Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ի  65 ուսանողի տրամադրվել է կրթաթոշակ՝ Տավուշի թեմի և «Մաշտոց» հիմնադրամի գործակցությամբ

1. գլխավոր

 2021-2022 ուստարվա 2-րդ կիսամյակի համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմը Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամի աջակցությամբ և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ համագործակցությամբ սահմանել է յուրաքանչյուրին մինչև 100.000 ՀՀ դրամի չափով մասնակի կրթաթոշակ ԵՊՀ ԻՄ-ի՝ սահմանամերձ համայնքների և սոցիալապես անապահով ընտանիքների 65 ուսանողի համար:

Կրթաթոշակին արժանանալու համար 2022թ. մարտի 15-31-ը ուսանողները ներկայացրել էին սոցիալական կարգավիճակի և ուսման առաջադիմության վերաբերյալ տեղեկանք, Տավուշի մարզում կամավորական հիմունքներով հասարակական և բարեսիրական աշխատանքներին մասնակցության հավաստագիր:

2022թ. ապրիլի 13-ին Տավուշի թեմի առաջնորդարանում տեղի ունեցավ կրթաթոշակային ծրագրում ընդգրկված ուսանողների հետ հանդիպում, որին մասնակցում էին Տավուշի թեմի առաջնորդը, թեմի ներկայացուցիչներ, ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մ.Օթարյանը, Արտաքին կապերի բաժնի աշխատակիցներ, ուսանողներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը: ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մհեր Օթարյանը շնորհակալություն հայտնեց Բագրատ Սրբազանին՝ ուսանողների ուսման վարձի փոխհատուցման համար:

Հանձնախումբը՝ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի, Արժանապատիվ Տեր հայրեր՝ Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանի, Նոյեմբերյանի հոգևոր հովիվ Տեր Սմբատ քահանա Աբրահամյանի, «Տահույս» սոցիալ-կրթական ՀԿ նախագահ Մերի Առաքելյանի, ԵՊՀ ԻՄ-ի փոխտնօրեն Մհեր Օթարյանի և ԵՊՀ ԻՄ-ի արտաքին կապերի բաժնի մասնագետ Էրինե Ղարայանի մասնակցությամբ, որոշեց կրթաթոշակին դիմած բոլոր ուսանողներին ընդգրկել ուսման վարձի փոխհատուցման ծրագրում: Բարերարների և Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ջանքերի շնորհիվ այս տարի կրթաթոշակառուների թիվը, նախորդ տարիների համեմատությամբ, եռապատկվել է:

Հանդիպման վերջում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին տրվեց նվեր ԵՊՀ ԻՄ-ի՝ 2020-2021 ուստարվա «Դիզայն» մասնագիտության շրջանավարտ Անահիտ Կոնջորյանի աշխատանքը («Եղիցի լույս». հագուստի մոդելավորում, ղեկավար՝ Լ.Մելիքյան)՝ ստեղծված Բագրատ Սրբազանի համար:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի անունից սիրով շնորհավորում ենք կրթաթոշակի արժանացած մեր ուսանողներին ու խորին երախտագիտություն ենք հայտնում Եգիպտահայ ընկերակցության «Մաշտոց» հիմնադրամին և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանին՝ բարերարության, հայրենանվեր մեծ գործունեության համար: