Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն Պոզնանի Ադամ Միցկևիչի անվան համալսարան, Լեհաստան

123_2
 «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական և Ադամ Միցկևիչի անվան Պոզնանի համալսարանների (Պոզնան, Լեհաստան) միջև կնքված պայմանագրով նախատեսվում է 1 շարժունություն Պատմության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի համար` 2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում 1 շաբաթ ժամկետով 8 ժամ դասախոսություն կարդալու համար:

Աշխատանքային լեզուն անգլերենն է:

Ծրագիրը դրամաշնորհառուներին տրամադրում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև հոգում է ճանապարհածախսը: Ավելի մանրամասն տեղեկատվություն ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին կարող եք գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում՝ https://erasmusplus.am/credit-mobility/:

Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում՝ էլեկտրոնային տարբերակով (էլ. հասցե՝ lia_evoyan@ysu.am):

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2023թ. ապրիլի 17-ը՝ ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն).

  1. անձնագրի պատճեն,
  2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով (https://europass.cedefop.europa.eu/),
  3. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
  4. շարժունությանհամաձայնագիր(Mobility Agreement) (https://ec.europa.eu/programmes/erasmus-plus/resources/documents/applicants/mobility-agreement_en):

Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկատվության համար կարող եք դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին՝ Կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ, հեռախոս՝ (+374 10) 554-641 (ներքին՝ 11-38):

ԵՊՀ ԻՄ-ը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը

 

2   

 2023թ. ապրիլի 15-16-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը կազմակերպում է «Սոցիալ-մանկավարժական նորարարությունները կրթության մեջ» երիտասարդ գիտնականների միջազգային գիտագործնական 2-րդ համաժողովը, որին կարող են մասնակցել բակալավրիատի և մագիստրատուրայի տարբեր մասնագիտությունների ուսանողներ, երիտասարդ դասախոսներ և գիտնականներ:

Համաժողովի նպատակն է՝ ուսանողական հետազոտությունների խթանումը, ուսանողների՝ մագիստրոսների, ասպիրանտների ստեղծագործական ներուժի բացահայտումը, ուսանողների և դասախոսների ներբուհական և միջբուհական համագործակցության զարգացումը, երիտասարդության ուշադրության կենտրոնացումը ժամանակակից մանկավարժական հետազոտությունների կարևորության վրա:

Համաժողովի խնդիրներն են՝ քննարկել մանկավարժության արդի հիմնախնդիրները, լուսաբանել սոցիալական մանկավարժության, դասավանդման մեթոդիկայի, մանկավարժական հոգեբանության ասպարեզում գիտական հետազոտությունները, վերլուծել մանկավարժության զարգացման հիմնական միտումները, արժեքներն ու հեռանկարները:

 

Համաժողովի ուղղություններն են՝

  1. Մասնագիտական-մանկավարժական կրթության զարգացման միտումներն այսօր և վաղը:
  2. Ռուսերենը որպես օտար լեզու` միջմշակութային կրթության հիմք:
  3. Նորարարական սկզբունքները, մոտեցումները և տեխնոլոգիաները:
  4. Տեղեկատվական տեխնոլոգիաները կրթության մեջ:
  5. Ռուսերենի՝ որպես օտար լեզվի կրթական ծրագրերի նախագծումը:
  6. Լեզվի, գրականության և մշակույթի դերը:
  7. Լեզուների և մշակույթների դասավանդման մեթոդիկա:
  8. Ռուսերենը և այլ օտար լեզուներ. միջմշակութային հաղորդակցություն և նրանց դասավանդման մեթոդիկան:
  9. Միջմշակութային հաղորդակցություն և թարգմանություն:

 

Համաժողովի լեզուներն են՝ հայերենը, ռուսերենը, անգլերենը:

Համաժողովն իրականացվելու է առկա և առցանց ձևաչափով:

Մասնակցել ցանկացողներն իրենց հայտերը և հոդվածները (գիտական աշխատանքի էլեկտրոնային տարբերակով) պետք է ներկայացնեն էլեկտրոնային փոստով (stud.conference2023@gmail.com) մինչև 2023թ մարտի 10-ը (ներառյալ):

Հոդվածները կարող են ներկայացվել թե՛ որպես անհատական աշխատանք և թե՛ որպես ղեկավարի հետ համատեղ աշխատանք:

 

Հոդվածներին վերագրվող պահանջները.

  • Հոդվածի ծավալը՝ 4-5 էջ, թղթի ֆորմատը՝ A4, տառատեսակը՝ Time New Roman, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1,5, հեռավորությունը ձախից՝ 3 սմ, աջից՝ 1,5 սմ, վերևից՝ 2 սմ, ներքևից՝ 2սմ:
  • Աղբյուրներին հղումները ուղղանկյուն փակագծերում՝ [12, էջ 2], տառաչափը՝ 12:

Նշված պայմանները չբավարարելու դեպքում համաժողովի կազմակերպիչները

հոդվածը չեն կարող ընդգրկել հրապարակվող ժողովածուում:

 

Հոդվածի ձևավորման օրինակ.

Հոդվածի անվանումը (14 տառաչափ)

Հեղինակի ԱԱՀ (12 տառաչափ)

(եթե կա ղեկավար, ղեկավարի ԱԱՀ, գիտ. աստիճան, կոչում, ամբիոն, համալսարան) (12 տառաչափ)

Կուրս, ֆակուլտետ (12 տառաչափ)

Համալսարան (12 տառաչափ)

Քաղաք, երկիր (12 տառաչափ)

Ծանոթագրություն (անոտացիա, ռուսերեն)՝ 200 բառից ոչ ավել (12 տառաչափ)

Բանալի-բառեր՝ 5-10 (12 տառաչափ)

Տեքստ (12 տառաչափ)

Գրականության ցանկը ձևավորվում է այբբենական կարգով (12 տառաչափ):

 

Աղբյուրի ձևավորման օրինակ.

Գրականության ցանկը ձևավորվում է այբբենական կարգով.

Գիրք.

  1. Капица С. П. Парадоксы роста: Законы глобального развития человечества. – М.:

Альпина нон-фикшн, 2013. – 204 с.

Հոդված.

  1. Некипелов А. Д. Экономика и культурные ценности // Диалог культур и партнерство цивилизаций: IX Международные Лихачевские научные чтения (14-15 мая 2009 г.). – СПб.: СПбГУП, 2009. – 881 c. – С. 476-478.
  2. Кадочников Д. В. Теоретико-экономический взгляд на языковую политику // Вопросы экономики. – 2016. – No2. – С. 128-140.

Էլեկտրոնային աղբյուրներ.

  1. Кокшаров А. С. Влияние культуры на экономическое развитие // Гуманитарные научные исследования. 2013. No 11 URL: http://human.snauka.ru/2013/11/4609 (дата обращения: 17.05.2020).

 

Լրացուցիչ ինֆորմացիայի համար կարող եք դիմել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ՝ համաժողովի կազմակերպիչներին (մ.գ.թ., դոցենտ Մինասյան Սվետլանա Միխայելի (Whatsapp: Viber: + 374 91477050, էլ. հասցե` stud.conference2023@gmail.com), ֆ.մ.գ.թ., դոցենտ Աթոյան Մհեր Սերգեյի (Whatsapp: Viber: հեռ.՝ 093 317 847, էլ. հասցե՝ matoyan@ysu.am):

 

Կոնտակտային տվյալներ՝

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

Հեռ.՝ (+374) 263 40050, 263 40035

Էլ. հասցե՝ ysu_ib@ysu.amijevan@ysu.am

Հասցե՝ ՀՀ Տավուշի մարզ, ք. Իջևան 4001, Ուսանողական 3

Կայքի հասցե՝ http://ijevan.ysu.am/

 

ԵՊՀ ԻՄ պաշտոնական կայքում արդեն հրապարակվել են համաժողովի ծրագիրը և հոդվածների ժողովածուն։

ԵՊՀ ԻՄ-ի ուսանողները Ֆրանսիայում

1. գլխավոր 2023թ. մարտի 28-ից Ֆրանկոֆոնիայի և քույր քաղաքների բարեկամության շրջանակներում Վալանսի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վալանսի մասնաճյուղի հրավերով ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հինգ ուսանողուհիներ դասախոսի ուղեկցությամբ երերքշաբաթյա այցով մեկնեցին Վալանս՝ կատարելագործելու մասնագիտական գիտելիքները և բանավոր խոսքը՝ մասնակցելով դասընթացների և հանդիպումների, կատարելով ճանաչողական այցեր:

Մարտի 28-ին ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունն այցելեց Գրենոբլի համալսարանի Վալանսի մասնաճյուղ, ծանոթացավ համալսարանի կառուցվածքին, կրթական ծրագրերին և մասնագիտություններին, լսեց Ն.Պիքեյի դասախոսությունը՝ «Ֆրանսիան որպես աշխարհիկ երկիր» թեմայով: Ըստ մշակված ծրագրի՝ խումբը նաև կմասնակցի թարգմանչական դասընթացների (ֆրանսերեն-անգլերեն, անգլերեն- ֆրանսերեն):

Մարտի 29-ից մինչև ապրիլի 5-ը մեր ուսանողները հաճախել են Վալանսի Կամիյ Վեղնե պետական լիցեյ, որը, լինելով կրթական մեծ համալիր, ընդգրկում է քոլեջ, լիցեյ և իրականացնում է նախապատրաստական երկամյա դասընթացներ՝ բարձրագույն դպրոցներ ընդունվելու համար: Ուսանողները մասնակցել են նախապատրաստական 1-ին և 2-րդ կուրսերի դասընթացներին (փիլիսոփայություն, աշխարհաքաղաքական պատմություն, ընդհանուր մշակույթ, անգլերեն և այլն): Մարզում այս լիցեյն առանձնանում է նրանով, որ այլ օտար լեզուներին զուգահեռ (անգլերեն, իտալերեն, գերմաներեն) առաջարկում է հայերենի և ռուսերենի ուսուցում: Մասնագիտություններից կարելի է նշել հետևյալները՝ արվեստ, սպորտ, եվրոպագիտություն, կինո, տնտեսագիտություն, անտիկ մշակույթ, ծրագրավորում և թվային տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն և այլն:

ԵՊՀ ԻՄ-ի պատվիրակությունը կատարել է նաև ճանաչողական այցեր, մասնավորապես՝ այցելել է Մարսել և Վալանսից հարավ գտնվող Գրիյանի դղյակ, որը հիշատակվում է 11-րդ դարից, և որտեղ 17-րդ դարում բնակվել ու իր հայտնի նամակներն է գրել մարքիզուհի դը Սևինյանը:

Ուսանողներն այցելել են նաև Վալանսի «Դոֆինե Լիբեղե» թերթի խմբագրություն, «Ռադիո Բլյո Դռոմ-Առդեշ» ռադիոտուն:

Ապրիլի 3-ին մասնաճյուղի պատվիրակությունը հյուրընկալվել և ջերմ ընդունելության է արժանացել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Վալանսի մասնաճյուղում: Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլա Դարագոնը, ՀԲԸՄ Վալանսի մասնաճյուղի նախագահ Կևին Մարգարյանը, միության անդամները, հյուընկալող ընտալիքները, հովանավորները: Հանդիպումն անցել է ջերմ մթնոլորտում, ֆրանս-հայկական դարավոր բարեկամության, Իջևան-Վալանս համագործակցության, ուսանողների փոխանակման ծրագրերի շուրջ քննարկումներով:

Մեկնարկում է բուհերի ընդունելության հայտագրումը

ԿԳՄՍՆ հայտ. նկարը 2023թ. ապրիլի 15-ից մեկնարկում է 2022-2023 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական և 2023 թվականի բուհերի ընդունելության միասնական և ներբուհական քննությունների հայտագրման գործընթացը։

Պետական ավարտական քննություններին մասնակցելու համար շրջանավարտը մինչև ապրիլի 15-ը գրավոր դիմում է իր ուսումնականա հաստատության տնօրենին։ Ուսումնական հաստատության տնօրենը ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը պետական ավարտական քննություններ հանձնողների ցուցակ-հայտերը մուտքագրում է Գնահատման և թեստավորման կենտրոնի app.dimord.am էլեկտրոնային կայքում։ 

Շրջանավարտը (դիմորդը) բուհը և մասնագիտությունը նշելու և նշված մասնագիտության համար սահմանված ընդունելության (միասնական, ներբուհական) քննություն(ներ)ը հանձնելու կամ հանձնած քննություն(ներ)ը մուտքագրելու համար պետք է ունենա ԳԹԿ անձնական համար և ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը առցանց եղանակով Գնահատման և թեստավորման կենտրոնի  dimord.am  կայքէջում լրացնի ընդունելության դիմում-հայտ:

ԳԹԿ անձնական համար ստանալու համար շրջանավարտը (դիմորդը) դիմում է իր ուսումնական հաստատության տնօրենին, իսկ նախորդ տարիների և 2022-2023 ուստարվա նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները դիմում են իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատության տնօրենին: Առանձնացված ուսումնական հաստատությունների ցանկը ներկայացված է կից:

Ուսումնական հաստատության տնօրենը ստուգում է ընդունելության քննություն հայտագրել ցանկացող դիմորդի՝ ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվեհամարին յուրաքանչյուր քննության համար փոխանցված 1500 (մեկ հազար հինգ հարյուր) դրամ վճարի անդորրագրի առկայությունը կամ վճարից ազատված լինելու փաստաթուղթը և տալիս ԳԹԿ անձնական համար: Ընդունելության դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է նաև`

  • 3×4 չափի լուսանկարի էլեկտրոնային տարբերակը,
  • անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը:

 Միասնական քննությունների վճարից ազատվում են`

  • պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
  • 1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
  • ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
  • առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:

Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ՆԳ նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Աղբյուրը՝ https://escs.am/:

«Իջևանի քաղաքային տարածության ձևավորման առանձնահատկությունները» թեմայով բանախոսություն դրամաշնորհային ծրագրի շրջանակներում

1. գլխավոր «Իջևանի հասարակական-մշակութային կյանքը առօրեականության համատեքստում 1920-1970-ական թվականներին» թեմայով դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ԵՊՀ ԻՄ-ի հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում:

Քննարկման առանցքում Իջևանի քաղաքային տարածության ձևավորման առանձնահատկություններին նվիրված ուսումնասիրության արդյունքների ամփոփումն ու հանրայնացումն էր, որի ընթացքում բանախոսները ներկայացրին քաղաքային միջավայրի և համակեցության ձևավորման իջևանյան առանձնահատկությունները, խորհրդային և ազգային գաղափարների ազդեցությունը Իջևանի քաղաքային միջավայրի վրա:

Բանախոսներից Վ.Պողոսյանը մասնավորապես նշեց, որ Խորհրդային Հայաստանի գոյության առաջին տարիներին Իջևանը փոքր` մոտ 2200 բնակչով գյուղ էր՝ մոտակա գյուղերի կենտրոնը: Խորհրդային առաջին տարիների քաղաքաշինական «շքերթը» Իջևան «չհասավ», բայց հետագայում քաղաքաշինական և ճարտարապետական ոճավորման վրա ունեցավ հստակ ազդեցություն: Մինչև Հայրենական պատերազմը Իջևանում փողոցները խճապատված չէին, միայն «երեսնական թվականներին հիմնված գյուղատնտեսական տեխնիկումի համալիրի շրջապատն էր, որ իջևանցիները քաղաք են անվանել, հավանաբար հաշվի առնելով, որ Իջևանի միակ ասֆալտապատ հատվածն էր և նաև գործում էր ներքին  սանսպասարկման համակարգ»: Ինչպես պատմում են տեղաբնակները` գյուղի գլխավոր փողոցի սալապատման աշխատանքներն իրականացրել են գերմանացի ռազմագերիները հավանաբար 1945-46 թվականներին: Մնացած առումներով Իջևանի քաղաքային կյանքի ցուցիչները շատ քիչ էին` մայրուղու անմխիթար շենք-շինությունները, շուկան, ճաշարանը, «հատակն ու դռները համարյա փտած ունիվերմագը», ծառայողական կենտրոնը` «փայտե երկար պատշգամբներով երկհարկանի շենքով», որտեղ  տեղակայված էին շրջանային իշխանությունները:

Ներկայացվեց, որ արդեն հետպատերազմյա շրջանում սկսեց իր դիմագիծը ձևավորել այժմյան Իջևանը, ինչը պայմանավորված էր նաև հանրապետական իշխանությունների վարած քաղաքականությամբ: Հետպատերազմյան առաջին տարիներին հանրապետության կենտրոնական իշխանությունների նախաձեռնությամբ սկսվեց շրջանային կենտրոնների հատակագծման և զարգացման հեռանկարների որոշակիացման գործընթացը:

1948թ. ճարտարապետներ Հ.Դավթյանի, Պ.Թումանյանի և Պ.Մանուկյանի կողմից կազմվեց Իջևանի առաջին հատակագիծը, որտեղ ամփոփվեցին ուղղահայաց, միմյանց հատվող փողոցների, ճարտարապետական անսամբլային ոճավորման մոտեցումները: Միևնույն ժամանակ հետպատերազմյան շրջանի շինարարությունն իրականցվում էր ոչ միայն լայն մասշտաբայնությամբ, այլև կոնկրետացված հատակագծային հիմքերով` հաշվի առնելով բնակավայրերի զարգացման հեռանկարները: Իջևանի հատակագծման հեղինակները փորձեցին համադրել խորհրդահայ ճարտարապետական մտքի զարգացման արդյունքները:

Բնակչության կրկնակի աճը, արդյունաբերական նոր համալիրների կառուցման հեռանկարները անհրաժեշտություն ստեղծեցին վերանայել քաղաքի՝ 1948թ. հատակագիծը, և 1963թ. պատրաստվեց նոր հատակագիծ 25 հազար բնակիչ ունեցող քաղաքի համար, որը վերանայվեց 1965 թվականին: Նոր նախագծով, որի քննարկմանը մասնակցում էին հանրապետության լավագույն ճարտարապետները, նախատեսվում էր Իջևանը դարձնել շինարարական կենտրոն, արագ իրականացնել քաղաքաշինական ծավալման գործընթացները, ձևավորել նոր թաղամասեր և միկրոշրջաններ: 1960-ական թթ. վերջին խնդիր դրվեց մոնումենտալ տեսք հաղորդել Իջևանի երկու մուտքերին` քաղաքի մշակութային ներկապնակի ձևավորման համար կարևորել խորհրդային և հայկական խորհրդանիշների ամբողջացումը: Եվ այս շրջանում կառուցվեցին մեզ հայտնի ու անհայտ բազմաթիվ շինություններ, որոնք այժմյան Իջևանի քաղաքային կյանքի առանցքն ու հիմնաքարն են:

Կլոր-սեղան քննարկումն ամփոփելով՝ բանախոսները նշեցին, որ հետազոտության արդյունքները տպագրման փուլում են և տպագրությունից հետո կներկայացվեն գիտասեր և իջևանասեր հասարակության դատին: