Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

 

2016թ. մարտի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Մերի Գասպարյանի անդրանիկ՝ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը:

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

 

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հեղինակի հարազատ դպրոցի սաներ, Իջևանի զորամասի զինվորներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հյուրեր, պոեզիայի սիրահարներ:

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

Գրքույկը նվիրված է իր քեռու՝ Մարատ Բաղինյանի հիշատակին և ընդգրկում է թարմ, հետաքրքիր մտքեր ու բանաստեղծություններ՝ ստեղծագործական ներշնչանքի պահի (Էջը բացվեց ու գրվեց. /Սկիզբը հաճելի էր այնքանով,/ Որ անկեղծ էր,/ Անկեղծ՝ մանկական սիրո կերտվածքով,/ Իսկ հետոն լեցուն էր հասունությամբ/ Եվ համեմված գեղեցիկով), սիրո (Սերը կարիք է,/ Իսկ սիրո կարիքը ջերմությունն է:/…Սերն ուզում է,/Որ իսկապես սիրես/ Իսկական մարդկանց…), հայրենասիրության (Սիրտս ձուլել եմ սրտիդ, հայրենիք,/ Տե՛ս ոնց են զարկում զույգ սրտերը մեր…) անձնավորված բնության (Քամին ուռենու մազերն է սանրում,/ Գիշերն է հուշեր շշնջում նրան, /Նոր երգ է ծնվում գիշերվա գրկում, /Լուռ համառության հանդերձը վրան) Մարդու մասին, ինչպես՝

Մարդն էլ կարծես ծառի պես է,
Բերք տվողին երանի,
Ու ծառի պես ծաղիկներով
Ծիծաղողին երանի:
Սուրբ է մարդը
Եվ անրջանք,
Անհագության
Ծով է նա:
Սուրբ տենչերով
Դեպի բարձունք
Մագլցողին երանի:

Գրքի շնորհանդեսի ժամանակ  «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության ուսանողները ներկայացրին Մերի Գասպարյանի բանաստեղծություններից («Էջը բացվեց, «Գիշեր», «Քուն», «Հավքերի պես…», «Թունոտ թշնամի», «Քունս չի տանում»):

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

Կիթառի ուղեկցությամբ կատարվեցին նաև այդ բանաստեղծությունների հիման վրա գրված հոգեբուխ երգեր («Տավուշի քաջեր», «Ծեր խաչքար»), որոնք իրենց ասելիքով, մեղեդայնությամբ ու անկեղծ կատարումով հուզեցին ունկդիրների սրտերը:

 Շնորհանդեսի ընթացքում հեղինակին ուղղվեցին հարցեր, թե ինչ է կյանքը, նրա խորհուրդը, պատերազմը, որն է կյանքի պատկերման նրա սկզբունքը և այլն:

Մասնաճյուղում կայացավ «Մոխրագույն լուսին» գրքի շնորհանդեսը

 Հեղինակը պարզաբանեց իր կերտած լուսնային պատկերների խորհուրդը, գրքի «Մոխրագույն լուսին» վերնագիրը, որի համաձայն՝ լուսինն իր կարոտն է և ինքը դա տեսնում է մոխրագույն:

Մեր ուսանողուհու գրական նորամուտը ողջունեցին, գնահատանքի և արժևորման խոսք ասացին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, ՄԿՈԱ բաժնի մասնագետ, սոցիոլոգ Է.Կյուրեղյանը, Օտար լեզուների ամբիոնի դասախոսներ Ա.Մարդանյանը, Ն.Դավթյանը, գրքի հեղինակի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհին՝ նրան մաղթելով ստեղծագործական կանաչ ճանապարհ, մտքի սրություն, բեղուն գրիչ:  

 

Ցուցադրություն՝ նվիրված Մայրության և գեղեցկության միամսյակին

Ցուցադրություն՝ նվիրված Մայրության և գեղեցկության միամսյակին

2016թ. մարտի 11-ին՝ ժամը 13:30-ին, ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի միջանցքում տեղի կունենա Կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների կիսամյակային աշխատանքների ցուցադրություն՝ նվիրված Մայրության և գեղեցկության միամսյակին:

Սիրով բոլորին հրավիրում ենք:

Ուսանողական գիտաժողով – ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները

usanoghakan-gitazhoghov-hh-finansakan-hamakarge-khndirnere-ew-drants-lutsman-ughinere

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակը, նպատակ ունենալով ուսանողների շրջանում մեծացնել հետաքրքրությունը ՀՀ ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացների և առաջարկվող պրոդուկտների օգտագործման հետ կապված ռիսկերի նկատմամբ, կազմակերպում է ուսանողական գիտաժողով՝ «ՀՀ ֆինանսական համակարգը. խնդիրները և դրանց լուծման ուղիները» խորագրով: 

Գիտաժողովին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր բուհերի տնտեսագիտական և իրավաբանական ֆակուլտետների 3-րդ և բարձր կուրսերի, այդ թվում՝ մագիստրատուրայի ուսանողները: 

Գիտաժողովը տեղի է ունենալու ս/թ մայիսի 17-ին՝ Երևանում: 

Գիտաժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, որը պետք է պարունակի՝

  • զեկույց՝ գիտաժողովի խորագրի շրջանակներում,
  • կարճ ինքնակենսագրական` պարտադիր նշելով անուն, ազգանուն, հայրանուն, կոնտակտային տվյալներ, ծննդյան տարեթիվ, բուհ, ֆակուլտետ, բաժին, կուրս: 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. տվյալ բուհում սովորելու փաստը պարտադիր ստուգվելու է մրցութային հանձնաժողովի կողմից: 

Վերոնշյալը պետք է ուղարկել studentconference@fsm.am էլ. հասցեով, մինչև ս/թ ապրիլի 27-ը ներառյալ: 

Զեկույցի ձևին ներկայացվող պահանջներն են՝

  • Աշխատանքը չպետք է նախկինում հրապարակված/տպագրված լինի,
  • Աշխատանքի լեզուն՝ հայերեն, տառատեսակը՝ Unicode (Sylfaen), տառաչափը՝ 12 pt, տողերի հեռավորությունը՝5, ծավալը՝ առավելագույնը 8 էջ,
  • Այլ աղբյուրներից մեջբերումներ անելու դեպքում պարտադիր պետք է տրվեն հղումներ,
  • Գրագողության նշաններ հայտնաբերելու դեպքում աշխատանքը չի դիտարկվի հանձնաժողովի կողմից,
  • Զեկույցում պետք է հստակ արտացոլվեն հեղինակի մտորումները առաջարկված խորագրի վերաբերյալ, ինչպես նաև ընդգծվի ուսանողի՝ առկա հիմնախնդիրների վերհանման կարողությունը,
  • Աշխատանքը պետք է լինի հետազոտական-վերլուծական բնույթի և անդրադառնա նաև միջազգային փորձին:

Զեկույցի համար առաջարկվող թեմաներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ ներկայացված թեմաներներից դուրս թեմա ընտրելու դեպքում անհրաժեշտ է նախապեսհամաձայնեցնել կազմակերպիչների հետ:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. միայն լավագույն զեկույցների հեղինակները հնարավորություն կունենան գիտաժողովին ներկայացնելու իրենց աշխատանքները: Լավագույն զեկուցողների համար նախատեսված են մրցանակային տեղեր. 1-ին տեղ՝ 150.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 50.000 ՀՀ դրամ: Բոլոր մասնակիցներին կտրվեն մասնակցության հավաստագրեր: 

Գիտաժողովի ֆեյսբուքյան event-ին կարող եք միանալ այստեղ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 060-70-1111 (ներքին՝ 20) հեռախոսահամարով կամ գրել studentconference@fsm.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Գիտաժողովի պատասխանատու՝ Տաթևիկ Հովհաննիսյան:

Աղբյուրը՝ http://armacad.info

Լույս է տեսել «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» ժողովածուն

Լույս է տեսել «ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում» ժողովածուն

«ՀՅ Դաշնակցությունը ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողովի և Պետական քաղաքական վարչության գաղտընթերցումներում (1920-ական թվականներ)» փաստաթղթերի ժողովածուն հրատարակվել է 2016 թ․ ԳԱԱ պատմության ինստիտուտի կողմից։ Ժողովածուն կազմել և խմբագրել է պատմ․ գիտ․ դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Ղազախեցյանը (1926-2015 թթ․): Հրատարակության է պատրաստել պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ Համո Սուքիասյանը։

Ներբեռնել փաստաթղթերի ժողովածուի էլեկտրոնային տարբերակը*

Փաստաթղթերի ժողովածուն նվիրված է ՀՅԴ կուսակցության գործունեությանը Խորհրդային Հայաստանում և Պարսկաստանում խորհրդային իշխանության գոյության առաջին տարիներին` 1921-1927 թթ.: Վավերագրերն ընտրովի են, այն է` գաղտընթերցված (перлюстрация) ԽՍՀՄ Արտակարգ հանձնաժողով-Պետական քաղաքական վարչության կողմից:

Հայաստանի խորհրդայնացումից սկսած՝ հանրապետության Արտակարգ հանձնաժողովը հետևել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության գործունեությանը՝ նրա անդամների նամակների ձեռքբերման կամ գաղտնի ընթերցման միջոցով: Այդ գործունեությունը հետաքրքրեց նաև ԽՍՀՄ Միացյալ պետքաղվարչությանը (ՄՊՔՎ): Վերջինս, Անդրդաշնության պետքաղվարչության միջոցով, կազմակերպեց կուսակցության նամակագրության գաղտնի ընթերցումը նրա կենտրոններից մեկում` Թավրիզում: Ժողովածուն ընդգրկում է 1921-1927 թթ. գաղտընթերցված 41 նամակ-փաստաթուղթ:

Ժողովածուն հազվագյուտ, արժեքավոր սկզբնաղբյուր է հայագիտությամբ զբաղվող գիտական աշխատողների համար: Այն լրացնում է նախկինում «Հ. Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը» (Եր., 1999) և «Հայաստանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929 թթ.)» (Եր., 2008) փաստաթղթերի ժողովածուներում ՀՅԴ-ի գործունեության վերաբերյալ հրատարակված վավերագրերը:

*Հայկական գիտական համագործակցությունը շնորհակալություն է հայտնում պ․գ․թ․ Համո Սուքիասյանին գրքի էլ․ տարբերակը սիրահոժար տրամադրելու համար։

Աղբյուրը՝ http://armscoop.com

Հարցազրույց մեր ուսանողների («ԱԼԳ» IV) մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ

2016թ. մարտի 1-ին ԵՊՀ ԻՄ-ի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի վերաբերյալ հարցազրույց ունեցանք ԵՊՀ-ի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտներ, բան. գիտ. թեկնածուներ Աստղիկ Չուբարյանի և Գայանե Մուրադյանի հետ.

Հարցազրույց մեր ուսանողների («ԱԼԳ» IV) մասնագիտական  պատրաստվածության վերաբերյալ

– Տիկի՛ն Մուրադյան, 2015-2016 ուստարվա երկրորդ կիսամյակից անգլերեն լեզու եք դասավանդում մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության չորրորդ կուրսում: Ի՞նչ տպավորություններ ունեք մեր ուսանողներից, էական տարբերություն տեսնում եք Մայր բուհի  և Մասնաճյուղի ուսանողների միջև:

 – Տպավորությունը շատ դրական է, տարբերություն չկա. թե՛ Երևանում և թե՛ այստեղ առկա է անգլերեն լեզվի նկատմամբ սեր, դասախոսների նկատմամբ ջերմ ու հարգալից վերաբերմունք: Եթե ավելի անկեղծ լինենք, այստեղ սովորելու ձգտումն ավելի մեծ է:

 

– Տիկի՛ն Չուբարյան, ի՛նչ կարծիքի եք «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի մասին:

– Ուսանողին գնահատելիս ինձ համար էլ առաջնայինը սովորելու ձգտումն է, իսկ դա ակնառու հատկանիշ է մասնաճյուղի ուսանողների համար: Այդ ձգտման հետ, անշուշտ, անհրաժեշտ է ունենալ նաև նախնական գիտելիքների պաշար, մասնագիտական հիմքային գիտելիքներ, որպեսզի ապահովվի ցանկալի արդյունք: Մասնաճյուղի ուսանողներն ունեն և՛ մեկը, և՛ մյուսը, որ շատ ողջունելի է: 

 

– Կարո՞ղ ենք եզրակացնել, որ մեր ուսանողներն ունեն անհրաժեշտ ներուժ  իրենց կրթությունը շարունակելու Մայր բուհի մագիստրատուրայում:

– Այո՛, կարող ենք փաստել, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության ավարտական կուրսի ուսանողները լիովին պատրաստ են ընդունվելու և սովորելու ԵՊՀ մագիստրատուրայում: Մենք մեծ սիրով կցանկանայինք նրանց դիմավորել ու դասավանդել Մայր բուհում:

 

Հարցազրույցն անցկացրեց ԵՊՀ ԻՄի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը