Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով առցանց դասընթացին մասնակցելու հրավեր

Հայտ. նկարՀարգելի՛ համալսարանականներ, 2021թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին, և սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14:00-ին, ԵՊՀ ԻՄ-ի կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժինը կազմակերպում է «Հետազոտական աշխատանքների մեթոդաբանություն» թեմայով առցանց վերապատրաստում, որը կվարի Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ա.գ.թ., պրոֆեսոր Գ. Ժ. Հովհաննիսյանը:

Վերապատրաստման դասընթացի ժամանակ կներկայացվեն ուսումնական և ակադեմիական աշխատանքներ (ռեֆերատ, հետազոտական աշխատանք, բակալավրի և մագիստրոսի ավարտական աշխատանք, հոդված, ատենախոսություն և այլն) պատրաստելու հիմնասկզբունքները՝ հետազոտական աշխատանքի պլանավորման նրբությունները, աշխատանքների կառուցվածքային և բովանդակային պահանջները, գիտական էթիկայի հիմնատարրերը:

Դասընթացը կօգնի ունկնդիրներին արդյունավետ պլանավորել իրենց հետազոտությունները, պատրաստել գիտականության և գիտական էթիկայի կանոններին համապատասխանող աշխատանքներ:

Վերապատրաստման դասընթացին մասնակցելու  համար  կարող  եք  գրանցվել  հետևյալ հղումով՝ https://forms.gle/Y7DzSML1PLv4CTB9A:

Վարպետաց դասերին մասնակցելու հրավեր

Հայտ. նկար Հարգելի՛ դասախոսներ, 2021թ. սեպտեմ­բերի 8-ին “ERASMUS+ PRINTeL” նախագծի շրջանակներում անցկացվելու են վարպետաց դասեր՝ նվիրված տեխնոլոգիապես հագեցած առցանց դասավանդման մի շարք մոտեցումներին:

Դրանք ինտե­­ր­ակտիվ առցանց հարթակում վարելու են PRINTeL նախագծի փորձառու դասա­խոս­ները:

Ուսուցման լեզուն անգլերենն է: Մասնակիցները պետք է Zoom առցանց հարթակում ունենան գրանցում:

Վարպետաց դասերի մասնակցության հրավերը, ժամանակացույցը, գրանցման և ծրագրերի առցանց հղումները կարող եք տեսնել այստեղ  և այստեղ:

Յուրաքանչյուր դասախոս կարող է գրանցվել առավելագույնը երկու վարպետաց դասի համար:

Դասերին գրանցվելու վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 7-ն է, տեղերը սահմա­նափակ են՝ ըստ գրանցման առաջնահերթության:

Ավելի մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել նաև PRINTeL-ի կայքէջ հետևյալ հղումով՝ http://printel.am/category/events/printel-master-classes–teachers-in-digi:

 

 

Շնորհավո՛ր սեպտեմբերի 1

1. գլխավոր - IMG_9734Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 198 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

Միջոցառումը մեկնարկեց Երևանի պետական համալսարանի օրհներգով:

Այնուհետև ողջույնի և շնորհավորանքի խոսքով հանդես եկան ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Անուշավան Մակարյանը, Ուսանողական խորհրդի նախագահ Գառնիկ Խաչատրյանը:

Պարոն Մակարյանը Գիտելիքի և դպրության օրվա, նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորեց բոլոր համալսարանականներին և հատկապես առաջին կուրսեցիներին, նրանց մաղթեց բարի գալուստ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, ուսման մեջ նպատակասլացություն և պահանջատիրություն, ամենայն բարիք:

Ավանդույթի համաձայն՝ տեղի ունեցավ գիտելիքի բանալու հանձնում առաջին կուրսեցիներին. այս տարի բանալին որպես ավագ ուսանող առաջին կուրսեցիներին հանձնեց ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհի Լաուրա Ուլիխանյանը:    

Ապա տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Երդումն ընթերցեց ԵՊՀ ԻՄ-ի այս տարվա լավագույն դիմորդ, «Ֆրանսերեն լեզու և գրականություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Ալիսա Օթարյանը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ:

Վերջում միջոցառման մասնակիցները համալսարանականներին մաղթեցին. «Թո՛ղ ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող զանգի ղողանջը յուրաքանչյուրիս հոգում հնչի որպես մեր նախնիների ոգեղեն ազգականչ, ավետի նորի սկիզբը, կանաչ ճանապարհ և նոր հնարավորություններ բացի բոլորիս համար»:

Հակահամաճարակային կանոնների պահպանմամբ լսարաններում մեկնարկեցին նոր՝ 2021-2022 ուստարվա առկա ուսուցման առաջին կիսամյակի դասերը: