Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ տնօրենության նիստ

1. գլխավոր․ IMG_3439

2022թ. հունիսի 29-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում Ա.Մակարյանի նախագահությամբ կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ օրակարգային 4 և ընթացիկ 2 հարցերով:

Օրակարգի առաջին հարցի՝ 2022-2026 առկա և 2022-2027 հեռակա ուսուցման կրթական ծրագրերի վերանայման աշխատանքների մասին զեկուցեց Կրթական բարեփոխումների և դասախոսների վերապատրաստման բաժնի վարիչ Ն.Գրիգորյանը: Նա ներկայացրեց, որ ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի հրամանների (4 § 1, 08.01.2022 և  58 § 4, 11.01.2022) համաձայն՝ հաստատվել են կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերի կազմերը, որոնք մինչև մայիսի 21-ը ԿԲԴՎ բաժին պետք է ներկայացնեին վերանայված կրթական ծրագրերը: ԿԲԴՎ բաժնի կողմից մշակվել և կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերին են տրամադրվել վերանայման աշխատանքային խմբերի աշխատանքային պլանի օրինակելի ձև, որտեղ հստակ գրված է, թե ինչպիսի աշխատանքներ են նախատեսվում իրականացնել, և մոտավոր ժամկետները, որոնք արդեն հստակեցրել են խմբերը: Բաժնի կողմից հունվար-հունիսի ամիսների ընթացում վերահսկվել են աշխատանքային խմբերի աշխատանքները, պարբերաբար կազմակերպվել են հանդիպումներ կրթական ծրագրերի ղեկավարների հետ, տրվել է համապատասխան խորհրդատվություն:

Տնօրենի կողմից սահմանված ժամկետում պատրաստ է եղել միայն երկու կրթական ծրագիր՝ «Պատմություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն»:  Մյուս կրթական ծրագրերը վերանայող աշխատանքային խմբերի համար տնօրենի թույլտվությամբ ժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 11-ը, որից հետո էլ որոշ կրթական ծրագրեր դեռ վերջնական տեսքով չեն ներկայացվել ԿԲԴՎ բաժին:

Բաժնի աշխատակիցների կողմից առկա 2022-2026 թթ. կրթական ծրագրերի հիման վրա կազմվել են նաև հեռակա ուսուցման 6 կրթական ծրագրերը՝ «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Զբոսաշրջություն» և «Ֆինանսներ»:

Բոլոր կրթական ծրագրերում կատարվել են բավականին շատ փոփոխություններ, որոնց մի մասը պայմանավորված է ԵՊՀ-ի պահանջներով. «Կիրառական վիճակագրություն և տյալների հետ աշխատանք» դասընթացը հանվել է բոլոր ծրագրերից, «Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հմտությունները» դասընթացը դարձել է կամընտրական՝բացառությամբ մի քանի ծրագրերի, «ՏՄՄ», «Ֆինանսներ», «Զբոսաշրջություն» կրթական ծրագրերում «Իրավունքի հիմունքներ» դասընթացը դարձել է կամընտրական:

Այս հարցի հետ կապված՝ տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանի կողմից գործընթացի պատասխանատուներին հանձնարարվեց խիստ հետևողական լինել, որ մինչև հուլիսի 2-ը բոլոր ծրագրերը վերջնական տեսքով պատրաստ լինեն և ներկայացվեն հաստատման:

Երկրորդ հարցի՝ դասախոսների կարիքների վերհանման, մատուցվող ծառայությունների՝ նրանց կողմից գնահատման վերաբերյալ զեկուցեց Մասնագիտական կրթության որակի ապահովման բաժնի վարիչ Մ.Ճաղարյանը: Նա մասնավորապես նշեց, որ ԵՊՀ ԻՄ-ի դասախոսական կազմի կարիքների վերհանման համար դիտարկվել են Մասնագիտական կրթության որակի  ապահովման բաժնի կողմից 2021թ. հունիսից 2022թ. հունիսն ընկած ժամանակահատվածում տարբեր մեխանիզմներով իրականացված ուսումնասիրությունների (Մասնաճյուղից դասախոսների բավարարվածության, Մասնաճյուղից ուսանողների բավարարվածության հարցումների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների նախագահների կարծիքներից հետևող, ամբիոններում իրականացված քննարկումների) արդյունքները: Հավաքագրված խնդիրների և առաջարկների հիման վրա կազմվել է կարիքների փաթեթ, որը ներկայացված է երկու խմբով (1. ուսումնական գործընթացի կազմակերպման, 2. ծառայությունների և ռեսուրսների հետ կապված կարիքներ):

Ուսումնական գործընթացի կազմակերպման հետ կապված կարիքները հիմնականում վերաբերում էին ուսանողների հմտությունների և կարողությունների գնահատման մեթոդների և ձևերի ընտրությանը, դասերին և լրացուցիչ պարապմունքներին ուսանողների մասնակցության ապահովմանը, ուսումնական գործընթացի կազմակերպման միասնական պահանջների սահմանմանը, դասախոսի գիտական հետաքրքրությունների ու ուսումնական փորձի վրա հիմնված դասաբաշխմանը, երկու կիսամյակների, առկա և հեռակա բեռնվածությունների միջև հավասար հարաբերակցության ապահովմանը, հետազոտական աշխատանքներին հատկացված ժամաքանակի ավելացմանը, գրագողության դեմ պայքարի միասնական համակարգված մոտեցմանը և այլն:

Ծառայությունների և ռեսուրսների հետ կապված կարիքներն առնչվում էին գրադարանում առկա և էլեկտրոնային մասնագիտական և այլ գրականության համալրմանը, գրադարանի էլեկտրոնային կայքում հոդվածների բաժնի առկայության ապահովմանը, մասնաճյուղի կայքում եռալեզու (հայերեն, ռուսերեն, անգլերեն) նյութերի տեղադրմանը, տելեգրամյան ալիք ունենալուն, վարձատրման և պարգևավճարների տրամադրման ճկուն համակարգի կիրառմանը, բուհի տեխնիկական հագեցվածության, աշխատանքային ավելի լավ պայմանների ապահովմանը:

Տվյալ հարցի առնչությամբ Ա.Մակարյանի կողմից ՄԿՈԱ բաժնին հանձնարարվեց վերհանված կարիքներն ամփոփ ու համակարգված ձևով ուղարկել համապատասխան ստորաբաժանումներ՝ թերացումների շտկման պլաններ կազմելու և խնդիրներին հնարավոր լուծումներ տալու նպատակով:

Երրորդ հարցի՝ դասալսումների արդյունքների քննարկման կապակցությամբ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները և Ուսումնամեթոդական վարչության պետը:

Դեկանները ներկայացրին իրենց ղեկավարած ֆակուլտետներում հաշվետու ժամանակահատվածում ամբիոնների վարիչների իրականացրած դասալսումների արդյունքներն ընդհանրացված տեսքով:

Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը նշեց, որ Աուդիտի հանձնաժողովը հանձնարարել է կիրառել դասալսումների գրանցամատյաններ, ինչը նախատեսված է համապատասխան կարգով:

Հարցի կապակցությամբ արտահայտվեց տնօրենի պաշտոնակատար Ա.Մակարյանը՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել դասալսումների իրականացմանը, ըստ այդմ՝ դեկաններին հանձնարարեց առավել հետևողական լինել և ըստ գրաֆիկների՝ վերահսկել դասալսումների իրականացման ընթացքը:

Չորրորդ հարցի՝ հեռակա ուսուցման ամփոփիչ ատեստավորման արդյունքների քննարկման վերաբերյալ զեկուցեցին ֆակուլտետների դեկանները:

Այս հարցի վերաբերյալ ԱՄակարյանը նշեց, որ պետք է ավելի խստապահանջ կազմակերպել ավարտական աշխատանքների նախապաշտպանությունները՝ նախօրոք վեր հանելու անպատրաստ շրջանավարտներին և թույլ չտալու, որ թերի աշխատանքները հայտնվեն հանձնաժողովների առջև: Նա խոստացավ հաջորդ տարի անձամբ մասնակցել բոլոր նախապաշտպանություններին:   

Ընթացիկ առաջին հարցի՝ 2021-2022 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առկա և հեռակա ուսուցման ուսանողների ուսման վճարների ընդհանուր դինամիկայի մասին զեկուցեց գլխավոր հաշվապահ Մ.Մխիթարյանը: Նա նշեց, որ առկա ուսուցման համակարգում ուսման վճարները ամբողջությամբ մարվել են՝ բացառությամբ մեկ ուսանողի, ով մասնակիորեն է մուծել վճարը: Ընդհանրապես կամ մասամբ վճարում չի կատարել հեռակա ուսուցման 75 ուսանող, որոնց մեծ մասը հեռացման են ենթակա դասապրոցեսին և քննաշրջանին չմասնակցելու պատճառով:

Ընթացիկ երկրորդ հարցի՝ ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտի դիպլոմի անվավեր ճանաչման և կրկնօրինակի տրամադրման վերաբերյալ զեկուցեց Ուսումնամեթոդական վարչության պետ Ա.Դավթյանը: Տվյալ հարցի կապակցությամբ որոշվեց ԵՊՀ ԻՄ-ի շրջանավարտի դիպլոմը ճանաչել անվավեր և վավերացնել որպես կրկնօրինակ տրամադրվող № համարի դիպլոմը:

Տնօրենության նիստում զեկուցողների հաղորդումներն ընդունվեցին ի գիտություն:

ԵՊՀ ԻՄ-ում ավարտվեցին ներբուհական ընդունելության քննությունները

1. գլխավոր 2022թ. հունիսի 28-29-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցան «Գծանկար» և «Կոմպոզիցիա» առարկաների ներբուհական քննությունները՝ «Դեկորատիվ-կիրառական արվեստ» և «Դիզայն» կրթական ծրագրերով ընդունելության համար:

Քննությունների անցկացման համար ձևավորվել էր տեսաձայնագրման սարքերով հագեցած 2 քննական կենտրոն: Քննություններն անցկացվեցին մեկական օրով՝ 4-ական ժամ տևողությամբ: Քննասենյակում դիմորդներն իրենց տեղն ընտրեցին վիճակահանությամբ:

«Գծանկար» առարկայի քննության ժամանակ հանձնարարվող առաջադրանքը նատյուրմորտ էր` հարթ ֆոնի վրա 3 գիպսե առարկաներից, գրաֆիտե մատիտով պարզ լուսավորությամբ` A2 ֆորմատի թղթի վրա, իսկ «Կոմպոզիցիա» առարկայի համար պարզ երկրաչափական, բուսական կամ կենդանական մարմիններից կառուցված զարդանախշային հորինվածք էր՝ դեկորատիվ մեկնաբանությամբ՝ A3 ֆորմատի թղթի վրա:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրով մասնաճյուղ էին դիմել 12, իսկ «Դիզայն» կրթական ծրագրով՝ 6 դիմորդներ: «Գծանկար» առարկայի քննության գնահատման ընթացքում հանձնաժողովի անդամները հաշվի էին առնում հորինվածքի գրագետ տեղադրումը թղթի մեջ, կառուցողական մոտեցումը, ծավալների տարածածավալային պատկերումը, ծավալների տոնային ընկալումը և նյութականության ստացումը, հորինվածքի եզրափակիչ մշակումը:

«Դեկորատիվ-կիրառական արվեստ» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ գնահատվում էին զարդանախշերի ընտրությունը և գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, զարդանախշերով միջնադաշտի և եզրային գոտիների ստեղծումը, դետալների՝ միմյանց  նկատմամբ կոմպոզիցիոն աշխատանքի ամբողջացումը, կոմպոզիցիայում զարդանախշերի չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, զարդանախշերի գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների, տոնայնության արտացոլումը, զարդանախշերի հստակ սահմանազատման առկայությունը գունային տոների միջոցով, տաք և սառը գույների համադրության և ստեղծագործական մտքի առկայությունը:

«Դիզայն» կրթական ծրագրի «Կոմպոզիցիա» առարկայի քննության ժամանակ գնահատվում էին երկրաչափական ծավալային մարմինների գրագետ համադրելիությունը, կոմպոզիցիա ստեղծելու ստեղծագործական մտքի կիրառումը, երկրաչափական ծավալային մարմիններով կոմպոզիցիոն հորինվածքի դինամիկ ամբողջացումը (սկիզբ, հասունացում, ավարտ), կոմպոզիցիոն հորիվածքում մարմինների չափերի ներդաշնակ համադրության առկայությունը, գունային սահուն, հակադիր, կտրուկ անցումների տոնայնության արտացոլումը, երկրաչափական ծավալային մարմինների հստակ սահմանազատման առկայությունը գույների տոների միջոցով:

Քննական հանձնաժողովի նախագահը փաստեց, որ դիմորդների պատրաստվածության մակարդակը բավարար էր:

Քննությունների նվազագույն շեմը հաղթահարեցին բոլոր դիմորդները, որի կապակցությամբ սիրով շնորհավորում ենք նրանց՝ մաղթելով հաջողություններ և ամենայն բարիք նոր՝ 2022-2023 ուսումնական տարում:

ԵՊՀ ԻՄ-ի հեռակա ուսուցման՝ 2021-2022 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորումն ավարտվեց

1. գլխավոր2022թ. հունիսի 17-26-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացան հեռակա ուսուցման բակալավրի՝ 2021-2022 ուստարվա շրջանավարտների ավարտական աշխատանքների պաշտպանությունները 8 կրթական ծրագրերով՝ «Հոգեբանություն», «Բնապահպանություն և բնօգտագործում», «Պատմություն» «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Ֆինանսներ (ըստ ոլորտի)», «Զբոսաշրջություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Քարտեզագրություն և կադաստրային գործ»:

Ուսումնամեթոդական վարչության և ֆակուլտետների ղեկավարների խոսքով՝ պաշտպանություններն իրականացվել են գործող կարգի և հաստատված ժամանակացույցների համաձայն:

2021-2022 ուստարվա հեռակա ուսուցման բակալավրի կրթական ծրագրերով ամփոփիչ ատեստավորմանը մասնակցում էր 166 շրջանավարտ, որից 11-ը՝ նախորդ տարիներից. 5-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից, 4-ը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից, 2-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետից:

«Հոգեբանություն» կրթական ծրագրով ատեստավորվող 15 ուսանողից «գերազանց» ստացավ 2-ը, «լավ»՝ 5-ը, «բավարար»՝ 8-ը:

«Բնապահպանություն և բնօգտագործում» կրթական ծրագրով ատեստավորվող 19 ուսանողից «գերազանց» ստացավ 4-ը, «լավ»՝ 4-ը, «բավարար»՝ 11-ը:

«Պատմություն» կրթական ծրագրով ատեստավորվող 21 ուսանողից «լավ» ստացավ 3-ը, «բավարար»՝ 14-ը, «անբավարար»՝ 3-ը, չներկայացած՝ 1 ուսանող:

«Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» կրթական ծրագրով ատեստավորվող 26 ուսանողից «գերազանց» ստացավ 3-ը, «լավ»՝ 13-ը, «բավարար»՝ 10-ը:

«Ֆինանսներ (ըստ ոլորտիկրթական ծրագրով ատեստավորվող 31 ուսանողից «գերազանց» ստացավ 1-ը, «լավ»՝ 6-ը, «բավարար»՝ 14-ը, «անբավարար»՝ 9-ը, չներկայացած՝ 1 ուսանող:

«Զբոսաշրջություն» կրթական ծրագրով ատեստավորվող 13 ուսանողից «գերազանց» ստացավ 3-ը, «լավ»՝ 7-ը, «բավարար»՝ 3-ը:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրով ատեստավորվող 20 ուսանողից «գերազանց» ստացավ 5-ը, «լավ»՝ 8-ը, «բավարար»՝ 7-ը:

«Քարտեզագրություն և կադաստրային գործ» կրթական ծրագրով ատեստավորվող 21 ուսանողից «գերազանց» ստացավ 1-ը, «լավ»՝ 7-ը, «բավարար»՝ 13-ը:

ԵՊՀ ԻՄի ղեկավարության և ամբողջ անձնակազմի անունից բակալավրի որակավորում ստանալու առթիվ սիրով շնորհավորում ենք 2022թ. հեռակա ուսուցման մեր շրջանավարտներին, նրանց ցանկանում ենք մեծ ձեռքբերումներ մասնագիտական ոլորտում և անձնական կյանքում, նպատակների իրականացում, ամենայն բարիք:

 

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումներ

Ուս. վերապ. հայտ. նկար

Սիրելի՛ ուսուցիչներ, դպրոցների տնօրեններ, հանրակրթության ոլորտի մասնագետներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը արդեն 2-րդ անգամ՝ 2022 թվականին, կազմակերպում է ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

Վերապատրաստումները կիրականացվեն առկա եղանակով, ԵՊՀ ԻՄ-ի, ինչպես նաև հանրապետության և մարզի առաջատար ու արհեստավարժ մասնագետների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնելու ուսուցիչների՝ աշակերտակենտրոն մանկավարժական մոտեցումներով և նորարարական արդյունավետ մեթոդներով դասավանդման հմտությունները:

Դասընթացները կանցկացվեն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում (հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան, փող. Ուսանողական 3)՝  ժամանակակից տեխնիկական ու նյութական միջոցներով հագեցած սրահներում ու լսարաններում: Համապատասխան խմբերի ձևավորման դեպքում նախատեսված է, որ մեր մասնագետները կգործուղվեն Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներ՝ տեղում դասընթացները կազմակերպելու նպատակով:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի բոլոր բաղադրիչներով հետևյալ առարկաների համար.

  • հայոց լեզու և գրականություն,
  • ռուսերեն,
  • պատմություն,
  • մաթեմատիկա,
  • ֆիզիկա,
  • քիմիա,
  • կենսաբանություն,
  • աշխարհագրություն,
  • տեխնոլոգիա,
  • նախնական զինվորական պատրաստականություն,
  • տարրական դասարաններ,
  • կերպարվեստ,
  • անգլերեն,
  • ֆրանսերեն,
  • հասարակագիտություն,
  • ֆիզիկական կուլտուրա,
  • ինֆորմատիկա:

Վերապատրաստվող ուսուցիչների գրանցման և դասընթացների կազմակերպման ժամկետների մասին ԵՊՀ ԻՄ-ի պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի միջոցով լրացուցիչ կտեղեկացնենք:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղումով՝  https://forms.gle/3RBHW3YtUDE2i41p8 :

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 094 40 60 32 կամ 093 93 71 11:

 

ԵՊՀ ԻՄ-ի կողմից նախորդ տարի կազմակերպված վերապատրաստումների բարեհաջող իրականացումն ու գոհացուցիչ արդյունքները, վերապատրաստված ուսուցիչների բազմաթիվ դրական կարծիքներն ու արձագանքները միաժամանակ ոգևորում և պարտավորեցնում են՝ գրանցելու ավելի բարձր արդյունքներ:

 

Պրակտիկայի շրջանակներում «Զբոսաշրջություն» մասնագիտության ուսանողներն այցելեցին Լոռի և Շիրակ

1. գլխավոր

 2022թ. հունիսի 16-ին և 21-ին ԵՊՀ ԻՄ-ի «Զբոսաշրջություն» մասնագիտության 2-րդ (առկա) և 3-րդ (հեռակա) կուրսերի ուսանողները պրակտիկայի ղեկավարներ մ.գ.թ., ասիստենտ Հ.Ազիզյանի, ասիստենտ Պ.Ասիլբեկյանի, դասախոս Ս.Սաֆարյանի գլխավորությամբ ուսումնական պրակտիկա իրականացրին Իջևան – Ախթալա – Օձունի հյուրատներ – Հոռոմայր – Լոռու բերդ – Արամյանցի դղյակ – Քոբայր – Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցի – Իջևան և Իջևան – Մարմաշեն – Արփի լիճ – Գյումրի – Իջևան երթուղիներով:

Երթուղու  առաջին նպատակակետը Լոռու մարզն էր:

Ուսանողներին նախապես հանձնարարվել էր ուսումնասիրել և հավաքագրել մարզի հանգստի և զբոսաշրջության ռեսուրսների, այդ թվում՝ այցելվող օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ:

Պրակտիկայի ընթացքում ղեկավարներ Պ.Ասիլբեկյանը և Հ.Ազիզյանը ներկայացրին Լոռու ռեկրեացիոն շրջանի պիտանելիության գնահատումը, երթուղու լեռնագրությունը, լանդշաֆտը, Լոռվա սարահարթը, Դեբեդի հովիտը և Փամբակի գոգավորությունը, Ձորագետի կիրճի մորֆոլոգիական առանձնահատկությունները և նրա զբոսաշրջային հնարավորությունները: Ղեկավարներն անդրադարձան նաև Ալավերդի քաղաքին՝ որպես պղնձաձուլական կենտրոնի և դրա ու պոչամբարների բացասական էկոլոգիական ազդեցությանը քաղաքի վրա. գնահատեցին առկա վիճակը և զարգացման տնտեսական հնարավորությունները:

Ուսանողները ներկայացրին Ախթալայի, Օձունի, Հոռոմայրի, Լոռու բերդի, Արամյանցի դղյակի, Քոբայրի, Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերաբերյալ նախապես հավաքագրված տեղեկություններ, տարածքի էկոլոգիական խնդիրները, դրա ազդեցությունը զբոսաշրջության վրա, ներկա գտնվեցին Լոռու բերդում իրականացվող հնագիտական պեղումներին: Պեղումների ժամանակ ականատես եղան բաղնիքը տաքացնող խողովակների հայտնաբերմանը:

Ուղևորության երկրորդ նպատակակետը Շիրակի մարզն էր:

Պրակտիկայի ընթացքում ղեկավարներ Պ.Ասիլբեկյանը և Հ.Ազիզյանը ներկայացրին Շիրակի ռեկրեացիոն շրջանը, երթուղու լեռնագրությունը, Աշոցքի գոգավորությունը, Շիրակի սարահարթը, Ախուրյանի հովիտը, Ջաջուռի լեռնանցքը:

Ուսանողներն այցելեցին Մարմաշենի վանական համալիր, «Արփի լիճ» ազգային պարկ, Գյումրի քաղաք:

«Արփի լիճ» ազգային պարկն ստեղծվել է հիմքից՝ Արփի լճի շրջակայքում՝ ձգտելով լուծում տալ բուսական և կենդանական աշխարհի կենսաբազմազանության պահպանության խնդիրներին: Հայաստանում գրանցված 366 թռչնատեսակներից շուրջ 225-ը հանդիպում է Արփի լճում, և թռչնադիտարկումների համար այն համարվում է շատ նպաստավոր տարածք: Առկա ռեսուրսների հիման վրա ստեղծվել են հյուրատներ, առանձնացվել են վրանային ճամբարի համար նախատեսված վայրեր: Այն հնարավորություն է տալիս տեղավորելու 10.000 զբոսաշրջիկի:

«Արփի լիճ» ազգային պարկի տարածքում իրականացվեց քայլարշավ: Ուսանողները եղան այցելուների կենտրոնում, պահպանման գոտում: Այդտեղ նրանք ծանոթացան Կարմիր գրքում գրանցված մի շարք բուսատեսակների և թռչնատեսակների (կովկասյան թրաշուշան, սիբիրյան հիրիկ, դեղին կոնոռ), պարկի տարածքում առկա 4 էկոզբոսաշրջային երթուղիներին: Էկոզբոսաշրջային երթուղիներն անցնում են Տրանսկովկասյան արահետով, դրա մասն է կազմում «Դիլիջան» ազգային պարկը, որը էկոզբոսաշրջության կարևոր ռեսուրս է:

Ուսումնական պրակտիկան մեծապես նպաստեց ուսանողների տեսական գիտելիքների, հմտությունների և կարողությունների զարգացմանը: