Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Ալեքսան Մարգարյանի հետ

IMG_7145 ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ տեսուչ Ալեքսան Մարգարյանը կարծում է«Կարող ես, նպաստի՛ր գործող մեխանիզմի անխափան աշխատանքին և կատարելագործմանը, հակառակ դեպքում`մի՛ միջամտիր»:

Պարո՛ն Մարգարյան, ե՞րբ և ինչպե՞ս է սկսվել համալսարանական Ձեր գործունեությունը:

-1992թ. ընդունվել եմ աշխատանքի Իջևանի տարածաշրջանային քոլեջ-համալսարանում` որպես լաբորանտ, իսկ 1994 թ.-ից` ԵՊՀ ԻՄ-ում որպես դասախոս և մինչ օրս զբաղեցրել եմ վարչական տարբեր պաշտոններ, սակայն ամենաբարձրը համարում եմ դասախոսի պաշտոնը, քանի որ նրան է վերապահված ապագա մասնագետի գիտելիքների և կարողությունների ձևավորման կարևորագույն գործընթացը:

Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել աշխատանքային Ձեր գործունեության ընթացքում:

-Անկեղծ ասած՝ չեմ հիշում գոնե մեկ դեպք, սակայն կարծում եմ աշխատանքային բոլոր խնդիրներն էլ հաղթահարելի են:

-Ո՞րն է եղել ամենադժվար ժամանակահատվածը:

-Կարծում եմ, երբ առաջին անգամ մուտք ես գործում լսարան` դասավանդողի կարգավիճակով, քանզի կրում ես մեծ պատասխանատվություն դասապրոցեսում իրականացրած յուրաքանչյուր գործընթացի համար:

-Հետաքրքիր ի՞նչ դեպքեր ու պատմություններ կհիշեք՝ կապված համալսարանի հետ:

-Այս տարիների ընթացքում բազմաթիվ դեպքեր են եղել, որոնցից մեկի մասին կցանկանայի բարձրաձայնել. սովորաբար լուծարքային քննություններին ուսանողներին ներկայացվող պահանջները թեթևացվում են, և նմանատիպ դրվագներից մեկում տոմսի հարցերին թերի պատասխանելուց հետո ուսանողին հարցնում եմ.

-Լավ, տղա՛ ջան, կասե՞ս՝ ինչ նշանի լիցք ունի էլեկտրոնը` դրական, թե՞ բացասական:

Ուսանողը, որը սիրում էր փողոցային բարբառը, տալիս է ինձ համար ամենաանսպասելի պատասխան.

-Դե…, նայած էլեկտրոն:

-Պարո՛ն Մարգարյան, աշխատանքից դուրս ի՞նչ նախասիրություններ ունեք:

-Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ գիտամանկավարժական կամ վարչական աշխատանքը բավական հոգնեցուցիչ է: Առողջ ապրելակերպը ենթադրում է մտավոր գործունեությանը զուգահեռ հատկացնել ժամանակ նաև ֆիզիկական ակտիվության համար, ինչը ոչ միշտ է հաջողվում: Աշխատանքից հետո նախընտրում եմ լինել ընտանիքիս հետ` հնարավորության դեպքում բնությանը մոտ, լսել երաժշտություն` հիմնականում դասական  կամ գուսանական, նվագել հայկական փողային նվագարաններ, շփվել ընկերներիս հետ, այցելել բարեկամներիս կամ զբաղվել այգեգործությամբ:

-Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին:

-Ընտանիքս համարում եմ կյանքիս գլխավոր ձեռքբերումը: Դաստիարակվելով ուսուցչի ընտանիքում՝ ես և կինս մեծ կարևորություն ենք տալիս երեխաների կրթությանը. յուրաքանչյուրի մեջ բացահայտելով նախասիրություններն ու կարողությունները՝ ուղղորդում ենք մասնագիտության ընտրության հարցում: Մեծ որդիս ծրագրավորող է, գերազանցությամբ ավարտելով բակալավրիատը՝ ընդունվել է ԵՊՀ-ի մագիստրատուրա և այս պահին գտնվում է  զինվորական ծառայության մեջ: Աղջիկս սովորում է դպրոցի ավարտական դասարանում և ցանկանում է դառնալ թարգմանչուհի, իսկ փոքր որդիս իններորդ դասարանի աշակերտ է:

-Ո՞րն է դժվարությունները հաղթահարելու Ձեր բանաձևը:

-Կարծում եմ, եթե առկա են տրամաբանված մոտեցումը, համակողմանի վերլուծությունն ու հավասարակշիռ որոշումը, ապա ցանկացած դժվարության ի զորու ենք դիմակայելու:

-Իսկ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Թո՛ղ բարձրաոճ չհնչի՝ ես պետք եմ ԵՊՀ ԻՄ-ին:

-Ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք կյանքում:

-Թե կարող ես, նպաստի՛ր գործող մեխանիզմի անխափան աշխատանքին և կատարելագործմանը, հակառակ դեպքում`մի՛ միջամտիր:

-Ի՞նչ խորհուրդ կտաք բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են աշխատանքի   անցնելու ԵՊՀ ԻՄ-ում:

-Տեղյակ լինել և ընդունել ԵՊՀ ԻՄ-ում առկա ավանդույթները, բարձր պահել համալսարանականի պատվաբեր կոչումը, առաջնորդվել մարդասիրական ու բարոյական արժեքներով և մշտապես ինքնակատարելագործվել: