Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառումներ մասնաճյուղում

1. գլխավոր2022թ. ապրիլի 15-ին և 16-ին ԵՊՀ ԻՄ-ի հումանիտար գիտությունների ֆակուլտետում կայացան Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառումներ, որոնք կազմակերպել էր Օտար լեզուների  ամբիոնը (ի դեմս ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Ք.Հարությունյանի և ամբիոնի ասիստենտ, բ.գ.թ. Ա.Կարապետյանի):

Միջոցառումների լեզուն անգլերեն էր:

Ապրիլի 15-ին «Հայոց լեզու և գրականություն» ու «Ռուսաց լեզու և գրականություն» մասնագիտությունների առաջին կուրսի ուսանողները դասախոս Աննա Կարապետյանի հետ միասին անգլերենի դասը վերածեցին փոքրիկ դաս-միջոցառման՝ նվիրված Սուրբ Հարության տոնին: Միջոցառման ընթացքում ուսանողները գեղեցիկ ու բովանդակալից տեսասահիկների միջոցով ներկայացրին Զատկի տոնի ծագումը, խորհուրդը, տոնի հետ կապված՝ տարբեր քրիստոնյա երկրներին բնորոշ ավանդույթները, ինչպես նաև իրենց ձեռքով պատրաստված զատկական որոշ ուտելիքներ: Այդ ամենի միջոցով ավելի լավ պատկերացում կազմվեց տոնի մասին, և որոշակիորեն հարստացավ անգլերենի բառապաշարը:

Ապրիլի 16-ին Քրիստինե Հարությունյանի կազմակերպած համանուն միջոցառման ընթացքում «Օտար լեզու և գրականություն» մասնագիտության 1-ին կուրսի ուսանողները ներկայացրին տոնի պատմությունը, ավանդույթները և խորհրդանիշները ԱՄՆ-ում և Հայաստանում, նշեցին նմանություններն ու տարբերությունները:

Մասնավորապես ներկայացվեց, որ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահվանից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»: Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:  Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Զատկի տոնին հավատացյալները հավկիթ են ներկում: Ներկված հավկիթը  համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար:

Միջոցառումն անցավ հաճելի մթնոլորտում, ավարտվեց ավանդական հավկթախաղով և տոնական հյուրասիրությամբ: