ՀՀ պաշտպանության նախարարությունը 2021թ. սեպտեմբերի 1-ից ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում և մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում կազմակերպում է մեկամյա սպայական դասընթացներ:
Դասընթացներին կարող են մասնակցել բուհում ուսանող՝ պարտադիր զինվորական ծառայության 2021թ. ամառային զորակոչին ենթակա, ինչպես նաև ավարտական կուրսի իգական սեռի քաղաքացիները:
Դասընթացները կազմակերպվելու են հետևյալ կրթական ծրագրերով.
- ՀՀ ՊՆ Վ.Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝
– մոտոհրաձգային ստորաբաժանումների կառավարում,
– հրետանային ստորաբաժանումների կառավարում:
- ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում՝
– Ռազմական կապի տեխնիկա,
– ՀՕՊ ռադիոլոկացիոն համալիրներ,
– ՀՕՊ միջին և փոքր հեռահարության զենիթային համալիրներ,
– ՀՕՊ մոտակա գործողության զենիթային համալիրներ:
Դասընթացներին մասնակցելու ցանկություն հայտնած՝ 2021թ. ամառային զորակոչին ենթակա քաղաքացիները պետք է դիմեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ, իսկ իգական սեռի քաղաքացիները՝ համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ:
Զորակոչիկները 2021թ. ամառային զորակոչի ընթացքում սահմանված կարգով կզորակոչվեն ՀՀ զինված ուժեր և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների միջոցով կներկայացվեն հանրապետական հավաքակայան: Առողջական վիճակի վերաբերյալ դրական եզրակացության դեպքում համապատասխան մասնագետները հարցազրույցի միջոցով կստուգեն նրանց մասնագիտական գիտելիքները: Դրական որոշման դեպքում նրանք կուղարկվեն վերոնշյալ՝ համապատասխան Համալսարաններ:
Իգական սեռի քաղաքացիները մինչև 2021թ. հուլիսի 25-ը պետք է ներկայանան համապատասխան ՌՈՒՀ-եր՝ բժշկական հետազոտություն անցնելու, ինչպես նաև մասնագիտական գիտելիքներն ստուգելու նպատակով հարցազրույցի մասնակցելու համար: Դրական որոշման դեպքում, իրենց դիմումի համաձայն, նրանք կընդունվեն պայմանագրային զինվորական ծառայության՝ կնքելով «Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին» պայմանագիր:
Համալսարաններում զորակոչիկների և իգական սեռի քաղաքացիների հետ կանցկացվի «Նորակոչիկների պատրաստության ծրագրով» դասընթաց, որի ավարտից հետո կկայանա զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Նրանց հետ կկնքվի «Սպայական դասընթացին մասնակցելու մասին» պայմանագիր:
Դասընթացներին մասնակցելու ժամանակահատվածում նրանք համարվելու են համալսարանների կուրսանտներ (Զինծառայող):
Իր զեկուցագրի համաձայն՝ ուսումնառությունից հրաժարվելու, կա՛մ անբավարար առաջադիմության, կա՛մ անկարգապահության պատճառով դասընթացից հեռացվելու դեպքում դասընթացում ուսումնառության ժամանակահատվածը չի հաշվարկվում Զինծառայողների պարտադիր զինվորական ծառայության ժամկետում, և վերջիններս՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, սահմանված կարգով ուղարկվում են շարունակելու հետագա պարտադիր զինվորական ծառայությունը:
Դասընթացն ավարտելուց հետո Պաշտպանության նախարարության հետ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր կնքելուց կամ հետուսումնական երկու տարվա ընթացքում իր զեկուցագրի համաձայն պայմանագրային զինվորական ծառայությունից հրաժարվելու դեպքերում ևս դասընթացին մասնակցության և պայմանագրային զինվորական ծառայության ժամանակահատվածը չի հաշվարկվում Զինծառայողների՝ բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, պարտադիր զինվորական ծառայության ժամկետում:
Ուսումնառության և հետուսումնական ծառայության ընթացքում Զինծառայողները կօգտվեն ՀՀ օրենսդրությամբ նախատեսված սոցիալական բոլոր արտոնություններից և դրամական բավարարումներից:
Ուսումնառությունն ավարտելուց հետո զինծառայողներին կշնորհվի առաջին սպայական «լեյտենանտ» զինվորական կոչում, և վիճակահանության կարգով նրանք կնշանակվեն դասակի հրամանատարի պաշտոններում՝ երկու տարի ժամկետով զինծառայություն անցնելու համար:
Վիճակահանության ընթացքում արտոնություն կտրվի բուհը և ռուհը գերազանցությամբ ավարտածներին, զոհված և պատերազմի ժամանակ վիրավորված ու հետագայում ստացած վերքերից մահացած ազատամարտիկների զավակներին:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010-29-45-84, 094-19-90-60, 098-77-18-03: