Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ֆինանսներ բոլորի համար» երկօրյա դասընթացը

IMG_20190507_160558

 2019թ. մայիսի 6-7-ին ՀՀ ԿԲ-ի «Իմ ֆինանսների ամիսը» ծրագրի շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ում կայացավ «Ֆինանսներ բոլորի համար» երկօրյա դասընթացը, որը վարեց ՀՀ կենտրոնական բանկի թրեյներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի շրջանավարտ Սոնա Ղևոնդյանը:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տրամադրել ֆինանսական տարբեր հասկացությունների վերաբերյալ տեղեկատվություն: 

Ներկայացվեց, որ ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական մյուս կառույցների հետ համատեղ քայլեր է ձեռնարկում մարդկանց ֆինանսական գրագիտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: Արդեն ավանդական դարձած՝ «Իմ ֆինանսների ամիսը» ծրագիրն այս տարի իրականացվում է 7 թեմաների շուրջ՝ կարևոր տնտեսական ցուցանիշներ, բյուջեի կառավարում, խնայողություններ, պարտք, գնումներ, իրավունքների պաշտպանություն և զեղծարարություններից, խարդախություններից պաշտպանություն: Այդ ամենը կատարվում է տարաբնույթ միջոցառումների՝ տնտեսական խաղերի, ինտերակտիվ մրցույթների, շրջագայությունների միջոցով: Ֆինանսական ոլորտում կրթական այդ ծրագիրը շարունակական բնույթ է կրում:

Դասընթացավարը նշեց, որ ֆինանսական կրթության ազգային ռազմավարությունը գործում է 2014 թվականից: Իրականացվող միջոցառումներն էլ ուղղված են գիտելիքի, վերաբերմունքի և վարքագծի փոփոխությանը: Այդ կապակցությամբ մեջբերվեց ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի ղեկավար Արմենուհի Մկրտչյանի խոսքը, թե ամենադժվար բաղադրիչը վերաբերմունքը և վարքագիծը փոփոխելն է: Գիտելիք տալը դեռևս բավարար չէ, որ մարդիկ փոխեն իրենց վարքագիծը. «Մեր խնդիրն է, որ որոշումներ կայացնելիս մարդը իրազեկ լինի, հասկանա, որ եթե մի բանկում վարկի տոկոսադրույքները բարձր են, չպետք է վերցնի կամ պետք է դիմի այլ կազմակերպություն»:

Երկօրյա դասընթացից հետո  մասնակիցները ՀՀ կենտրոնական բանկի կողմից ստացան հավաստագրեր:

Բոլոր լուսանկարները տե՛ս Պատկերասրահում: