Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ

2014թ. դեկտեմբերի 4-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացավ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ, որը կազմակերպել էր Օտար լեզուների ամբիոնի ասիստենտ, բան, գիտ. թեկնածու Նունե Դավթյանը:

Ցերեկույթին ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի պրոֆեսորադասախոսական և վարչական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Բացման խոսքով հանդես եկավ Ն.Դավթյանը` Պարույր Սևակի կյանքի մասին զեկուցմամբ գեղարվեստորեն գծագրելով նրա ինքնատիպ կերպարը, գրական և մարդկային ազնիվ նկարագիրը, ցույց տալով նրա պատկառելի վաստակը գրական մտքի անդաստանում:

Այնուհետև «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության տարբեր կուրսերի շնորհալի ուսանողները ներկայացրին Պ.Սևակի խորախորհուրդ բանաստեղծություններից և նրա պոեզիայի հիման վրա ստեղծված երգերից («Հարցաթերթիկ», «Օգնի՜ր ինձ, Մարիա՛մ», «Հո՛վ արեք, սարե՛ր ջան», «Սարերի հովին մեռնեմ», «Դլե յաման», «Երևան դարձած իմ Էրեբունի», «Ու ես հասկացա», «Ես ուզում եմ», «Նամակ», «Հուսահատության պահեր», հատվածներ «Անլռելի զանգակատուն» պոեմից, «Գժվում եմ», «Հրավիրում-ուրախանում եմ», «Կենաց», «Երեքնուկ» և այլն):

«Դլե յաման» երգի հուզիչ կատարմանը դուդուկով նվագակցեց փոքրիկ Տարոնը:

Մասնակիցները ներկայացրին նաև հետաքրքիր բեմականացումներ («Խիղճը և իր մարդկային դիմակը», «Իրերի դատն ու դատաստանը», «Դիմակահանդեսի գլխավորը»):

Վերջում ամփոփիչ խոսք ասաց Ն.Դավթյանը` հայտնելով, որ Պարույր Սևակի ծննդյան 90-ամյակին նվիրված հաջորդ միջոցառումը կանցկացվի գրողի հայրենի գուղում և գրական-երաժշտական ցերեկույթը եզրափակեց Սևակին նվիրված իր հեղինակային` «Աշխարհն ափի մեջ» բանաստեղծությամբ.

Հիմա ափի մեջ բախտ չեն որոնում, սիրելի՛ Սևակ,
Ափով են կերտում, ափով են կերտում ճակատագրեր,
Հիմա չեն ելնում շալակն աշխարհի,
Հիմա աշխարհն են ափի մեջ պահում,
Ուզեն` կնետեն գնդակի նման,
Ուզեն` կայրե՛ն, որ մի քիչ տաքանան,
Ու վերջում թեկուզ, թեկուզ մոխրանան:
Մեկը աշխարհն է ափի մեջ պահում,
Մյուսն աշխարհաձև գլուխը մարդու:
Ոմանք աշխարհն են սպառնում ճզմել,
Ոմանք ճզմում են աշխարհը մարդու:

Աշխարհաձև գլուխ-զրոն չէ դարի տերը,
Դեռ գալու է, Պարու՛յր Սևակ, մարդացման դարը,
Մարդակերպից անցում դեպի մարդու հանճարը:

Մարդկայնության տաճարում է մտքերիդ ջահը,
Դեռ գալու է, Պարու՛յր Սևակ, մեծ մարդադարը: