Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մեր դասախոսները մասնակցեցին ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովին

1. նաև գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 12-15-ը Ստեփանակերտում կայացավ ԵՊՀ-ի հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովը, որը կազմակերպել էր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը ԵՊՀ-ի և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ համատեղ:

Գիտաժողովի նպատակն էր քննարկել հայոց պետականության հետ կապված արդիական հիմնախնդիրներ, խթանել ասպիրանտների ու երիտասարդ գիտնականների գիտական գործունեությունը, նպաստել նրանց մասնագիտական զարգացմանը, ինչպես նաև Արցախը դարձնել գիտական հիմնախնդիրների քննարկման տարածաշրջանային և միջազգային կենտրոն:

Միջազգային գիտաժողովին մասնակցում էին Հայաստանի, Արցախի և օտարերկրյա բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտներ, հայցորդներ, երիտասարդ գիտնականներ ու մասնագետներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից գիտաժողովին մասնակցեցին  Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսներ պ.գ.թ., դոցենտ Գրիգոր Բալասանյանը և Վլադիմիր Պողոսյանը

Գրիգոր Բալասանյանը հանդես եկավ «2019 թ. Հայաստանի նախագահության տարին ԵԱՏՄ-ում. նոր հնարավորություններ Արցախի համար» թեմայով զեկուցմամբ՝ ներկայացնելով ԵԱՏՄ ընձեռած հնարավորությունները ոչ միայն Հայաստանի, այլև Արցախի Հանրապետության տնտեսական զարգացման համատեքստում: 

Վլադիմիր Պողոսյանը ներկայացրեց «Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հեռանկարները Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու (ՄՃՏԳ) ձևավորման համատեքստում» թեմայով զեկուցում՝ այդ երկու խոշոր տնտեսական նախագծերի համապատկերում անդրադառնալով ՀՀ և Արցախի Հանրապետության տնտեսական և ներդրումային քաղաքականության առաջնահերթություններին ու հնարավոր քաղաքական զարգացումներին:

Միջազգային գիտաժողովի շրջանակներում մասնակիցները հնարավորություն ունեցան ոչ միայն այցելել Արցախի Հանրապետության պատմամշակութային վայրեր, այլև մասնակցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի և Պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպման, որի ընթացում քննարկվեցին ինչպես հակամարտության կարգավորման հիմնախնդիրները, այնպես էլ Արցախի տնտեսական և ներդրումային քաղաքականության բարելավման ուղիներն ու  հնարավորությունները:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2019թ. հեռակա ուսուցման ընդունելություն

Նկար - ԵՊՀ ԻՄ

 Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հայտարարում է 2019թ. հեռակա ուսուցման ընդունելություն՝ հետևյալ կրթական ծրագրերով.

  • Տարրական մանկավարժություն և մեթոդիկա,
  • Պատմություն,
  • Հայոց լեզու և գրականություն,
  • Ֆինանսներ (ըստ ոլորտի),
  • Հոգեբանություն,
  • Բնապահպանություն և բնօգտագործում,
  • Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա,
  • Զբոսաշրջություն:

Ընդունելության մասնագիտություններին, քննություններին, տեղերին և վարձաչափերին կարելի է ծանոթանալ այստեղ:

Ընդունելության կարգին կարելի է ծանոթանալ այստեղ, ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերին՝ այստեղ

Ուսման տևողությունը 5 տարի է:

Շրջանավարտներին տրվում է Երևանի պետական համալսարանի դիպլոմ 

Փաստաթղթերն ընդունվում են  2019թ. օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն:

Հասցեն` Տավուշի մարզ, քաղաք Իջևան, Ուսանողական 1:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 093 20 65 05 կամ 4 00 50 հեռախոսահամարներով:

Մեր համալսարանականները մասնակցեցին «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» թեմայով Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովին

Գլխավոր

 2019թ. սեպտեմբերի 11-13-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում իրականացվեց կենտրոնական բանկերի Մակրոտնտեսական մոդելավորման 22-րդ համաժողովը՝ «Ընդլայնելով դրամավարկային քաղաքականության սահմանները» թեմայով։ Համաժողովի թեման ինքնին խոսում էր դրամավարկային քաղաքականության կառուցակարգերի ձևավորման գործում կենտրոնական բանկերի անցած և անցնելիք երկար ուղու մասին:

Եռօրյա համաժողովի նպատակն էր  մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնողներին և ակադեմիական շրջանակներին հնարավորություն ընձեռել քննարկելու քաղաքականության մշակման մեջ օգտագործվող մոդելների արդի խնդիրները և զարգացման նոր ուղղությունները։

Համաժողովի  հիմնական խոսնակներն էին Մորիս Օբստֆելդտը՝ Բերքլիի համալսարանի դասախոս, Դուգլաս Լաքստոնը՝ միջազգային փորձագետ, Թոմաս Հոլուբը՝ Չեխիայի ազգային բանկի խորհրդի անդամ, Ասսաֆ Ռազինը՝ Թել-Ավիվի համալսարանի դասախոս։ Համաժողովին մասնակցում էին Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Ավստրիայի, Կանադայի, Իտալիայի, Լատվիայի, Նորվեգիայի, Նոր Զելանդիայի, Չեխիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Ռուսաստանի Դաշնության, Չիլիի,  Ուկրաինայի, Վրաստանի, Ֆիլիպինների ազգային և կենտրոնական բանկերի ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք միջազգային հեղինակավոր համալսարանների գիտնականներ և դասախոսներ:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղից համաժողովին մասնակցում էին Ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի դասախոսներ՝ ասիստենտ Ա.Սարիբեկյանը, տ.գ.թ. ասիստենտներ Է.Հովհաննիսյանը և Գ.Մինասյանը, «Տնտեսագիտություն» և «Ֆինանսներ» մասնագիտությունների ուսանողներ: Նրանք հնարավորություն ունեցան լսելու գնաճի նպատակադրման ռազմավարության, «ոչ-ստանդարտ» դրամավարկային քաղաքականության, դրամավարկային քաղաքականության իրականացման ընթացքում ֆինանսական ցուցանիշների դերի, ինչպես նաև մակրոքաղաքականության մոդելավորմանն առնչվող այլ արդիական խնդիրների վերաբերյալ զեկուցումներ:

Համաժողովի խոսնակների տպավորիչ ելույթներից հետո` ընդմիջումներին, ուսանողները ԵՊՀ ԻՄ-ի դասախոսներ Ա. Սարիբեկյանի, Է. Հովհաննիսյանի և Գ. Մինասյանի հետ ակտիվորեն քննարկեցին և վերլուծեցին մոդելների արդյունավետության հեռանկարները: Նշենք, որ Է.Հովհաննիսյանը և Գ.Մինասյանը նաև ԿԲ աշխատակիցներ են, և համաժողովում Գ.Մինասյանը ներկայացրեց իր առաջադրած  մոդելները:

Սա երկրորդ նման համաժողովն էր Հայաստանում. 2016թ. սեպտեմբերին Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում անցկացվել է «Մակրոտնտեսագիտության արդի խնդիրները» թեմայով մակրոտնտեսական մոդելավորման համաժողովը:

 

ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները՝ ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին նվիրված՝ «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողովում

Գլխավոր 2019թ. սեպտեմբերի 12-15-ը ԵՊՀ ԻՄ-ի անգլերեն լեզվի և գրականության ամբիոնի դասախոսները, տվյալ մասնագիտության շրջանավարտ Աննա Սարգսյանը մասնակցեցին «Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողովին՝ նվիրված ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին:

Գիտաժողովում ընդգրկված էին ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի գրեթե բոլոր ներկայացուցիչները, Ա.Չուբարյանը և Գ.Մուրադյանը նաև գիտաժողովի ծրագրի գիտական կոմիտեի անդամներ էին: 

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ու Անգլերենի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի համագործակցությամբ կազմակերպված գիտաժողովի նպատակն էր լեզվի, մշակույթի և փոխհարաբերության տարբեր խնդիրների քննությունը՝ գիտական ուսումնասիրությունների արդի միջգիտակարգային հարացույցի համատեքստում:

Միջազգային գիտաժողովի հանդիսավոր բացմանը ներկա էին ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, գիտական քարտուղար Լևոն Հովսեփյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանը, Անգլիական բանասիրության ամբիոնի վարիչ Սեդա Գասպարյանը, ամբիոնի  դասախոսներ, Աստվածաբանության ֆակուլտետի դեկան Տեր  Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի ընդհանուր լեզվաբանության ամբիոնի վարիչ Վարդան Պետրոսյանը, օտարերկրյա բազմաթիվ հյուրեր և դասախոսներ:

Գիտաժողովը ևս մեկ փորձ էր համախմբելու Հայաստանի գիտակրթական ոլորտի մասնագետներին, նրանց համար ստեղծելու մասնագիտական զրույցների ու քննարկումների, մտքերի և փորձերի փոխանակման բարենպաստ մթնոլորտ, խթանելու միջազգային կապերի ընդլայնումը և սահմանելու մասնագիտական առավել բարձր չափանիշներ: 

«Լեզու, մշակույթ և հաղորդակցություն» խորագրով միջազգային գիտաժողովը հագեցած էր ոչ միայն  100-ից ավելի մասնակիցներով և արտասահմանից ժամանած հյուրերով, այլև ծրագրում տեղ գտած գիտական ուղղությունների ու մոտեցումների բազմազանությամբ:

Բուհ-գործատու համագործակցության հարցերը՝ Տավուշի մարզի և ԵՊՀ ԻՄ-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում

Գլխավոր 2019թ. սեպտեմբերի 7-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ այցելեցին Տավուշի մարզպետ պարոն Հայկ Չոբանյանը, մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, “GG” ծրագրավորման ընկերության համահիմնադիր Արտաշես Թովմասյանը, “Synergi International Systems” ընկերության տվյալների շտեմարանի կառավարման ճարտարագետ Կիմ Սարոյանը:  

Նախ տեղի ունեցավ նրանց հանդիպումը ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի հետ, որի ընթացքում քննարկվեցին մասնաճյուղի հեռանկարները մարզի զարգացման տեսլականի ներքո, բուհ-գործատու համագործակցության խնդիրները, և մասնավորապես ուրվագծվեցին ծրագրավորման ոլորտի գործատուների հետ փոխգործակցության հնարավոր եզրերը:

Ապա մասնաճյուղի դահլիճում կայացավ Բնական գիտությունների ֆակուլտետի ուսանողների հետ Ա.Թովմասյանի և Կ.Սարոյանի հանդիպումը, որին մասնակցում էին տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը, ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար Կ.Հովսեփյանը, դասախոսներ:

Ա.Թովմասյանը և Կ.Սարոյանը ուսանողներին ներկայացրին այցելության հիմնական նպատակը՝ նպաստել մարզի տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը՝ որպես հնարավոր ուղղություն դիտարկելով ԵՊՀ ԻՄ-ի բնական գիտությունների ֆակուլտետի շրջանավարտների և ուսանողների հիման վրա ծրագրավորողների տեղական թիմերի ձևավորումը և աշխատանքի պատվերներով նրանց ապահովումը:

Ներկա փուլում գործատուները պատրաստվում են իրականացնել անվճար դասընթացներ առավել մոտիվացված ուսանողների համար, և դասընթացները հաջող ավարտածների հիման վրա ձևավորել ծրագրավորողների առաջին թիմը, որն ի վիճակի կլինի կոնկրետ պատվերներ իրականացնել:  Վերապատրաստումները և նոր թիմերի ձևավորումը կրելու են պարբերական բնույթ:

Ներկայացվեց, որ նախ մասնակցել ցանկացողների հետ կանցկացվի թեստային աշխատանք, ապա կընտրվեն մեկ տասնյակ մասնակիցներ, որոնց հետ կիրականացվեն 3 ամիս տևողությամբ դասընթացներ հետևյալ ուղղվածությունններով.

  • տվյալների շտեմարաններ,
  • ծրագրավորման լեզուներ,
  • UI & UX դիզայնի հիմունքներ,
  • ծրագրերի կառավարում:

Հանդիպման մասնակիցները ծրագրավորման ոլորտի գործատուներից ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և լրացրին նախնական թեստեր:

Վերջում ձեռք բերվեց պայմանավորվածություն հաջորդ հանդիպման վերաբերյալ: