Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով դաս-քննարկումը

DSCN7402 2019թ. ապրիլի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Կրթությունը ԱՄՆ-ում» թեմայով դաս-քննարկում, որը կազմակերպվել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային համագործակցության հասարակական կազմակերպության և ԵՊՀ ԻՄ-ի կողմից:

Դաս-քննարկումը վարեց ԱՄՆ-ի Խաղաղության կորպուսի «Համայնքի և երիտասարդության զարգացում» ծրագրի աշխատակից, ուսուցիչ, մարզիչ և դասընթացավար Ուիլյամ Ջոզեֆ (Ջոդի) Դոշերը, իսկ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողուհի Սուսաննա Սարուխանյանն ապահովեց սինխրոն (համաժամանակյա) թարգմանություն:

Քննարկման ընդհանուր թեման ԱՄՆ-ի կրթությունն էր ու կրթական համակարգը: Ջ.Դոշերը մեծ մասամբ անդրադարձավ ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի ամենամեծ համալսարանի, Հարվարդի, Լուիզիանայի համալսարանների, ինչպես նաև մի քանի քոլեջների ու ավագ դպրոցների կրթությանը:

Ընդգծվեց այն փաստը, որ յուրաքանչյուր կրթական կառույց առանձնանում է սեփական կանոններով, կրեդիտային համակարգով: Թեմայի կարևորագույն մասերից էր ԱՄՆ-ի համալսարանների ուսման վարձի չափը նահանգների ներսում ապրող ուսանողների, նահանգից դուրս ապրող ուսանողների, ինչպես նաև օտարերկրյա ուսանողների համար:

Ներկայացվեց, որ ԱՄՆ-ի համալսարաններում ուսանողները գնահատվում են հետևյալ սկզբունքով՝ 1-A, 2-B, 3-C, 4-D սանդղակին համապատասխան, որը բավականին տարբերվում է Հայաստանի գնահատման համակարգից: Եթե ուսանողը ստանում է 0, դա վկայում է ձախողման մասին: Ուսումնական տարվա ընթացքում կան սահմանված դասաժամեր յուրաքանչյուր առարկայի համար, բայց կան նաև պարտադիր առարկաներ, օրինակ՝ օտար լեզուները, որոնք պետք է դասավանդվեն համալսարաններում: Բանախոսը նշեց նաև ԱՄՆ-ում կրթության բացասական կողմերի մասին, ինչպիսին է, օրինակ, տարեցտարի ուսման վարձերի բարձրացումը: