Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Տնօրենը հանդիպեց ուսանողների հետ

2016թ. մայիսի 18-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը ուսանողների՝ կուրսերի ավագների, ուսանողական կառույցների ներկայացուցիչների հետ:

Տնօրենը հանդիպեց ուսանողների հետ

Հանդիպմանը ներկա էին նաև իրավախորհրդատու, Ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ա.Հովհաննիսյանը, Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական գործընթացին, քննաշրջանի մեկնարկին,  ռոտացիային, ուսանողներին հուզող տարբեր խնդիրներին վերաբերող հարցեր:

Ուսանողական խորհրդի անդամները ներկայացրին առաջարկներ՝ իրենց աշխատանքները արդյունավետ կազմակերպելու, համակարգելու նպատակով սեմինար-քննարկումներ իրականացնելու վերաբերյալ:

Տնօրենը հանդիպեց ուսանողների հետ

Տնօրենը շեշտեց, որ ուսանողական կառույցները (Ուսանողական խորհուրդ, Ուսանողական գիտական ընկերություն, «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբ) լավագույն հարթակն են ուսանողների ինքնադրսևորման համար:

Նրանց դարձյալ կոչ արեց լինել ակտիվ, հաճախակի կազմակերպել գիտաժողովներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր, տարաբնույթ միջոցառումներ, որոնք կնպաստեն օրինավոր մարդ և քաղաքացի, հասարակության լիարժեք անդամ ձևավորելուն:

 

Աշակերտների ճանաչողական այցը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2016թ. մայիսի 17-ին ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետ ճանաչողական այցով հյուրընկալվեցին Կայանի Հինդլյանի անվան դպրոցի բարձր դասարանի աշակերտները:

?????????????

Նրանց ընդունեցին ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մ.Զաքարյանը և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները: Պարոն Զաքարյանը հանդես եկավ ողջույնի խոսքով:

Ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ամբիոնի ասիստենտ, տեխն.գ.թ. Ա.Սիմոնյանը աշակերտներին ծանոթացրեց համակարգչից օգտվելու հմտությունների ծրագրերին, տեղում գրվեցին համակարգչային ծրագրեր՝ աշակերտների ալգորիթմական մտածողությունը զարգացնելու, ծրագրավորման հիմունքներին ծանոթացնելու նպատակով:

17-05-2016-1

Աշակերտներն այնքան ոգևորված էին, որ ցանկություն հայտնեցին իրենց գիտելիքները խորացնել հենց ծրագրավորման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում:

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի ասիստենտ Լևոն Լաչիկյանը, ով պատշաճ մակարդակով կազմակերպել էր այցը, հույս հայտնեց ապահովել աշակերտների շարունակական այցելությունը մեր բուհ, նրանց հետաքրքող թեմաներով կազմակերպել դասեր, որոնք կնպաստեն նրանց մասնագիտական կողմնորոշմանը:

Ուսանողական գիտական նստաշրջան

scientific-conference

Հարգելի՛ ուսանողներ, 2016թ. հոկտեմբերի 14-ին Վանաձորի պետական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը կազմակերպում է գիտական նստաշրջան:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Զեկուցումների թեմատիկան ազատ է:

Գիտական նստաշրջանին ներկայացված լավագույն զեկուցումները տպագրվելու են ՎՊՀ ՈՒԳԸ-ի «Գիտական հոդվածների ժողովածու»-ի հերթական համարում:

Գիտաժողովի աշխատանքները կանցնեն հետևյալ ուղղություններով.

1. Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն

2. Հայոց լեզու և գրականություն

3. Օտար լեզուներ և գրականություն

4. Տնտեսագիտություն

5. Մանկավարժություն, հոգեբանություն և սոցիոլոգիա

6. Փիլիսոփայություն

7. Արվեստագիտություն

8. Բնագիտություն և աշխարհագրություն

9. Կենսաբանություն և քիմիա

10. Ֆիզիկա և մաթեմատիկա:

Մասնակցությունը գիտաժողովին.
Գիտաժողովը նախատեսում է առկա/հեռակա մասնակցության ձևեր:

Գիտաժողովի աշխատանքներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2016թ. հոկտեմբերի 14-ը լրացնել և ՈՒԳԸ-ի էլ.փոստի հասցեին (sss.ysu.am@mail.ru) ուղարկել մասնակցության հայտաձևը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագրի սքանավորված տարբերակը:

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, ՄԱՅՐ ԲՈՒՀ…

Սոցիալական նոր ծրագիր` ԵՊՀ-ի` հաշմանդամություն ունեցող աշխատողների համար
1919թ.-ի մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդն ընդունեց Երևանում համալսարան հիմնելու վերաբերյալ պատմական որոշումը:

Հայ ժողովրդի հոգու աղոթքը հիրավի մայիսյան է, քանզի մայիսը հայ ազգի համար հաղթանակների և ցնծությունների ամիս է: Հայն իր  ճակատագրական հաղթանակների դափնեպսակը հյուսել է հենց մայիսին՝ նվիրելով մեզ ազգային գոյի և ինքնահաստատման կամք ու պատվանդան:

Մեր պատմության մայիսյան ամենաոգեղեն հաղթանակներից մեկն էլ Երևանի պետական համալսարանի` մեր հարատևության յուրօրինակ խորհրդանիշի  հիմնադրումն է: Ստեղծվելով ծանր ու դժվարին ժամանակներում՝ այն դարձավ մեր ժողովրդի ոգեղեն փարոսը, հույսն ու անուրջը: Համալսարանի հիմնադրումով նաև հայ ժողովուրդը պատասխանեց ճակատագրին ՝ ջարդին, եղեռնին ու ավերումին հակադրելով իր կառուցող, խորհող ու ստեղծագործող ոգին:

Համալսարանն առաջին իսկ օրերից իր սաների համար դարձավ անանց սիրո խորհրդանիշ, ստեղծագործական ներշնչանքի կենարար աղբյուր, թևեր տվեց նրանց՝ ուղի հարթելով դեպի իմացության խորքերն ու գիտության լույսը:

Ի՛մ համալսարան, քո ջերմությամբ լի սրահներում ու մտքի խորաններում կրթել ու դաստիարակել ես հազարավոր սերունդների, ովքեր այսօր աշխարհի տարբեր ծայրերից սփռում են այն լույսը, որ քեզնից են ստացել: Ի՛մ համալսարան, քո մայրաշունչ գիրկն այսօր էլ բաց է երիտասարդների համար, որ նրանց համար դառնաս ոչ միայն գիտելիքների մայր օջախ, այլև լինես նրանց զարթնող մտքի դայակն ու խորհրդատուն, նրանց պատանեկան երազների վկան և ուղենիշը:

Մե՛ր Մայր համալսարան, համոզված ենք, որ շարունակվելու է քո հավերժի երթը, որ քո գարունները ծաղկառատ են լինելու, և ինչպես քո օրհներգում է ասված, «Դու հար ցնծալու ես քո վարար լույսով, շողակնյա, Հայոց համալսարա՜ն»: 

Աղբյուրը՝ ysu.am

Վոլեյբոլի հուշամրցաշարում ԵՊՀ ԻՄ-ի թիմը գրավեց մրցանակային տեղ

Վոլեյբոլի մասնաճյուղային առաջնություն

2016թ. մայիսի 13-ին Նոյեմբերյանում տեղի ունեցավ վոլեյբոլի հուշամրցաշար՝  նվիրված զոհված ոստիկաններին:

Մրցաշարին մասնակցում էր յոթ թիմ՝ ԵՊՀ ԻՄ-ի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի, Գանձաքարի, Նոյեմբերյանի, Պտղավանի, Դովեղի, Արճիսի թիմերը:

Խաղերն ընթացան երկու ենթախմբերով:

Առաջին ենթախմբում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի թիմը մրցեց Պտղավանի, դատարանի և Դովեղի թիմերի հետ: Կիսաեզրափակիչում Պտղավանի թիմը հաղթեց մասնաճյուղի թիմին:

Երկրորդ ենթախմբում հանդիպեցին Նոյեմբերյանի և Գանձաքարի թիմերը: Հաղթեց Գանձաքարի թիմը՝ դուրս գալով եզրափակիչ:

Առաջին տեղի համար մրցեցին Պտղավանի և Գանձաքարի թիմերը:

Հաղթեց Գանձաքարի թիմը, որը պարգևատրվեց փոխանցիկ գավաթով, մեդալով և պատվոգրով:

Երրորդ տեղի համար ԵՊՀ ԻՄ-ի թիմը մրցեց Նոյեմբերյանի թիմի հետ և հաղթեց՝ պարգևատրվելով մեդալով, պատվոգրով և հուշանվերով: