2013թ. մայիսի 3-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը:
Մասնաճյուղի նիստերի դահլիճում տեղի ունեցավ վաստակավոր պատմաբանի հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի վարչական, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչների և ուսանողների հետ:
Նախ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը ողջունեց պատվավոր հյուրին և ընդհանուր գծերով ներկայացրեց վաստակավոր պատմաբանի անցած ուղին:
Այնուհետև Ա.Մելքոնյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր հայացքները` կուռ տրամաբանությամբ քննադատության ենթարկելով հայոց պատմության կեղծարարներին և հատկապես թուրք-ադրբեջանական պատմաշինարարներին:
«Մենք պետք է նահանջենք ճանաչումից, որն արդեն իրողություն է: Անհրաժեշտ է խոսել հատուցման մասին»,- նշեց նա: Ա. Մելքոնյանը մատաղ սերնդին կոչ արեց լինել հաստատակամ և նպատակասլաց` հայրենիքի առջև ծառացած խնդիրները լուծելու համար:
Անվանի պատմաբանը նաև պատասխանեց ներկաների հարցերին:
ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը նրան շնորհակալություն հայտնեց հետաքրքիր և բազմաբովանդակ վերլուծության համար` ակնկալելով, որ նման հանդիպումները կլինեն շարունակական:
Վերջում Ա.Մելքոնյանը մասնաճյուղի գրադարանին նվիրեց իր նոր տպագրված «Հայոց պատմության դասերն ու պատգամները» գիրքը: