Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Այսօր «Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է

1518849661_1625928

 Այսօր՝ 2019թ. փետրվարի 19-ին, «Հավերժի ճամփորդ», «Հանճարեղ լոռեցի», «Մեր նոր քերթության անհաս Արարատ», «Ամենայն հայոց բանաստեղծ», հայ մեծագույն գրող, ազգային-հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանն է՝ համայն հայության համար մի փառահեղ տոն, ինչու՞ միայն հայության, մարդկության տոն… Հովհաննես Թումանյան, Մարդ, Պոետ, ում կնունքին՝

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը` մյուռոն կենսավետ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ։

Թումանյանը մեր մեջ է՝ կամա թե ակամա, Թումանյանը մեզ հետ է ամեն տեղ և առհավետ, ամեն հասակ իր Թումանյանն ունի… Ինչքան էլ փորձենք ճշգրիտ բնութագրել «աչքի նման պարզ և աչքի նման բարդ» արվեստի տեր այս «Հանճարեղ լոռեցուն», ապա գուցե նմանվենք զուլալ ջրի մեջ սուզված մարգարիտ որսացողին. որքան ցանկանանք շոշափել այդ հազվագյուտ գանձը, փորձենք մոտենալ նրան, այնքան նա հեռանա…

Ավելի լավ է ամեն մեկս փորձենք մի քիչ «Թումանյան» լինել, մի քիչ «թումանյանվենք»՝ նրանից մի մասնիկ կրենք մեր մեջ և տարածենք մեր շուրջը, կարդանք Թումանյանին, ապրենք Թումանյանով՝ նրա խորին խորհուրդներով, աշխարհի, մարդու, չարի և բարու, կյանքի և արվեստի մասին նրա իմաստուն մտքերով, աշխատենք «մարդուն նայել բարի սրտով ու պայծառ հայացքով».

  1. Ոչ մի պաշտոն կամ կոչում չկա, որ հավասար լինի և կարելի լինի համեմատել մարդ կոչումի հետ:
  2. Առողջ հոգով ու մարմնով և ժամանակի գիտակցությունով ու լուսավորությունով ճոխացած. ահա թե ո՛րն է մարդը:
  3. Աշխատեք ձեր սրտերը պահել մաքուր ու լիքը ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհքին ու մարդուն նայեք բարի սրտով ու պայծառ հայացքով:
  4. Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
  5. Երեք բան երբեք չեն վերադառնում՝ արձակված նետը, ասված խոսքը և անցած օրերը:
  6. Խոսքը, նայած, թե ինչ մարդուց ում է ուղղված, ամենազորեղ բժիշկն է: 
  7. Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են… Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի: Դժբախտաբար, մեծ մասամբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…
  8. Բնազդի հետ ճիշտ բանականություն պետք է լինի: Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը:
  9. Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:
  10. Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
  11. Կարելի է և չսիրել հարազատ եղբորը, եթե նա վատ մարդ է, անկարելի է չսիրել հայրենիքը, ինչ էլ որ նա լինի:
  12. Հասել ենք մի ժամանակի, երբ բանը գիրքն է, մանավանդ նրա համար, ով որոշ տարածություն անցել է արդեն, նստի ու պարապի: Ի՜նչ կա ավելի լավ բան, քան գիրքն ու գրականությունը:
  13. Գրել անկեղծ ու կենդանի լեզվով` դրանում է գրողի գլխավոր արժեքը:
  14. Իզուր ջանք է՝ անտաղանդ մարդկանց օգնել՝ գրող դառնալու համար։ Իր եղջյուրները պախրան ինքը պիտի շինե:
  15. Բանաստեղծի համար մի բառը մի աշխարհք է:
  16. Բանաստեղծը նոր տիպ է տիեզերքի մեջ. եթե մարդկության հետ գործ ունի, հանճար է, օրինակ՝ Շեքսպիրը, եթե ազգի հետ գործ ունի, տաղանդ է:
  17. Մեծությունը օրենքներ ու կանոններ չի ճանաչում, իրեն ցանկապատով չի փակում, եղած ցանկապատն էլ քանդում է:
  18. Արևը ստվեր չի տեսնում:
  19. Բանաստեղծությունը չի գրվի հանգով և վանկով, այլ սրտով ու զգացմունքով: Բանաստեղծությունը կյանքի արտահայտությունն է, կամ ավելի լավ է ասել, ինքը կյանքն է։ Այդ բանաստեղծության մեջ կյանքն ավելի կյանք է, քան թե իրականության մեջ:
  20. Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ:
  21. Հեքիաթները անդունդներ են` խորը, անծայր, անվերջ հարուստ ու շքեղ աշխարհ: Հեքիաթը ամենաբարձր ստեղծագործությունն  է, նույնիսկ հանճարները հեքիաթներ չեն կարողանում ստեղծել, բայց հեքիաթների են ձգտում:
  22. Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստոթյան, վեհության։ Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի: Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրություններն են։
  23. Հայկական էպոսը հայ ցեղի ապրած կյանքի ու հոգեկան կարողությունների հոյակապ գանձարանն է ու իր մեծության անհերքելի վկայությունը աշխարհի առջև: Ամեն մի ազգի ուժն ու ոգին մարմնացած է իր ազգային էպոսի մեջ:
  24. …Ծաղիկը դրված է մեջտեղը, և նույն ծաղկից մեղուն մեղր է շինում, օձը՝ թույն:
  25. Թարգմանությունը ապակու տակ դրված մի վարդ է:
  26. Գրականությունն ազգի հոգին է, և գրողներն էդ հոգու ծնունդներն ու արտահայտիչները։
  27. Չգիտենք՝ ինչի հավատանք, ինչ սիրենք, ինչ ցանկանանք, տարուբերվում ենք մի մեծ վարանքի մեջ, բարոյական մի անեզր ալեկոծության մեջ, նավահանգիստ չենք հասնում, փարոս չենք տեսնում, և մեր բոլոր մխիթարությունն այն է, որ ազնիվ են մեր տանջանքները: 
  28. Երբեք այսքան մեծ չի եղել անկեղծության կարիքը ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր:
  29. Մարդիկ քիչ են, գազանները՝ շատ: Եվ այժմ ապրում ենք մի ժամանակ, երբ մեծ ասպարեզ կա մարդու էդ վայրենի բնազդին… 
  30. Էլի խելոքությունը, իմաստությունն ու համբերությունն են ամեն բանի հաղթում։
  31. Աշխարհում մարդիկ կան, որ ապրում են միայն իրենց համար, մարդիկ կան, որ ապրում են ուրիշներին տանջելու համար, մարդիկ էլ կան, որ ապրում են տանջվողներին օգնելու համար: Եվ, ավա՜ղ, ամենից քիչ հենց սրանք են աշխարհում: 
  32. Լավ մարդ – էդ բնության, ավելի ճշմարիտը՝ մարդկության մեջ ամենակատարյալ ու ամենասքանչելի երևույթն է – և ամենահազավագյուտ:
  33. Սքանչելի բան է երկինքը, բայց ո՞վ է գլուխը վեր բարձրացնում:
  34. Զարմանալի բան է էլի. մի քանի օրով գալիս ենք էս աշխարհում ապրելու, էն էլ սիրտներս պղտոր:
  35. … Լավ մարդիկ կան, բայց ազգային ոչ մի բովանդակություն չունեն: Ոչ էս են, ոչ էն:
  36. Մենք քաղաքակրթված ենք միայն մեր շորերով, լուսավորված ենք միայն վկայականներով…
  37. …Ուրիշ ճանապարհ չկա, ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած: 
  38. Խավարն ու ետամնացությունը հեշտ է փարատել լուսով ու հառաջադիմությունով, բայց չարությունը դժվար է փոխել բարության: 
  39. Այսքան դարեր ապրած, ծերացած ժողովուրդ և դեռ չի ըմբռնել կյանքի ներքին իմաստը, անցել է անթիվ ու անհամար փորձերի ու փորձությունների միջով և չի հասկացել, խորամուխ չի եղել, եզրակացություններ չի դուրս բերել այդ փորձերից, չի ստեղծել մի անհատական-զուտ ազգային օրենք…
  40. …Պատմությունը նրա համար է, որ մենք բան սովորենք: Վերջապես լուսավորությունն, արվեստներն ու գիտություններն էլ նրա համար են, որ մենք ավելի մարդասեր դառնանք, ավելի լայն նայենք մարդկանց ու աշխարհքին:
  41. …Մի՞թե խորթ ու անմատչելի պիտի լինի մեզ սիրո պայծառ զգացմունքը։ Մի՞թե չենք կարող իրար մոտենալ, բարության աչքերով նայել իրար ու տեսնել իրար մեջ լավ կողմերը, քանզի մարդ չկա, որ լավ կողմեր չունենա, ու էսպիսով էլ կյանքը դարձնել քաղցր ու սիրելի:
  42. … Շարունակ էնպես է թվում, թե որտեղ որ է՝ մեր աշխարհքը տակն ու վրա է լինելու: Ոնց որ մի լցրած խախուտ թվանք ըլի մի խամ մարդու ձեռքին, որ ապասում ես, թե հրես որտեղ որ է կտրաքի ու…
  43. Ոչ մի բան այնքան ճշմարիտ չէ, որքան  այն, որ մեզանում ճշմարիտ, անկեղծ բան չկա, բոլորը դերասաններ են: 
  44. Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց գարշելի է նա կյանքի մեջ, ուր ապրում են:
  45. Ինձ էնպես է թվում, թե մի շատ թանկագին բան եմ գտել, այսինքն մարդ եմ գտել: Չէ որ մարդը՝ գոնե մեզ համար՝ ամենաթանկ բանն է: 
  46. Տարիներն անցնում են, ետ ես նայում, որ զուր տեղը կորցրել ես ժամանակդ էլ, եռանդդ էլ, ամբողջ կյանքդ էլ: Եվ ամեն օր սպասում ենք, որ պիտի փոխվի: Ասում է՝ գնացին տեսան Մոլլա Նասրէդդինը մի վարար ջրի ափին նստած սպասում է: Ասին՝ ընչի ես սպասում: – Թե՝ սպասում եմ գետն անց կենա, որ հետո ես անց կենամ: Ճիշտ էսպես. մենք էլ սպասում ենք՝ էս ժամանակն անց կենա, որ մեր ուզած կյանքով ապրենք… ու շարունակ սպասում ենք: 
  47. Ավա՜ղ, կարծես թե իզուր են ապրում ու անցնում մեծ փիլիսոփաները, մեծ գիտնականներն ու մեծ բանաստեղծները, ազգերի համար մեծ մասամբ նրանք հանդիսանում են լոկ որպես շքեղ զարդարանքներ: 
  48. Մենակ տաղանդը ի՞նչ անի, հարկավոր են բարեհաջող պայմաններ: 
  49. Այո՛, կարելի է տաղանդներ ու հանճարներ ունենալ, բայց ունենալու համար պետք է գնահատել ու պաշտպանել, իսկ գնահատել ու պաշտպանել, արդեն վաղուց ասված է, կնշանակի՝ ստեղծել: 
  50. Վերջապես կցանկանայինք, որ մեր ազգն էլ կարողանար տեսնել, տեսնել, գնահատել ու պաշտպանել իր ծնած ուժերը: 

Իր այս հանճարեղ մտքերով, «աչքի նման պարզ, թափանցիկ և աչքի նման բարդ» արվեստով Հովհաննես Թումանյանը մարդկությանը կուղեկցի դեռ քանի՜ հարյուր, քանի՜ հազար տարի, չէ՞ որ.

Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.

Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ,

Հազար էսպէս ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,

Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ։