Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

2015թ. մայիսի 3-ին ԵՊՀ ԻՄ-ի «Սերվիս» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներն իրենց դասախոսների (Լևոն Լաճիկյան, Ջեննի Թամարյան, Ռուզաննա Ավետիսյան) ուղեկցությամբ ճանաչողական այց կատարեցին դեպի հարևան Վրաստանի մայրաքաղաք:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Դա յուրատեսակ բաց դաս էր այդ մասնագիտության ուսանողների համար, ովքեր անցնում են «Հայկական սփյուռքի աշխարհագրություն» առարկան և առաջին քայլերն են անում տիրապետելու վրացերենի նրբություններին ու լեզվական առանձնահատկություններին:

Ուսանողներին հնարավորություն տրվեց մոտիկից ծանոթանալու մերձավոր սփյուռքի այդ համայնքի հետ, ինչպես նաև կիրառելու իրենց լեզվական հմտությունները:

Ուղևորության ընթացքում մասնաճյուղի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լ.Լաճիկյանը ներկայացրեց դասախոսություն` նվիրված վիրահայ համայնքի պատմությանն ու ներկային:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Ապա ուսանողները մասնակցեցին Թբիլիսիի Էջմիածնեցոց Սուրբ Գևորգ եկեղեցու կիրակնօրյա պատարագին, որին հաջորդեց հանդիպումը Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Սրբազան հայրը ողջունեց ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակության այցը Վրաստան և հույս հայտնեց, որ այն լավ սկիզբ կնշանավորի երկու հարևան երկրների երիտասարդության միջև կապերն ամրապնդելու և զարգացնելու ճանապարհին:

Նա իր խոսքում հանգամանորեն անդրադարձավ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի անցյալին ու ներկա մարտահրավերներին: Թեմակալ առաջնորդը միաժամանակ հետաքրքրվեց մասնաճյուղում վիրահայության համար բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններով և հետագա համագործակցությունը խորացնելու հեռանկարով:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Հիշարժան էր շրջայցը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդական կենտրոնի սրահներով, որտեղ հայկական շունչն ու ոգին էր տիրում:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Իջևանի ուսանողների և թիֆլիսահայ երիտասարդների միջև այս հանդիպումը նախաձեռնելով` վրացերեն լեզվի դասախոս, Վրաստանում ծնված և իր բարձրագույն կրթությունը Թբիլիսիում ստացած Ջեննի Թամարյանը նպատակ ուներ այդ ծանոթությունը իմաստավորել հետագա ձեռնարկներով:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

«Հայարտուն» կենտրոնի ղեկավար Լևոն Չիդիլյանը և կրթական ծրագրերի պատասխանատու Եվգենյա Մարկոսյանը ուսանողներին պատմեցին «Սուրբ Մովսես Խորենացի» նախակրթարանի և կիրակնօրյա հայկական վարժարանի մասին, որտեղ ուսումնական երկամյա ծրագիր է նախատեսված ինչպես ոչ հայախոսների, այնպես էլ հայերենին տիրապետողների համար:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Շատ հուզիչ էր հայ մշակույթի նվիրյալ Ռոզա Մանուկյանի սաների ելույթը, ովքեր բանաստեղծություններ ներկայացրին Ջավախքի անմահ զավակ Վահան Տերյանի պեոզիայից:

Այնուհետև «Հայարտուն» կենտրոնի երիտասարդների ուղեկցությամբ մեր ուսանողներն այցելեցին և խոնարհվեցին Խոջիվանքի պանթեոնում ամփոփված հայ գրողների ու հասարակական գործիչների շիրիմներին:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Թե՛ ուսանողներին և թե՛ դասախոսներին տպավորեցին Թբիլիսիի Սամեբա երկնասույզ քրիստոնեական տաճարն ու մյուս նորակառույցները, որոնք Վրաստանի մայրաքաղաքին նոր փայլ ու շունչ են հաղորդել:

Ճանաչողական այց դեպի Թբիլիսի

Թբիլիսիից ուսանողները վերադարձան խորը տպավորություններով ու հույզերով:
Նշենք, որ մասնաճյուղի պատվիրակության այցի մասին Վիրահայոց թեմի մամլո դիվանը չորս լեզուներով (հայերեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն) տեղեկատվություն է տարածել թեմի և «Հայարտան» կայքերում:

Տե՛ս armenianchurch.gerwww.facebook.com: