Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում վերապատրաստում անցած ուսուցիչներին տրվեցին վկայականներ

1. գլխավոր. IMG_7130 2021թ. դեկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄում վերապատրաստում անցած ուսուցիչների վկայականների հանդիսավոր հանձնումը, որին մասնակցում էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, մասնաճյուղում հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման ծրագրի համակարգող Ասյա Սարգսյանը, Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի մասնագետ Նարա Ղազարյանը:

Ս.թ. նոյեմբերի 1-30-ը Տավուշի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի 75  ուսուցիչներ ԵՊՀ ԻՄ-ում մասնակցել էին 110 ժամ տևողությամբ վերապատրաստումների, որոնց ընթացքը և արդյունքները ներկայացվել էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենության նիստին  և ԿԶՆԱԿ-ի հետ առցանց հանդիպմանը:

Վկայականները հանձնելուց առաջ ուսուցիչներին ողջունեց պարոն Մակարյանը, խոսեց ուսուցիչ-մանկավարժի՝ սերունդներ կրթելու և դաստիարակելու կարևոր առաքելության մասին, երախտագիտություն հայտնեց նրանց՝ որքան պատվաբեր, նույնքան էլ պարտավորեցնող աշխատանքի համար: Անդրադառնալով իրականացված վերապատրաստման դասընթացներին՝ Ա.Մակարյանը նշեց, որ դրանք շատ կարևոր են ոչ միայն մասնագիտական գիտելիքների և հմտությունների զարգացման, այլև փորձի փոխանակման և ուսուցչական համայնքի ձևավորման տեսանկյունից: Հավելեց, որ թեև մասնաճյուղի կողմից առաջին անգամ են իրականացվում նման վերապատրաստումներ, բայց շատ ուրախ է, որ դրանք ունեցել են հաջող ընթացք և գոհացնող արդյունքներ, իրենց՝ ուսուցիչների կողմից արտահայտված դրական կարծիքներ ու արձագանքներ:

Հանձնելով վկայականները՝ տնօրենը շնորհավորեց ուսուցիչներին վերապատրաստումները հաջողությամբ ավարտելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց նրանց արդյունավետ համագործակցության  համար:

Ուսուցիչներն  իրենց  հերթին շնորհակալություն հայտնեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղին՝ արտահայտելով իրենց գոհունակությունը արհեստավարժ  պրոֆեսորադասախոսական կազմից, տրված հիմնարար գիտելիքներից: