի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ, Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտներ Լևոն Լաչիկյանի և Ալինա Ուլիխանյանի ուղեկցությամբ այցելեցին զբոսաշրջային տարբեր  ընկերություններ, բնական և պատմամշակութային հուշարձաններ:

Ուսումնական պրակտիկան իր սահմանված վերջնարդյունքներով ուսանողներին հնարավորություն է տալիս ամրապնդել, լրացնել և խորացնել ուսումնառության ընթացքում ձեռք բերված տեսական գիտելիքները՝ դրանք կիրառելով գործնականում:

Պարոն Լաչիկյանի խոսքով՝ պրակտիկայի ծրագրերը կազմելիս որոշ մանրամասներ նախապես քննարկվել են նաև ուսանողների հետ՝ նրանց ցանկություններն ու նախասիրությունները պարզելու նպատակով: «Ուսումնական պրակտիկա-1» և «Ուսումնական պրակտիկա-2» ծրագրերում ներառվել են թե՛ սերվիսային ձեռնարկությունները, և թե՛ բնական ու պատմամշակութային հուշարձանները: Ըստ այդմ էլ ուրվագծվել են համապատասխան երթուղիները: Բացի ՀՀ Տավուշի մարզից՝ դրանք ընդգրկում են ևս 3 մարզ՝ Կոտայքի, Շիրակի և Սյունիքի՝ հնարավորություն տալով ուսանողներն ավելի լավ ճանաչելու հայրենի եզերքն ու մայր բնությունը:

Որքան էլ համատեղ են կազմակերպվում ուսումնական պրակտիկաները, յուրաքանչյուր կուրսի ու մասնակցի առջև դրվում են կոնկրետ խնդիրներ: 1-ին կուրսեցիների այցերն ավելի շատ կրում են իմացական-ճանաչողական բնույթ, մինչդեռ 2-րդ կուրսեցիների համար առաջնայինը քննական-վերլուծական ասպեկտն է: Վերջիններս նաև ողջ ուղևորությունը համեմում են բացատրություն-պարզաբանումներով:

Փետրվարին մեկնարկած պրակտիկան սկսվել է ակնարկային դասախոսությամբ, ժամանակացույցի հետ ծանոթացնելով և համապատասխան օրագրերի բաժանմամբ:

«Զբոսաշրջություն» մասնագիտության 1-ին և 2-րդ կուրսեցիներն իրենց ղեկավարների գլխավորությամբ արդեն այցելել են Տավուշի տուրիզմի զարգացման ու հետազոտության կենտրոն, Իջևանի «Կամար» հյուրատուն, Ենոքավանի «Ապագա տուր», Ենոքավանի ու Դիլիջանի հյուրանոցներ, ինչպես նաև «Դիլիջան» ազգային պարկ:

Ուշագրավն այն է, որ նշյալ բոլոր հասցեներում պրակտիկանտները հանդիպեցին ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներին, ովքեր հասցրել են ինքնահաստատվել ու դրսևորվել զբոսաշրջության ոլորտում (Տուրիզմի զարգացման ու հետազոտության կենտրոնի աշխատակից Նարեկ Սարդարյանին, «Կամար»-ի հիմնադիր Խաչատուր Համզյանին, «Ապագա տուր»-ի գլխավոր մենեջեր Նարեկ Չատյանին, «Լաստիվեր ռեզորթ»-ի տնօրեն Անի Դավթյանին):

Նշված այցերից կարելի է առանձնացնել հատկապես «Ապագա տուր» և «Դիլիջան» ազգային պարկ մեր ուսանողների այցելությունները: «Ապագա տուր» այցելությունն ուսանելի էր թե՛ առկա ենթակառուցվածքներին, թե՛ զարգացման հեռանկարներին ծանոթանալու առումներով, իսկ «Դիլիջան» ազգային պարկում մեր ուսանողներին ոչ միայն ներկայացվեց առկա կենսաբազմազանությունը, այլև նրանց համար կազմակերպվեց քայլարշավ դեպի Շշնջացող ջրվեժ: Կարևոր է և այն հանգամանքը, որ վերոնշյալ այցերի ընթացքում մեր ուսանողները ստացան աշխատանքի գործնական առաջարկներ: