Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Նարեկը եկավ ու անցավ լուսաստղի պես

Նարեկ Հովսեփյան. «Որպես մահկանացու` ես վախենում եմ պատերազմից, որպես հայրենիքի զինվոր` պատրաստ եմ պատերազմի: Անմահությունն սկսվում է հայրենիքի սիրուց…»:

Հոկտեմբերի 23-ին ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ ԵՊՀ վաղամեռիկ ուսանող Նարեկ Հովսեփյանի  «Նոյյան աղավնու վերադարձը» և Հասմիկ Գուլակյանի «Նարեկ Հովսեփյան. առեղծվածային ակնթարթ» գրքերի շնորհանդեսը:

 

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանող Նարեկ Հովսեփյանն ընդամենը 17 տարեկան էր, երբ հեռացավ կյանքից: Հարազատ բուհի բեմում միջոցառման ընթացքում նա լուռ նստեց համակուրսեցու կողքին և փակեց աչքերը. սրտի կաթված էր ստացել: Սակայն նա թողել է ծավալով ոչ մեծ, բայց անասելի խորությամբ մտքեր, որոնք երբեմն անբացատրելի են ու առեղծվածային:

«Վաղամեռիկ փիլիսոփա, ով 20-րդ դարի սկզբի մեր մյուս երկու հանճարեղ պատանիների` Պետրոս Դուրյանի ու Միսաք Մեծարենցի հետ, նրանցից 100 տարի անց կազմեց մի հրաշք եռյակ». ահա Նարեկին այսպես բնորոշեցին շնորհանդեսին ներկա գրականագետները, մշակույթի գործիչներն ու ակադեմիկոսները, մտավորականները, որոնց կյանքը բաժանվել էր երկու մասի՝ մինչև Նարեկը և Նարեկից հետո:

Հրապարակախոս, լրագրող Հասմիկ Գուլակյանը նշեց, որ 17-ամյա պատանու մտքերը՝ արձակ բանաստեղծությունները և փիլիսոփայական մաքսիմներն այնքան խորիմաստ են և միաժամանակ պարզ, որ դրանք վերլուծելն ու մեկնաբանելը երբեմն ուղղակի անհնարին են:

«Մարդկության պատմության մեջ եղել են հրաշամանուկ բանաստեղծներ, մաթեմատիկոսներ, շախմատիստներ, բայց ինձ հայտնի չէ գեթ մեկ մանուկ-փիլիսոփայի անուն: Եվ դա բնական է, քանի որ մարդ իր շրջապատում տեղի ունեցող երևույթների ընդհանրացման հատկությամբ օժտվում է միայն տասնամյակների ընթացքում: Սակայն հանճարեղ 17-ամյա պատանյակը եկավ հերքելու այդ աքսիոմատիկ ճշմարտությունը»,- հուզմունքը խեղդելով` ասաց գրքի հեղինակը:

Բանախոսներից յուրաքանչյուրն ուղղակի բառեր չէր գտնում նկարագրելու այն զգացողությունները, որոնք պատում են Նարեկի ստեղծագործությունները կարդալիս: Նրանք, ի վերջո, իրենց խոսքն ամփոփում էին մեկ արտահայտությամբ՝ նա հանճար էր:

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, ով Հասմիկ Գուլակյանի գրքի խմբագիրն է, հատուկ շնորհակալություն հայտնեց լրագրողուհուն` անձնազոհ աշխատանք կատարելու և հրաշամանուկի գործերը հասարակությանը հասանելի դարձնելու համար:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրիի մասնաճյուղի դասախոս, ռեժիսոր Սիրանույշ Ղուկասյանը հայ հասարակությանը և մասնավորապես երիտասարդությանը Նարեկ Հովսեփյանի մտքերը հասցնելու համար «Ես գալիս եմ…» վերտառությամբ պիես է գրել, որը նախատեսվում է բեմադրել:

Դահլիճում ներկա էին նաև Նարեկի հարազատները և ծնողները: Հայրը՝ բանաստեղծ, նկարիչ Սաշա Հովսեփյանը, ով առաջիններից էր, որ հանրության դատին է հանձնել որդու մտքերը, ջերմ խոսքերի համար շնորհակալություն հայտնեց ներկաներին:

«Երբ հետադարձ հայացք եմ նետում անցյալին, հասկանում եմ, որ շատ բաներում սխալվել եմ: Սակայն, ցավոք, ոչինչ վերադարձնել չեմ կարող և ստիպված եմ ապրել հիշողություններով: Անկասկած, շարունակելու եմ հրապարակել Նարեկի գործերը, ինչը կօգնի անմահացնել նրա հիշատակը»,- ասաց Սաշա Հովսեփյանը և հավելեց, որ մահվան նախօրեին Նարեկը նրան հորդորել էր, որ չհավատա մահվանը, քանի որ մահն ավարտ չէ, այլ նոր բանի սկիզբ:

Աղբյուրը` ysu.am