Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

2016թ. ապրիլի 5-11-ը ԵՊՀ ԻՄ-ի մի խումբ ուսանողներ՝ մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ, տնօրեն Ս.Առաքելյանի, վարչական անձնակազմի այլ անդամների, Երկրապահ կամավորականների միության Տավուշի մարզային վարչության ներկայացուցիչների, պատանի երկրապահների ուղեկցությամբ, այցելեցին մարզի սահմանամերձ համայնքներ՝ սահմանապահ մեր քաջ հայորդիներին աջակցելու նպատակով:

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

 

Յուրաքանչյուր համայնքում հավաքվել էր մարդկանց բազմություն, տիրում էր բարձր մարտական ոգի: 

Անցնելով զանազան մաքառումերի, տառապանքների, կորուստների և շատ դժվարությունների միջով՝ հայ ժողովուրդը հաճախ է ճաշակել պատմության դառը պտուղները, բայց շարունակել է գոյատևել ու ապրել:

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

Ապրել է՝ իր հայրենիքը դավանելով իբրև նպատակ, իսկ անձը՝ իբրև միջոց: Այսօր էլ մեր հայրենիքի պաշտպանության  սուրբ գործով առյուծացել են ահելն ու ջահելը, կինն ու տղամարդը, բոլոր-բոլորը, մի խոսքով՝ վտանգի պահին դարձյալ հառնեց հայության՝ որպես մեկ հավաքական ամբողջության աննկուն ոգին, որը մեր ազատության ու անկախության գլխավոր գրավականն է:

Այն, որ հայ ժողովրդի փրկությունն իսկապես իր հավաքական ուժի մեջ է, անժխտելի է: Եվ պատմությունը քանիցս ցույց է տվել դա: Քանի՜-քանիսը ցանկացան  մեզ սպանել մեր իսկ հայրենիքում, բայց միևնույն է,  չկարողացան հայրենիքը սպանել մեր մեջ: Հիրավի, այն, ինչը չկարողացավ սպանել, ավելի ամուր դարձրեց մեր ժողովրդին. նա համախմբվեց, դարձավ կուռ ու բռունցք և ցույց տվեց աշխարհին իր բազկի ուժը:

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին

Որպես ժողովուրդ՝  յուրահատուկ ենք մեր տեսակով և հավատարիմ այդ տեսակին. ամենածանր ու դժվար պահին հպարտորեն կանգնում ենք մահվան դեմ հանդիման՝ կյանքը չխնայելով մեր ամեն մի կտոր հողի համար, քանզի ամեն մի կտորը մեր արյան գնով ենք պահել և մեր արյան գնի պես անգին է այն…

Այսօրվա պատերազմական իրավիճակն էլ բացառություն չէր. դարձյալ համախմբեց մեզ, զինվորագրվեցինք ու սատար կանգնեցինք մեր զինվորին:

Անմասն չմնաց հասարակության և ոչ մի շերտ (այդ թվում և համալսարանականները)՝  թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի:

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողական կառույցներն էլ  իրենց շուրջը համախմբեցին ուսանողներին և փորձեցին իրենց լուման ներդնել ընդհանուր գործում: «Այս նախաձեռնությանը միասնականորեն մասնակցել են և՛ առկա, և՛ հեռակա ուսուցման համակարգերի ուսանողները, որի համար շնորհակալություն եմ հայտնում բոլոր համալսարանականներին,- նշեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նորընտիր նախագահ Իսկուհի Շաղբաթյանը և հավելեց, – այսքանով հայրենասիրական միջոցառումների շարքը չի սպառվում, այլ, կարելի է ասել, նոր է սկսվում»:

Մեր ուսանողները՝ սահմանապահ քաջ հայորդիների կողքին