Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ի գիտություն ԵՊՀ ԻՄ-ի ուսանողների

Ardshin.

 Ուսման վարձավճարի ամսական վճարման կարգի մասին ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գ.Գևորգյանի ստորագրած հրամանի համաձայն՝ ԵՊՀ-ի բոլոր (այդ թվում՝ ԵՊՀ ԻՄ-ի) ուսանողներն իրավունք ունեն կիսամյակի համար սահմանված ուսման վարձավճարը վճարելու ընթացիկ կիսամյակի 4 ամիսների ընթացքում (1-ին կիսամյակում՝ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, 2-րդ կիսամյակում՝ փետրվար, մարտ, ապրիլ, մայիս)՝ յուրաքանչյուր ամիս վճարելով տվյալ կիսամյակի համար սահմանված վարձավճարի առնվազն 25 տոկոսը:

 Ուսանողները պետք է ընթացիկ ամսվա համար սահմանված ուսման վարձավճարի համապատասխան մասը վճարեն ԵՊՀ ԻՄ-ի բանկային հաշվեհամարին մինչև տվյալ ամսվա 10-ը: Տվյալ ամսվա համար սահմանված չափով կամ նախատեսված ժամկետում ուսման վարձավճարը չվճարելու դեպքում ուսանողը կարող է հեռացվել բուհից:

Ուսման վարձավճարն անհրաժեշտ է վճարել  ԵՊՀ ԻՄ-ի՝ «Արդշինբանկ»-ում բացված հետևյալ հաշվեհամարին՝  247610017094:

 

ԵՊՀ ԻՄ-ի հաշվապահություն

«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը վերսկսվում է

vivacell

 Հարգելի՛ ուսանողներ, ՎիվաՍել-ՄՏՍ-ը հրավիրում է մասնակցելու «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագրին, որը կմեկնարկի 2019թ. հոկտեմբերի 1-ին և կավարտվի ս.թ. դեկտեմբերի 27-ին:

Ծրագրի նպատակն է զարգացնել ուսանողների՝ վաճառքի և սպասարկման հմտությունները: Ծրագրի ընթացքում հնարավորություն կունենաք կիրառելու ձեր գիտելիքները վաճառքի, միջանձնային հաղորդակցման ուղղությամբ, ինչպես նաև ձեռք բերելու նոր գիտելիքներ և հմտություններ հեռահաղորդակցության, հաճախորդների սպասարկման և ժամանակակից տեխնոլոգիաների ոլորտներում:

Ծրագրի սկզբում անցկացվելու է երկօրյա դասընթաց, իսկ այնուհետև կազմակերպվելու է առնվազն կես օրվա ներգրավվածությամբ պրակտիկա Երևանում և ՀՀ մարզերում գործող ՎիվաՍել-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոններում: Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, իսկ բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ծրագրին կարող են դիմել միայն բուհի 3-րդ, 4-րդ և մագիստրատուրայի 1-ին և 2-րդ կուրսում սովորող ուսանողները: Ծրագրի մասնակից դառնալու համար անհրաժեշտ է ունենալ հետևյալ որակավորումները.

  1. բարձր առաջադիմություն և օտար լեզուների իմացություն,
  2. հաղորդակցման գերազանց հմտություններ,
  3. դրական մոտեցում/էնտուզիազմ,
  4. տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
  5. քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրում ընդգրկվելու համար անհրաժեշտ է ներկայացնել CV/ինքնակենսագրական և մոտիվացիոն գրություն, որի մեջ պետք է նշվի, թե ինչու եք ցանկանում մասնակցել տվյալ ծրագրին, ինչ սպասելիքներ ունեք ծրագրից և ինչու պետք է Ձեզ ընտրենք: Անհրաժեշտ է նշել նաև Ձեր բնակության վայրը և նախընտրած մարզի 2-3 համայնք, որտեղ կարող եք մասնակցել մեր ծրագրին:

Ըստ վերոհիշյալ պահանջների՝ իրականացվելու է մասնակիցների ընտրության գործընթաց:

Խնդրում ենք մինչև ս.թ. սեպտեմբերի 20ը ձեր դիմումներն ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին` կից ներկայացնելով պահանջվող փաստաթղթերը: Դուք կարող եք դիմել նաև www.mts.am և www.staff.am կայքերով:

Շնորհակալություն հետաքրքրության և էնտուզիազմի համար:

 

ՎիվաՍել-ՄՏՍ

Մասնաճյուղում մեկնարկեց նոր՝ 2019-20 ուսումնական տարին

1. գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 2-ին Գիտելիքի և դպրության օրվան նվիրված տոնական միջոցառմամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում մեկնարկեց նոր՝ 2019-20 ուսումնական տարին:

ԵՊՀ ԻՄ-ը նոր ուստարում իր հարկի տակ դիմավորեց առկա ուսուցման 165 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Ներկա էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Ա. Հ. Մակարյանը, բուհի աշխատակազմի անդամները, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի նոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանը՝ Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ շնորհավորելով բոլոր համլսարանականներին՝ բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմին, ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին, ծնողներին: Իր շնորհավորական ուղերձում նա մասնավորապես նշեց. «Ինձ համար շատ հաճելի օր է այն առումով, որ որպես տնօրենի պաշտոնակատար այսօր իմ առաջին աշխատանքային օրն է, և կրկնակի հաճելի է, որ համընկել է նոր ուսումնական տարվա սկզբի հետ: Ես ողջունում եմ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ողջ աշխատակազմին, մեր սիրելի ուսանողներին, բոլոր հյուրերին, շնորհավորում նոր ուսումնական տարվա առիթով: Տարին կրկնակի հոբելյանական է. դուք լավ գիտեք, որ Երևանի պետական համալսարանը` Մայր բուհը, նշում է իր հիմնադրման 100-ամյակը: Մեզ համար ուսումնական տարին նույնպես հոբելյանական է. այս տարի 25-րդ անգամ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղն իր դռներն է բացել մարզի դպրոցների շրջանավարտների առաջ: Լինելով դեռևս բավականաչափ երիտասարդ բուհ՝ մեր մասնաճյուղն իր ուրույն տեղն ունի տարածաշրջանային բոլոր բուհեր մեջ: Մենք մեր դեմքն ունենք, և մեր խնդիրն է լինելու շարունակել գեղեցիկ ավանդույթները և ներդնել նորերը: Հազարավոր շրջանավարտներ է ունեցել մասնաճյուղը, որոնք իրենց տեղն են գտել կյանքում. նրանք դարձել են ուսուցիչներ, կառավարիչներ, հիմնադրել են սեփական բիզնեսը, և այդ առումով մեծ է եղել մասնաճյուղի ներդրումը: Կարևորն այն է, որ մասնաճյուղի դռներից նրանք դուրս են եկել որպես պատրաստի մասնագետներ: Եթե ինձ հարցնեն, թե ինչ է համալսարանը, ես ունեմ կարճ պատասխան՝ իսկական համալսարանը ավանդույթներն են. ակադեմիական ազատություն և ազնվություն, կարգապահություն, սեր ընտանիքի, համալսարանի և հայրենիքի հանդեպ, միմյանց նկատմամբ հարգանք, այնպիսի մթնոլորտ, որտեղ իշխում  է մրցակցությունը, բայց մրցակցությունը գիտության, գիտելիքի ձեռքբերման ոլորտում:

Սիրելի՛ առաջին կուրսեցիներ, ես վստահ եմ, որ այն ուսանողները, ովքեր մուտք են գործում մեր ուսումնական հաստատություն, կդիտարկեն մասնաճյուղը որպես  իրենց երկրորդ տուն, իսկ ուսանողությանը՝ որպես երկրորդ ընտանիք, այնպիսի ընտանիք, որտեղ բոլորը հպարտանում են մեկի հաջողությամբ և տխրում նրա անհաջողություններից: Որպես դասախոսական կազմի ներկայացուցիչ` ես ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մեր դասախոսները ամեն ինչ կանեն, որ դուք ձեռք բերեք բավարար գիտելիքներ, կարողություններ և այս դռներից դուրս գաք որպես մարդ, ով կարող է վստահ գնալ դեպի իր համար կանխատեսած ապագան, լինել արժանի մարդ հանրության և մեր հայրենիքի համար: Այնպես որ բարի գալուստ և բարի երթ: Շնորհակալ եմ»:

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ համալսարանականներին շնորհավորեց և բարեմաղթանքներ հղեց Իջևանի զորամասի և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Վահագն Չոբանյանը:

Ուսանողներին և առանձնապես առաջին կուրսեցիներին ուղղված շնորհավորական խոսքով հանդես եկավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Արեն Ավետիսյանը:

Այնուհետև տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին կուրսի ուսանող Սահակ Գուլակյանը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Ավանդույթի համաձայն՝ գիտելիքի բանալին Ուսանողական գիտական ընկերության նախագահ Հրանտ Ղարագյոզյանը՝ որպես ավագ ուսանող, հանձնեց Սահակ Գուլակյանին:

Տոնական միջոցառումը շարունակվեց երաժշտական կատարումներով:

Միջոցառումից հետո լսարաններում սկսվեցին նոր՝ 2019-20 ուստարվա ուսումնական պարապմունքները:

Շնորհավոր սեպտեմբերի մեկ՝ Գիտելիքի եվ դպրության օր

Back-to-school-with-my-kinda-rain-4 ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը սիրով շնորհավորում է գիտելիքի և դպրության օրը։ Մաղթում, որ  գալիք ուսումնական տարին կրթական բոլոր ոլորտներում լինի ձեռքբերումներով և նվաճումներով լի տարի։ Բոլոր կրթօջախներում կատարվեն միայն վճռական առաջընթացներ և շոշափելի դրական փոփոխություններ։

Հայոց խաղաղ երկնքի տակ արգասաբեր և բեղուն ուսումնական տարի լինի բոլոր կրթօջախներում և տարեցտարի բարելավվի և ավելի որակյալ չափանիշների հասնի հայաստանյան դպրությունը։ 

Հայ ազգի փայլուն միտքն ու ճկուն խելքը բարի պտուղներ տան և վերստին զարկ տան հայոց պետականության հզորացմանը։