Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Պրոֆեսոր Հ.Կարապետյանի անվան երկրաբանական շրջիկ թանգարանը մասնաճյուղում

1. գլխավոր 2022թ. ապրիլի 15-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում էր ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պրոֆ. Հ.Կարապետյանի անվան երկրաբանական շրջիկ թանգարանը՝ միներալների 100 բացառիկ ցուցանմուշներով:

Թանգարանն իր առջև խնդիր է դրել և իրականացնում է գիտակրթական և սոցիալ-մշակութային համատեղ ծրագրեր ՀՀ տարբեր բուհերի հետ:

Բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբոնի ասիստենտ Պավել Ասլիբեկյանը՝ նշելով հանդիպման կարևորության և անհրաժեշտության մասին:

Զեկուցումով հանդես եկավ թանգարանի վարիչ Գայանե Գրիգորյանը՝ անդրադառնալով թանգարանի գործունեությանը, բաժիններին, իրականացվող ծրագրերին  և առաջիկայում կայանալիք  երիտասարդական գիտաժողովին՝ նվիրված Արա Ցոլակի Դիլդիլյանի նվիրատվության հիման վրա թանգարանում ստեղծված «Աշխարհի քարերը…» միներալների սրահի բացման 10-ամյակին:

Ուսանողների և դասախոսների ուղղած բազմաթիվ հարցերին սիրով պատասխանեց Գ.Գրիգորյանը և հավաստիացրեց, որ մարզի վերաբերյալ երկրաբանության ինստիտուտի գիտական ուսումնասիրություններն ավելի կհարստացնեն ուսանողների գիտելիքները:

Թանգարանի աշխատակիցներ Նարինե Պողոսյանը և Ռուբեն Դավթյանը  հետաքրքիր կերպով ու հանգամանորեն ներկայացրին շրջիկ թանգարանի ցուցանմուշները:

Անդրադարձ կատարվեց ցուցանմուշների ձեռքբերման պատմությանը, եզակի երկրաբանական գոյացություններ հանդիսացող միներալների տեսակներին, գիտական դասակարգումներին, տարբերակելու մեթոդներին, ՀՀ գունագեղ քարերի հանքավայրերին, օգտագործման բնագավառներին:

Խոսվեց ժամանակակից թանգարանների դերի և նշանակության՝ որպես ուսանողների ուսումնասիրությունների և ապագայում ՀՀ-ում թանգարանային տուրիզմի զարգացումը խթանելու համար հզոր բազայի մասին:

Թանգարանի հետ կնքված հուշագրի շրջանակներում մեր ուսանողներն իրենց ուսումնական պրակտիկան կանցկացնեն նաև ՀՀ ԳԱԱ ԵԳԻ պրոֆ. Հ.Կարապետյանի անվան՝ հանրապետական նշանակության միակ երկրաբանական թանգարանում:

Երկկողմ համագործակցության կարևորությանն անդրադարձավ ԵՊՀ ԻՄ-ի ՈՒՄՎ մինչհամալսարանական կրթության և պրակտիկաների կազմակերպման բաժնի վարիչ, «Թանգարանագիտություն» դասընթացի վարող, պ.գ.թ. Լ.Բեգինյանը:

Շրջիկ թանգարանի ցուցանմուշներին ծանոթացան շուրջ 70 այցելուներ՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Զբոսաշրջություն» և «Պատմություն» մասնագիտությունների ուսանողներ և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներ: