Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ստեղծագործում են մեր ուսանողները

Ս.թ. դեկտեմբերի 19-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ երկու գրքերի շնորհանդես: Ներկա էին ՀԳՄ նախագահ Լ.Անանյանը, ԵՊՀ ռեկտոր Ա.Սիմոնյանը, պրոռեկտոր Ռ.Մարկոսյանը, Մշակույթի կենտրոնի ղեկավար Կ.Դավթյանը, Գրական ստուդիայի ղեկավար Ս.Մխիթարյանը, դասախոսներ, ուսանողներ:

2011 թ. Երևանի պետական համալսարանը և Արցախի պետական համալսարանը կազմակերպել էին ստեղծագործությունների մրցույթ՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին:

Առաջին գրքում, որը կրում է «Քայլեր և արձագանք» վերնագիրը, ամփոփված են այդ մրցույթի լավագույն ստեղծագործությունները:

Երկրորդ գիրքը, որը «Գրական համալսարան» շարքի հերթական գիրքն է, կոչվում է «Ստեղծագործում են ուսանողները» և նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Այստեղ ընդգրկված են տարբեր տարիներին ստեղծագործած ուսանողների, այդ թվում՝ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի 4 ուսանողների՝ Սլավիկ Ալավերդյան, Լիլիթ Քալանթարյան (ԿՄ/Ֆ 4-րդ կուրս), Գոհար Ամիրխանյան, Լիանա Ափինյան (Սերվիս 3-րդ կուրս) աշխատանքները:

ԵՊՀ մշակույթի կենտրոնը կազմակերպել էր տոնական միջոցառում, որի ընթացքում հնչեցին գրքերում տեղ գտած ստեղծագործությունների արտասանություններ, երգեր, բեմադրվեցին փոքրիկ ներկայացումներ:

Գրադարանում անգամ տոնածառն է գրքերից

Ս.թ. դեկտեմբերի 17-ին ԵՊՀ ԻՄ հումանիտար գիտությունների ֆակուլտետի առաջին կուրսերի 4 ուսանողներ (Մենուհի Նազարյան, Քնար Մանուկյան, Հակոբ Գասպարյան, Ամիրան Գալավորյան) նախաձեռնեցին մասնաճյուղի գրադարանում գրքերից տոնածառ պատրաստել:

Նախաձեռնությունը հավանության արժանացավ գրադարանի վարիչի և աշխատակիցների կողմից, ովքեր նրանց տրամադրեցին մոտ 200 գիրք: Ուսանողները գրքերից պատրաստեցին ավելի քան մեկ մետր բարձրությամբ տոնածառ, որն այնուհետև զարդարեցին փայլերով, զարդերով և լույսերով:

Նրանց նպատակն էր ավելի պայծառ դարձնել ԵՊՀ ԻՄ ուսանողների առօրյան, ինչպես նաև դրանով խթանել ուսանողների մուտքը գրադարան:

Կարդալ ավելին

Ամանորյա միջոցառում

2012թ. դեկտեմբերի 14-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ ամանորյա միջոցառում (անգլերեն լեզվով), որը նախաձեռնել և կազմակերպել էին Օտար լեզուների ամբիոնի վարիչ Ք.Հարությունյանը և նույն ամբիոնի դասախոս Լ.Բագումյանը:

Ներկա էին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը, Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը, դասախոսներ, ուսանողներ:

«Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանողները ներկայացրին Ամանորին նվիրված երգեր (հատկանշական է «ABBA» խմբի «Happy New Year» երգը), բանաստեղծություններ, պար, բեմադրեցին «Սպիտակաձյունիկ» ներկայացումը:

Նվերներով եկան Ձմեռ պապն ու Ձյունանուշը:

Վերջում հանդես եկավ Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վ.Ալեքսանյանը՝ անգլերենով շնորհակալություն հայտնելով տոնական հաճելի միջոցառման համար:

Կարդալ ավելին

Աշխատանքի տոնավաճառ՝ ուսանողների համար

Ս.թ. դեկտեմբերի 13-15-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Աշխատանքի տոնավաճառ. առաջին քայլեր դեպի աշխատանք» ծրագիրը:

Այն իրականացվում է ՀՀ բոլոր մարզերում Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից:

Առաջին երկու օրերին ծրագրին մասնակցող շուրջ 25 ուսանողներ սովորեցին, թե ինչպես փնտրել աշխատանք, գրել ինքնակենսագրություն, դիմել գործատուին և ներկայանալ աշխատանքային հարցազրույցի, իմացան աշխատանքային պարտականությունների և իրավունքների մասին:

Երրորդ օրը տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Հրավիրվել էին մի շարք կազմակերպությունների անդամներ, որոնք ներկայացրին իրենց կազմակերպությունների գործունեության ուղղվածությունը և թափուր աշխատատեղերը, պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին:

Վերջում բոլոր մասնակիցներին տրվեցին հավաստագրեր:

Կարդալ ավելին

Զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչը

Ս.թ. դեկտեմբերի 12-ին ԵՊՀ ԻՄ բնական գիտությունների ֆակուլտետում գիտական զեկուցում կարդաց Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Մանվել Զաքարյանը: Ներկա էին ֆակուլտետի դեկան Ա. Ցուցուլյանը, դասախոսներ, ուսանողներ:

Զեկուցման թեման էր «Տեոպլիցի օպերատորներ անալիտիկ ֆունկցիաների որոշ տարածություններում»: Թեման արդիական է և ունի կիրառական նշանակություն ֆիզիկայում: Քննարկվեց Տեոպլիցի օպերատորների հատկությունները Հարդիի H2 և մակերեսով ինտեգրելի անալիտիկ ֆունկցիաների տարածությունների վրա՝ տարբեր սիմվոլների դեպքում:

Կարդալ ավելին