Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիր 2020-2021 ուստարվա առաջին կիսամյակի համար

Հայտ. նկար

Սիրելի՛ ուսանողներ, «ԱՄՔՈՐ Հայաստան» կազմակերպությունը 2012 թվականից իրականացնում է «Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագիրը» (առավելագույնը մինչև 100.000 դրամի փոխհատուցում յուրաքանչյուր կիսամյակի համար), որին մասնակցում են «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:

 

«ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամը շարունակում է
վերոնշյալ ծրագիրը 2020-2021 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար:

 

Ընդհանուր տեղեկատվություն.

  • Ուսանողների ուսման վճարների փոխհատուցման ծրագրին կարող են մասնակցել «Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության վարկառուների ընտանիքի անդամ ուսանողները:
  • Ընտրությունն իրականացվելու է մրցութային կարգով:
  • Փոխհատուցվող կիսամյակի ուսման վճարը կազմելու է առավելագույնը 100.000 ՀՀ դրամ:
  • Դիմումների ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 16-ը:

Դիմել կարող են՝

«Արեգակ» ունիվերսալ վարկային կազմակերպության այն վարկառուները, որոնք.

  • Ծրագրին դիմելու պահին ունեն վարկ կազմակերպությունից,
  • Ունեն ՀՀ պետական կամ մասնավոր ԲՈՒՀ-ում առնվազն մեկ կիսամյակ ավարտած ուսանող:

Նախորդ փուլերի մասնակիցները կարող են կրկին դիմել:

Ծրագրի մասին տեղեկատվությունը կարող եք տեսնել այս հղումով՝ https://www.aregak.am/study-programs, իսկ հարցերի դեպքում կարող եք զանգահարել «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աշխատակիցներին՝ /091/ 21 58 25,  /099/ 16 18 78 հեռախոսահամարներով:

Մասնաճյուղում կայացավ 2020թ. «Գծանկար» առարկայի ներբուհական քննությունը

a. 12. Գլխավոր 1

   2020թ. հուլիսի 4-7-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ «Գծանկար» առարկայի ներբուհական քննությունը՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:

 

Ելնելով ստեղծված պայմաններից՝ ընդունելության ներբուհական քննությունների անցկացման համար ձևավորվել է 2 քննական կենտրոն՝ հագեցած տեսաձայնագրման սարքերով: Քննություններից մեկ օր առաջ ախտահանվել են քննական կենտրոնները, քննական օրերին դիմորդներն ու կազմակերպչական աշխատակազմը պարտադիր ջերմաչափվել են, պահպանվել են պարետի բոլոր կարգադրությունները:

 

Յուրաքանչյուր կրթական ծրագրի ներբուհական քննությունն անցկացվեց 2 օր՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղն ընտրեցին վիճակահանությամբ: Ըստ նախապես հրապարակված ընդունելության ծրագրի՝ «Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 3 առարկայից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա:

 

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էին դիմել 10, իսկ  «Դիզայն» կրթական ծրագրով՝ 11 դիմորդ:

 

Գնահատման չափանիշները նույնպես նախօրոք հայտնի էին դիմորդներին։ Հանձնաժողովի անդամները գնահատման ընթացքում հաշվի էին առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, ծավալների տոնային ընկալումն ու նյութականության ստացումը և հորինվածքի եզրափակիչ մշակումը:

 

Կատարված աշխատանքները վկայում են դիմորդների պատրաստվածության մասին: Բոլորը դիմորդները կարողացան հաղթահարել առաջադրված շեմային պահանջները:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ ընդունվելու կապակցությամբ սիրով շնորհավորում ենք մեր դիմորդներին՝ նրանց մաղթելով ուսումնատենչ ոգի, անկոտրում կամք և նպատակասլացություն:

Որքանո՞վ են գոհ մեր ուսանողները 2019-20 ուստարվա 2-րդ կիսամյակի առցանց ուսուցումից

PDCA. որակի լոգո

   Սիրով տեղեկացնում ենք մեր բոլոր շահակիցներին, որ ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքէջում՝ «Որակի ապահովման գործընթացներ» բաժնում, տեղադրվել են մանսաճյուղի ՄԿՈԱ բաժնի կողմից իրականացված ուսանողական առցանց հարցման (ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողների բավարարվածությունը 2019-2020 ուստարվա 2-րդ կիսամյակում իրականացված առցանց ուսուցումից) արդյունքները և դրանց վերլուծությունը:

Առցանց հարցմանն ուսանողները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն. ԵՊՀ ԻՄ-ի առկա ուսուցման բոլոր մասնագիտությունների 1-3-րդ կուրսերի 371 ուսանողներից հարցմանը մասնակցել է 289 ուսանող (գրեթե 80%-ը):

Հարցումը նպատակ ուներ պարզելու ուսանողների բավարարվածությունը մասնաճյուղում իրականացված եռամսյա առցանց ուսուցումից (2020թ. մարտի 16-ից՝ ՀՀ-ում արտակարգ դրության սահմանումից ի վեր), վերհանելու առաջացած խնդիրները և հավաքագրելու ուսանողների առաջարկները՝ հետագա բարելավման նպատակով:

Ուսանողների կարծիքներն ու առաջարկները ձևավորվել են հետևյալ հիմնահարցերի շուրջ՝ «Ուսանողների ներգրավվածությունը առցանց դասընթացներին և կիրառվող տեղեկատվական հարթակները», «Անհրաժեշտ գիտելիքների և մասնագիտական կարողությունների ձեռքբերումը», «Ուսումնական նյութերի աղբյուրները և ռեսուրսները», «Ընթացիկ ծանրաբեռնվածությունը և գնահատումը», «Քննությունների անցկացման ձևերը և ակադեմիական ազնվության պահպանումը»:

Ընդհանրացնելով հարցման արդյունքները՝ արձանագրվել է, որ մասնաճյուղում հաջողվել է արդյունավետ իրականացնել առցանց ուսուցում, ապահովել գիտելիքի և մասնագիտական կարողությունների փոխանցում, ուսանողի ձեռքբերումների գնահատում և այլն։ Հարցման մասնակիցների 42,4%-ը նշել է, որ ամբողջությամբ բավարարված է մասնաճյուղում առցանց ուսուցման կազմակերպումից, 42%-ը՝ բավարարված է մասամբ, իսկ 15,6%-ը բավարարված չէ։

Ուսանողները նշել են առցանց ուսուցման հետևյալ դրական կողմերը՝ արտակարգ իրավիճակում անհրաժեշտ կրթության ձեռքբերում, ժամանակի և ֆինանսների խնայողություն, անկախ գտնվելու վայրից՝ դասընթացներին մասնակցության ապահովում, ինքնուրույն սովորելու պատասխանատվության մեծացում, կազմակերպվածության և պարտաճանաչության ավելացում և այլն:

Առցանց ուսուցման խնդիրներից ուսանողներն առանձնացրել են անհրաժեշտ տեխնիկական միջոցների, ինտերնետ կապի բացակայությունը կամ թույլ աշխատանքը, առողջական խնդիրները, որոնք առաջանում են համակարգչի առջև երկար նստելուց, առցանց ուսուցման դեպքում դասաժամերի տևողությունը, չափից շատ ծանրաբեռնվածությունը և իհարկե մարդկային շփման բացակայությունը:

Ուսանողները կատարել են առցանց ուսուցման կազմակերպմանն ուղղված մի շարք առաջարկություններ։ Նրանք առաջարկում են նվազեցնել դասաժամերի տևողությունը և քանակը, ոչ մասնագիտական դասընթացների ծանրաբեռնվածությունը, փոխել քննությունների ձևերը և բոլոր դասընթացներն ավարտել ստուգարքով։ Դասախոսներից էլ պահանջում են հետևողականություն, որ դասերին ու քննություններին ուսանողները միացնեն իրենց տեսախցիկները:

Հարցման մասնակիցների 70%-ի կարծիքով՝ առցանց քննությունների ժամանակ հնարավոր չէ ապահովել ակադեմիական ազնվություն ուսանողների կողմից տեխնիկական տարբեր միջոցների կիրառման հետևանքով: Այստեղ դասախոսները բավականին աշխատանք ունեն կատարելու՝ ավելացնելու ընթացիկ առաջադրանքների քանակը՝ դրանք դարձնելով անհատական, վերանայելու դասավանդման և գնահատման մեթոդները, քննական տոմսերը՝ դրանցում ներառելով ոչ միայն ուսանողների գիտելիքները, այլ ավելի շատ վերլուծական մտքի և եզրահանգումներ կատարելու կարողությունները բացահայտող հարցեր և առաջադրանքներ:

ՄԿՈԱ բաժինն արդեն ավարտում է մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական կազմի շուրջ 100 ներկայացուցիչների շրջանում կազամակերպած նմանատիպ հարցումը, որի արդյունքների վերլուծությունը կհամադրվի ուսանողների կարծիքների հետ։ Դրանից հետո բաժինը առաջարկներ կմշակի առցանց կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

«Աշխատանքի արդյունավետ որոնում և գրագետ արձագանքում» թեմայով անվճար առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար

Սիրելի՛ համալսարանականներ՝ մասնավորապես շրջանավարտներ և ուսանողներ, ԵՊՀ ԻՄ-ում գործող «Ամերիկյան գրադարան և դասընթացների կենտրոն»-ում անվճար հիմունքներով կիրականացվի «Աշխատանքի արդյունավետ որոնում և գրագետ արձագանքում» թեմայով առցանց դասընթաց այն անձանց համար, ովքեր փնտրում են աշխատանք կամ ովքեր ունեն աշխատանք ու նաև ունեն ցանկություն այն փոխելու։

Այն կազմակերպվում է ԱՄՆ պետքարտուղարության կողմից ֆինանսավորվող և «Փրոջեքթ Հարմոնի Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից (www.ph-int.org) իրականացվող «Տավուշում կրթական-տեղեկատվական դասընթացներ ծրագրի» (AM Tavush Outreach Program) շրջանակում:

Դասընթացին կարող են դիմել 18 և բարձր տարիքի անձինք, որոնք ունեն համակարգչից և ինտերնետից օգտվելու հմտություններ։

Գրանցման վերջնաժամկետն է 2020թ. hուլիսի 11-ը՝ ժամը 18:00-ն:

Դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել առցանց հայտադիմումը (https://forms.gle/53rkMuAPyKqd22xR9)։

Դասընթացը կանցկացվի առցանց Zoom հարթակում:

Մասնակիցներին կտրամադրվեն կարևոր ցուցումներ և գործիքակազմ, որոնք կօգնեն նրանց իրենց աշխատանքային կարիերան պլանավորելու և իրենց կարողություններն աշխատանքային շուկայում արդյունավետորեն իրացնելու։

Դասընթացի մասնակիցները կկարողանան

  • սահմանել իրենց կարիերայի նպատակն ու պլանը, որոշել տվյալ պահին իրենց հնարավորություններն ու «արժեքը» աշխատաշուկայում,
  • արդյունավետ ներկայանալ գործատուին․ կազմել ռեզյումե, ինքնաներկայացման ելույթ, օնլայն պրոֆիլ,
  • իրականացնել աշխատանքի հնարավորությունների փնտրում և ծանոթությունների հաստատում,
  • գրագետ կերպով արձագանքել հայտարարություններին,
  • նախապատրաստվել հարցազրույցին ու գործատուի հետ բանակցություններին։

 Տեսական և գործնական մասերից կազմված դասընթացը տևելու է 1 օր (6 ժամ)։

Այն կազմակերպվելու է 5 խմբերի համար, ստորև նշված գրաֆիկով.

Խումբ 1. հուլիսի 14

Խումբ 2. հուլիսի 28

Խումբ 3. օգոստոսի 4

Խումբ 4. օգոստոսի 6

Խումբ 5. օգոստոսի 11:

Դասընթացը հաջողությամբ ավարտելու հավաստագիր կստանան միայն ամբողջական մասնակցություն ցուցաբերած մասնակիցները:

 Օգոստոսի 17-ին 5 խմբերի մասնակիցներից կազմակերպիչների և դասընթացավարի կողմից ընտրված 10 լավագույն մասնակիցների համար կկազմակերպվի Դասընթացավարիների դասընթաց (TOT) Իջևանում։

Այն կվարի Աննա Զարգարյանը, ով հավաստագրված HR մասնագետ է, ունի ավելի քան 15 տարվա փորձ Մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, վարում է դասընթացներ ղեկավարման, սպասարկման, վաճառքի և անձնային ու միջանձնային հմտությունների զարգացման թեմաներով։ Աննա Զարգարյանը Իդեալ խմբի (www.ideal-decor.ru) Մարդկային ռեսուրսների ղեկավարն է։