Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Հարցազրույց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտ, ֆ.մ.գ.թ., ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ Կարեն Հովսեփյանի հետ

      12. Կարեն Հովսեփյան

   2019թ. մայիսի 16-ին հարցազրույց ունեցանք ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2010թ. շրջանավարտ, ԵՊՀ ԻՄ-ի ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ. Կարեն Հայկի Հովսեփյանի հետ:

Խնդրում եմ՝ նշեք Ձեր ծննդյան թիվը և վայրը:

– Ծնվել եմ 1989թ. հունվարի 4-ին Տավուշի մարզի Սևքար գյուղում:

Պատմեք, խնդրում եմ, Ձեր ընտանիքի մասին:

– Ապրում եմ ավանդական հայկական ընտանիքում` ծնողներիս, եղբորս, կնոջս ու աղջկաս հետ, ով մեկ ամիս առաջ է ծնվել: Կինս և եղբայրս նույնպես ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտներ են:

Փոքր հասակում ի՞նչ եք երազել դառնալ:

– Հիշում եմ` առաջին դասարանում շարադրություն էի գրել «ի՞նչ եմ ուզում դառնալ, երբ մեծանամ» թեմայով: Նշել էի օդաչուի մասնագիտությունը:

Ի՞նչ կրթություն եք ստացել:

– 2006-2010 թթ. սովորել եմ ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի «Մաթեմատիկա, ֆիզիկա և ինֆորմատիկա» մասնագիտության բակալավրիատում: 2010-2012 թթ. ուսումս շարունակել եմ ԵՊՀ մագիստրատուրայում՝ ստանալով մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան: 2012-2015 թթ. սովորել եմ Կազանի պետական էներգետիկայի համալսարանի բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնում` որպես ասպիրանտ: 2015թ. ստացել եմ ֆիզ.մաթ. գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2019 թվականին ՀՀ ԲՈԿ-ի կողմից ստացել եմ դոցենտի գիտական կոչում:

Ի՞նչ դեր է խաղացել ԵՊՀ ԻՄում ստացած կրթությունը Ձեր կյանքում:

– ԵՊՀ ԻՄ-ում ստացած կրթությունն ուրույն տեղ ունի իմ կյանքում: Այստեղ իմ մեջ ամրապնդվել է սերը ուսման նկատմամբ, ինչի շնորհիվ էլ հետագայում շարունակել եմ ուսումս այլ բուհերում:

Ի՞նչ աշխատանքային փորձ ունեք:

Աշխատանքային փորձս սկսվել է 2013 թ.-ից, երբ ԿՊԷՀ-ի ասպիրանտուրայում սովորելուն զուգահեռ սկսեցի դասավանդել «Հավանականությունների տեսություն», «մաթեմատիկական անալիզ» առարկաները: Որպես աշխատանքային փորձ կարող եմ նշել նաև ասպիրանտուրայում սովորելու տարիներին մասնակցությունս բազմաթիվ գիտական սեմինարների և կոնֆերանսների`ՌԴ-ում, ՀՀ-ում, որոնք հնարավորություն են տվել մինչ այժմ զբաղվել գիտական գործունեությամբ:

ԵՊՀ ԻՄ-ում սկսել եմ աշխատել 2015թ. սեպտեմբերի 1-ից՝ որպես Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ, այժմ նույն ամբիոնի դոցենտ եմ:

Ո՞րն է Ձեր ամենասիրելի գիրքը:

– Սիրելի գրքեր շատ ունեմ, բայց այս պահին հիշեցի Ալեքսեյ Տոլստոյի «Князь Серебряный» գիրքը:

Ո՞րն է Ձեր կարդացած վերջին գիրքը:

– Jack London – ,,White Fung’’:

Ի՞նչ երաժշտություն եք նախընտրում, և ո՞րն է Ձեր սիրած երգը:

– Սիրում եմ լսել տարբեր ոճերի երաժշտություն՝ մեր հայկական ժողովրդականից մինչև ժամանակակից:

Ո՞րն է Ձեր սիրած ֆիլմը:

Ամենաշատ տպավորված ֆիլմերից այս պահին հիշում եմ ,,Мирный воин” ֆիլմը:

Ունե՞ք նախընտրելի մարզաձև:

– Սպորտաձևերից հետաքրքրվում և միշտ հետևում եմ ֆուտբոլի, հոկեյի և թենիսի առաջնություններին:

Ո՞րն է Ձեր սիրած վայրը Հայաստանում և արտերկրում:

– Հայաստանն իմ հայրենիքն է, և սիրված վայրեր Հայաստանում շատ կան: Ինչ-որ վայր սիրելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է ապրել այդտեղ:

Արտերկրում սիրածս վայրը քաղաք Կազանն է՝ արդեն հարազատ և սիրված վայր:

Ո՞ր հատկանիշներն եք գնահատում մարդկանց մեջ:

– Մարդկանց մեջ գնահատում եմ անկեղծությունը, բարեկրթությունը, անմիջականությունը և հումորի զգացումը:

Ունե՞ք նախընտրած ասույթ կամ կարգախոս, որով առաջնորդվում եք:

– Արա՛ այն, ինչ պետք է անես, և թո՛ղ լինի այն, ինչ լինելու է:

Ի՞նչ երբեք չեք անի:

– Երբեք մի՛ ասա երբեք:

Ինչի՞ց եք վախենում:

– Բոլոր մարդիկ էլ իհարկե ունեն վախեր. ես աշխատում եմ դրանց մասին չմտածել:

Ինչի՞ համար եք ափսոսում:

– Կարծում եմ, որ ոչ մի բանի համար ափսոսալու կարիք չկա, որովհետև եթե նույնիսկ ինչ-որ տեղ սխալվում ես, դու ձեռք ես բերում փորձ, որը հաջորդ անգամ քեզ կօգնի ճիշտ որոշում կայացնել:

Ի՞նչն է օգնում Ձեզ որոշում կայացնել դժվարին իրավիճակներում:

– Ցանկացած իրավիճակ տարբեր տեսանկյուններից դիտարկելը:

Ի՞նչն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

– Կյանքում իհարկե ունեմ ձեռքբերումներ` ընտանիքս, աշխատանքս, ընկերներս: Ինձ համար ձեռքբերում է նաև կյանքն արժևորելը:

Ո՞րն է  հաջողության հասնելու Ձեր բանաձևը:

– Որպես մաթեմատիկոս՝ փորձեմ ձևակերպել հաջողության իմ բանաձևը. աշխատասիրությունը, կամքի ուժը, նպատակին անվերապահորեն հավատալը և ոչ մի հանգամանքում ոչ մի վայրկյան հաջողությանը չկասկածելը = հաջողություն:  

Ո՞րն է Ձեր ստացած ամենաթանկ խորհուրդը:

– Երբեք մի՛ վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես չես ցանկանա, որ քեզ հետ վարվեն:

Ո՞րն է այն հիմնական խորհուրդպատգամը, որ Դուք կտաք երիտասարդներին (մասնավորապես՝ ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին):

– ԵՊՀ ԻՄ-ի ուսանողներին, երիտասարդներին խորհուրդ եմ տալիս լինել ավելի նախաձեռնող, ժամանակի մեծ մասը տրամադրել սովորելուն:

Համալսարանական կրթությունը մասնագետ դառնալու համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար նախապայման է, իսկ բավարար նախապայմանը համալսարանում ստացած գիտելիքները համալրելն է ինքնուրույն աշխատանքի միջոցով:

Ինձ՝ ԵՊՀ ԻՄ-ի նախկին ուսանողիս, ուսման ընթացքում շատ է օգնել դասախոսների հետ աշխատելը դասերից դուրս: Այլ բուհերի հետ համեմատելով՝ հասկացել եմ, որ ոչ բոլոր համալսարաններում դա կարելի է տեսնել: Ուստի խորհուրդ եմ տալիս մեր ուսանողներին չբավարարվել միայն դասի ընթացքում ստացած գիտելիքներով, անհրաժեշտության դեպքում դասից դուրս մոտենալ իրենց դասախոսներին և ստանալ այն հարցերի պատասխանները, որոնց իմացությունն անհրաժեշտ է:

Շնորհակալ ենք անմիջական հարցազրույցի համար:

 

Հարցազրույցը վարեց ԵՊՀ ԻՄ-ի հասարակայնության հետ

կապերի և մամուլի պատասխանատու Հասմիկ Վանյանը:   

Վանյան Հասմիկ Սամվելի