Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

2012-2013 ուստարվա I կիսամյակում աշխատանքային բուռն գործունեություն ծավալեց Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչը

 2011թ. ԵՊՀ ԻՄ արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի վարիչ ընտրվեց նույն ամբիոնի ասիստենտ, ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Վարդիթեր Գուրգենի Պողոսյանը:

1995 թվականից Վարդիթեր Պողոսյանը աշխատել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Ֆիզիկական դաստիարակություն» ամբիոնում որպես դասախոս, այնուհետև (2010թ.) որպես ասիստենտ, 2011 թվականից՝ Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի   վարիչ: 2011-2012 ուստարում Վ. Պողոսյանը մասնաճյուղում հիմնեց փետրագնդակի խմբակ, որտեղ նա մարզում և նախապատրաստում է մեր ուսանողներին՝ մասնակցելու տարբեր մրցաշարերի:

2012-2013 ուստարվա I կիսամյակում որպես ամբիոնի վարիչ նա ծավալեց աշխատանքային բուռն գործունեություն: 2012թ. մարտի 14-17-ին մասնաճյուղում անցկացրեց վոլեյբոլի առաջնություն, ապրիլի 2-3-ին՝ փետրագնդակի, ապրիլի 27-ին՝ բազկամարտի առաջնություն: Սեպտեմբերի 14-ին նրա նախաձեռնությամբ մեր ուսանողները մասնակցեցին անկախության 21-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ մարզերում և ԼՂՀ-ում կազմակերպված մարզային փառատոնին և թիմային հաշվարկով գրավեցին առաջին տեղը: Նույն առիթով սեպտեմբերի 17-27-ին մասնաճյուղում տեղի ունեցավ վոլեյբոլի և փետրագնդակի առաջնություն:

Հոկտեմբերի 10-17-ին Արտակարգ իրավիճակների, մարմնակրթության և սպորտի ամբիոնի   վարիչն անցկացրեց բասկետբոլի և վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն: Հոկտեմբերի 22-23-ին Երևանում տեղի ունեցած փետրագնդակի ՀՀ առաջնությունում Վ. Պողոսյանի կողմից պարբերաբար անցկացված մարզումների շնորհիվ  հաջող հանդես եկավ մասնաճյուղի հավաքականը:

Նոյեմբերի 5-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում նա կազմակերպեց ուսանողական սպորտլանդիա, 19-21-ը՝ շախմատի և սեղանի թենիսի մասնաճյուղային առաջնություն:

Հումանիտար գիտությունների ֆակուլտետն ընտրեց ՈՒԳԸ-ի նոր նախագահ

Ս.թ. դեկտեմբերի 24-ին Հումանիտար գիտությունների ֆակուլտետում տեղի ունեցան ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահի ընտրություններ:

ՈՒԳԸ նախագահի թեկնածուներն էին «Պատմություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Արման Մատինյանը և «Հայոց լեզու և գրականություն» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի Մերի Սահակյանը:

Ընտրությանը մասնակցում էին ֆակուլտետի 48 ուսանողներ, ինչպես նաև մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահը, փոխնախագահը, մյուս ֆակուլտետների ՈՒԳԸ-ի նախագահները:

Նախ ֆակուլտետի ՈՒԳԸ-ի գործող նախագահ Միկիչ Փարսադանյանը ներկայացրեց կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների հաշվետվությունը:

Ապա իր խոսքն ասեց մասնաճյուղի ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը՝ շնորհակալություն հայտնելով ՈՒԳԸ-ի գործող նախագահին գրեթե 3 տարի ֆակուլտետի ՈՒԳԸ-ն ղեկավարելու և կազմակերպչական գործունեություն ծավալելու համար:

Այնուհետև թեկնածուները հակիրճ ներկայացրին իրենց ծրագրերը:

Փակ ընտրությունների արդյունքում 33 ձայնով ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախագահ ընտրվեց Մերի Սահակյանը:

Ներկաները շնորհավորեցին նրան և մաղթեցին կազմակերպչական բուռն գործունեություն:

Զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչը

Ս.թ. դեկտեմբերի 21-ին ԵՊՀ ԻՄ գրադարանում գիտական զեկուցում կարդաց Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգ. գիտ. թեկնածու, դոցենտ Վլ. Միքայելյանը: Զեկուցման թեման էր «Հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը»:

Ներկա էին Հոգեբանության և մանկավարժության ամբիոնի դասախոսներ, մասնաճյուղի աշխատակիցներ և ուսանողներ:

Վլ. Միքայելյանը բավականին հանգամանորեն ու բովանդակալից կերպով ներկայացրեց հոգեսոմատիկ հոգեբանության հիմնախնդիրը՝ նախորդ դարի ձեռքբերումներից մինչև այսօրվա նվաճումները:

Թեման հետաքրքիր էր. տեղի ունեցավ ակտիվ քննարկում, որին մասնակցեցին թե՛ ուսանողները և թե՛ դասախոսները:

Նախատոնական հանդիպում

   2012թ. դեկտեմբերի 27-ին՝ ժամը 12:00-ին, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի դահլիճում տեղի կունենա տնօրեն Ս.Ա.Առաքելյանի նախատոնական հանդիպումը հաստատության աշխատակիցների, ուսանողական խորհրդի և ուսանողական գիտական ընկերության անդամների հետ:                          Տնօրենություն