Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ՈՒԳԸ-ն պարգևատրեց ակտիվ ուսանողներին և աջակիցներին

2013թ. մայիսի  31-ին ԵՊՀ ԻՄ ուսանողական գիտական ընկերությունը ներկայացրեց կազմավորումից ի վեր կառույցի անդրանիկ հրապարակային հաշվետվությունը:

Բացման խոսքով հանդես եկավ ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը: Նա սեղմ ներկայացրեց ընկերության ստեղծման պատմությունը և նպատակները:

Այնուհետև առաջարկեց դիտել ՈՒԳԸ-ի գործունեության վերաբերյալ տեսանյութ, որը պատրաստվել էր ընկերության անդամների կողմից:

Տեսանյութը դիտելուց հետո Սլավիկ Ալավերդյանը նշեց, որ շնորհալի և ակտիվ ուսանողները միշտ գտնվել են թե՛ուսանողական գիտական ընկերության, թե՛ մասնաճյուղի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վերջին տարիներին ակտիվ ուսանողները պարգևատրվել են նաև ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կողմից: Ապա պատվոգրեր ստանալու համար բեմ հրավիրեց վերջին 3-4 տարիների ընթացքում ՈՒԳԸ-ի աշխատանքներին առավել ակտիվորեն մասնակցած ուսանողներին: Նրանք ընտրվել էին բոլոր մասնագիտություններից՝ գլխավորապես ավարտական կուրսերից:

Այնուհետև շնորհակալագրեր և գրքեր ստացան ՈՒԳԸ-ին աջակցած և նրա հետ համագործակցած անձինք, կառույցների անդամները կամ ղեկավարները:

Շնորհակալագիր տրվեց մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանին՝ կազմավորումից ի վեր կառույցին ցուցաբերած համակողմանի աջակցության համար:

Տնօրենը շնորհակալություն հայտնեց նվերի և շնորհակալագրի համար, շնորհավորեց ՈՒԳԸ-ին և պարգևատրվողներին, խոսեց ակտիվության, սովորելու և ինքնադրսևորվելու կարևորության մասին:

Ուսանողական գիտական ընկերությունը նախատեսել էր անակնկալ:

Վերջում ելույթ ունեցավ երիտասարդ երգիչ Վահագն Ռուշանյանը (Վահագ Ռաշ), որը կատարում է մեծ մասամբ հայ գրողների (Ե.Չարենց, Մ.Մեծարենց, Հովհ.Շիրազ, Վ.Տերյան, Ս.Կապուտիկյան) բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր:

Ուսանողական գիտական ընկերության կազմակերպած միջոցառման ժամանակ նա կատարեց 4 երգ՝ «Լուսամփոփի պես աղջիկ», «Անուրջներ», «Հայուհի գեղեցիկ», «Աշնան քամի»:

Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ ավարտական աշխատանքների պաշտպանություն

2013թ. մայիսի 29-ին Կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ ավարտական աշխատանքների պաշտպանություն: Ողջույնի խոսքով հանդես եկավ մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը:

Հանձնաժողովը գլխավորում էր ՀՀ նկարիչների միության անդամ, ՀՀ նկարիչների միության Վանաձորի մասնաճյուղի նախագահ, Վանաձորի երկրագիտական թանգարանի տնօրեն Փափագ Սուրենի Ալոյանը:

Ավարտական աշխատանքների թեմատիկան բավականին ընդգրկուն էր:

30 ուսանողից 10-ը ներկայացրել էր փայտի գեղարվեստական մշակման, երեքը` գեղանկարչության, յոթը` գոբելենի, երեքը` բատիկայի, երկուսը` խեցեգործության, մեկը` կարպետագործության, երեքը` վիտրաժային նկարչության, մեկը` բոլորաքանդակի աշխատանքներ:

Արդյունքները գոհացուցիչ էին, շատ աշխատանքներ արժանացան հանձնաժողովի նախագահի դրվատանքին: Նա նշեց, որ կան աշխատանքներ, որոնք մեծ հպարտությամբ կարելի է ներկայացնել ցանկացած ձևաչափի և ցանկացած երկրում կազմակերպվող ցուցահանդեսներում:

18 ուսանող ստացան «գերազանց», 12 ուսանող` «լավ» գնահատականներ:

Հանձնաժողովի բարձր գնահատականին արժանացան Իրինա Բեգինյանի (գոբելեն. «Փյունիկ»), Տաթևիկ Խառատյանի (բատիկա. «Երազ»), Արթուր Հայրապետյանի (փայտի գեղ. մշակում. «Անահիտ»), Մարիամ Մադաթյանի (հայկական կարպետ), Արփինե Մանուչարյանի (գոբելեն. «Թմուկ բերդը»), Աստղիկ Մելիքսեթյանի (վիտրաժային նկարչություն), Մերի Մինասյանի (գոբելեն. «Հրաշքների քաղաք»), Նվարդ Շահինյանի (վիտրաժային նկարչություն «Նռնաշար»), Ռոզա Սահակյանի (բատիկա. «Հայկական պար»` «Բերդ»), Արթուր Սաքանյանի (փայտի գեղարվեստական մշակում. «Մաշտոցի ոգին»), Վահե Վելումյանի (վիտրաժային նկարչություն. «Հավերժություն»), Նարինե Օրդինյանի (խառը տեխնիկա` խեցի-մետաղ, չրաման «Ժպիտ») ավարտական աշխատանքները: