Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «ԲՈՒՀԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ» խորագրով հանրապետական գիտագործնական կոնֆերանսը

2013թ. մայիսի 18-ին  կայացավ «Բուհերի կառավարման համակարգի բարելավման ժամանակակից հիմնախնդիրները» խորագրով հանրապետական գիտագործնական կոնֆերանսը:

Բացման խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը` նշելով, որ գիտաժողովի թեման արդիական է,  կրթական բարեփոխումների ներկա գործընթացում առաջնային խնդիր է ուսանողակենտրոն ուսուցման կազմակերպումը և ժամանակի պահանջն է, որ բուհերում ստեղծվեն կառավարման այնպիսի համակարգեր, որ ուսանողները բուհն ավարտելուց հետո առանց վերապատրաստման կարողանան աշխատանքի անցնել:

Տնօրենը  կոչ արեց, որ զեկուցողները հանդես գան գործնական առաջարկներով:

Այնուհետև գիտաժողովի կազմակերպիչ, Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի վարիչ տ.գ.դ., պրոֆեսոր Հ.Մարզպանյանը ներկայացրեց գիտաժողովի անցկացման կարգը:

Զեկուցումներով հանդես եկան.

1. Երևանի Ավ.Մկրտչյանի անվան Տնտեսաիրավական համալսարանի տնտ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Ա.Ճուղուրյանը («Ուսանողական բիզնես ինկուբատորները կրթական նոր տեխնոլոգիաների համատեքստում»),

2. Վանաձորի Ղ.Աղայանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանական գիտ. թեկն., դոցենտ Վ.Ղույումչյանը («Կառավարման հոգեբանական գործընթացները բուհական կրթական համակարգում»),

3. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի մանկ. գիտ. թեկն. Թ.Հարությունյանը («Դասախոս-ուսանող համագործակցության դերը մասնագիտական կրթության գործում»),

4. ԵՊՀ  Իջևանի մասնաճյուղի ընդհանուր տնտ. ամբիոնի վարիչ, տ.գ.դ, պրոֆեսոր Հ.Մարզպանյանը («Կրթության որակի ապահովման ներքին համակարգի ձևավորումը, որպես բուհի կառավարման արդյունավետության բարձրացման գործոն»):

Ներկայացված զեկուցումների շուրջ տեղի ունեցավ ակտիվ քննարկում:

Կոնֆերանսի արդյունքներն ամփոփեց գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի խորհրդական Վ.Բրուտյանը: «Ի՞նչ տվեց կոնֆերանսը. ինչպես մոտիվացնել ուսանողներին»,- մասնավորապես նշեց նա: