Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կանանց տոնին նվիրված միջոցառում

2015թ. մարտի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի կիրառական արվեստի ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցավ Կանանց տոնին նվիրված միջոցառում, որը նախաձեռնել և կազմակերպել էր մասնաճյուղի ուսանողական խորհուրդը:

Ներկա էին մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր:

Միջոցառման ընթացքում ԵՊՀ ԻՄ-ի շնորհալի ուսանողները հանդես եկան լուսափթիթ գարնան, «կենաց ծառը մշտադալար պահող» կանանց ու մայրերի, «մայրամուտի շողից պոկված, արշալույսի ցողով օծված» չքնաղ հայուհիների մասին ներբող-բանաստեղծություններով ու երգերով («Մայր բառն ասելիս» /Մելինե Իսկանդարյան/, «Մայրիկ» /Մերի Ներսիսյան/, «Հայաստանի աղջիկները» /Գոհար Գրիգորյան/, «Պատրանքի թևով» /Լուսինե Սահակյան/, «Կգամ» /Նարինե Ամիրխանյան/, «Ես լսեցի մի անուշ ձայն» /Մերի Բարսեղյան/, «Ով սիրուն, սիրուն» /Ռուդիկ Դովլաթյան և Վանուհի Վանեսյան/, «Մի կյանք արժե մի համբույրը աղջկա» /Սոնա Ղևոնդյան/, «Շիրազի գովքը» /Ռուդիկ Դովլաթյան/):

Բեմի վրա ալիքվեց քնքշանուշ նաիրուհու հեզաճկուն պարը հայոց /Մարիամ Մարգարյան/, գալարվեց վալսը խելահեղ` իր շրջապտույտի մեջ առնելով պարող զույգերին:

Այնուհետև ելույթ ունեցավ մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը` գեղեցիկ միջոցառման համար շնորհակալություն հայտնելով Ուսանողական խորհրդի անդամներին, Կանանց տոնի կապակցությամբ ջերմորեն շնորհավորելով մեր սիրելի մայրերին և քույրերին, կին դասախոսներին և ուսանողուհիներին.
«Մարդու ամենամեծ ուրախությունը թերևս երեխայի զգացողությունը չկորցնելն է, որը պահպանվում է այնքան ժամանակ, քանի դեռ ունենք մայր. սիրե՛նք, փայփայե՛նք մեր մայրերին, որոնք մեր մեծագույն գանձն են, հույսն ու ապավենը կյանքում: Շնորհավորենք և շնորհակալություն հայտնենք մեր ա՛յն մայրերին, որոնց զավակները մեր սահմաններն են պաշտպանում, թո՛ղ նրանք երբևէ արցունք չթափեն, իսկ եթե պիտի արցունքոտվեն նրանց աչքերը, ապա այդ արցունքները լինեն միմիայն երջանկության արցունքներ:
Շնորհավորենք մեր կին դասախոսներին, ովքեր սահմանամերձ մարզում մեծ առաքելություն են կատարում. իրենց անձնական վարքագծով, մտավոր ու հոգևոր կարողություններով ջանք ու եռանդ չեն խնայում մեր սերնդի կրթության ու դաստիարակության գործում: Շնորհավորենք նաև մեր այն աղջիկներին, ուսանողուհիներին, ովքեր դեռ մեծ առաքելություն ունեն իրականացնելու կյանքում` մայրանալու, և տա Աստված, որ իսկապես մի օր էլ իրենց երեխաները մոմ վառեն իրենց համար, ինչպես իրենք` իրենց մայրերի»:

Միջոցառման վերջում մասնակիցներն այցելեցին Մայրության և գեղեցկության տոնի առթիվ Կիրառական արվեստի ֆակուլտետի կողմից կազմակերպված ցուցահանդես, որը գեղագիտական մեծ հաճույք ու բավականություն պատճառեց այցելուներին` առավել ամբողջական դարձնելով նրանց տոնական տրամադրությունը:

Միջոցառման մյուս լուսանկարները տե՛ս այստեղ: