Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի ղեկավարության կողմից շնորհակալագրեր տրվեցին բռնի տեղահանված արցախահայերին աջակցելու նպատակով ԵՊՀ ԻՄ կողմից կազմակերպված կամավորական աշխատանքներին ակտիվ մասնակցած ուսանողներին

Տնօրենության նիստ

Գլխավոր ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տեղի ունեցավ տնօրենության նիստ՝ Ա. Հ. Մակարյանի նախագահությամբ: Նիստում քննարկվեցին 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում դասապրոցեսին ուսանողների մասնակցությանը, հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպմանը և արդյունքներին, մինչև 12 կրեդիտ կուտակած ակադեմիական պարտքերի վերահանձնման գործընթացի կազմակերպման ընթացքին, հանրակրթական դպրոցներից ԵՊՀ ԻՄ դիմած դիմորդներին (2021 թ., 2022 թ., 2023 թ.), նախորդ տնօրենության նիստի որոշումների կատարողականին վերաբերող հարցեր:

Առաջին հարցի մասին նշվեց, որ նախորդ ուստարվա համեմատությամբ այս ուստարվա 1-ին կիսամյակում դասապրոցեսին ուսանողների մասնակցության ընդհանուր վիճակն ավելի լավ է: Կան բացակայությունների թույլատրելի սահմանը հատած ուսանողներ, որոնց հետ կազմակերպվել են հանդիպումներ, և բարելավման ուղղությամբ իրականացվել են խորհրդատվական ու բացատրական աշխատանքներ: 

Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման և արդյունքների վերաբերյալ նշվեց, որ վերապատրաստող մասնագետների և վերապատրաստված ուսուցիչների արտահայտած կարծիքներն ու տեսակետները փաստում են գոհացուցիչ արդյունքների մասին: Ս.թ. սեպտեմբերի 5-ից  հոկտեմբերի 28-ը ԵՊՀ ԻՄ-ում կազմակերպվել և իրականցվել են Տավուշի և Գեղարքունիքի  մարզի  19  դպրոցների 48 ուսուցիչների համար վերապատրաստումներ: Նախ կազմվել և ԿԳՄՍ նախարարության հաստատմանն են ներկայացվել «Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման դասընթացի մոդուլը», դասընթացի ժամանակացույցը և վերապատրաստվող ուսուցիչների տվյալները: ԵՊՀ ԻՄ-ը պայմանագիր է կնքել Տավուշի և Գեղարքունիքի  մարզի  19  դպրոցի հետ:

Համաձայն հաստատված ժամանակացույցի՝ իրականացվել են վերապատրաստումները՝ 110 ժամ ընդհանուր տևողությամբ, հետևյալ մոդուլներից՝ Հանրակրթության բնագավառի օրենսդրություն, Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ, Տարիքային հոգեբանություն, Համընդհանուր ներառում, Գնահատում, Դիրքորոշում և արժեք, Առարկայի դասավանդման մեթոդիկա, Հետազոտական աշխատանքներ կատարելու սկզբունքներ:

Վերապատրաստումներն իրականացրել են 8 դասընթացավարներ,  որոնցից 6-ը մասնաճյուղի աշխատակիցներն են, իսկ երկուսի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր՝ դասընթացների ժամանակահատվածի համար:

Ուսուցիչների հետազոտական աշխատանքների էլեկտրոնային տարբերակները մուտքագրվել են Հայկական կրթական միջավայրի Պաշարների շտեմարան, թղթային տարբերակները հանձնվել են Արխիվ: Վերապատրաստման յուրաքանչյուր խմբի համար վարվել են առաջին թղթային մատյաններ: 2023 թ. հոկտեմբերի 31-ին նախարարություն է ուղարկվել ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կողմից իրականացված վերապատրաստման դասընթացի վերաբերյալ հաշվետվություն, իսկ նոյեմբերի 1-ին վերապատրաստված ուսուցիչներին տրվեն են վկայականները:

Հաջորդ հարցի մասին նշվեց, որ 2023-2024 ուստարվա 1-ին կիսամյակում եղել է մինչև 12 կրեդիտ ակադեմիական պարտքեր կուտակած 19 ուսանող, որից 2-ը՝ Հումանիտար գիտությունների ֆակուլտետից (առկա), 10-ը՝ Բնական գիտությունների ֆակուլտետից (առկա՝ 2, հեռակա՝ 8), 7-ը՝ Տնտեսագիտության ֆակուլտետից (հեռակա): Ընդ որում՝ նշված ուսանողներից 5-ը վերահանձնելու է ուսումնական պրակտիկա: Նոյեմբերի 1-7-ը դիմումների ընդունման, իսկ նոյեմբերի 21-27-ը՝ քննությունների հանձնման ժամանակաշրջանն է: Սահմանված ժամկետներում ուսանողները ներկայացրել են իրենց դիմումները՝ ակադեմիական պարտքերը մարելու համար: Ֆակուլտետների դեկանները տնօրենի հաստատմանն են ներկայացրել հանձնաժողովների կազմերը և ժամանակացույցները:

Մյուս հարցի հետ կապված՝ նշվեց, որ ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի կողմից, ըստ հանրակրթական դպրոցների, կատարվել է վերջին երեք տարիներին ԵՊՀ ԻՄ դիմած դիմորդների թվի և ընդունելության մրցույթի արդյունքների համեմատական վերլուծություն, ըստ որի՝ դիմորդների հիմնական հոսքը կատարվում է Տավուշի մարզի դպրոցներից (2021 թ․ այն կազմել է ընդհանուր դիմորդների 96.28%-ը, 2022 թ․՝ 99․6%-ը, իսկ 2023 թ․՝ 99%-ը):

2021 թ․ ընդունելության ընթացքում Լոռու մարզից դիմորդ է գրանցվել միայն Մարգահովիտի միջնակարգ դպրոցից (1 դիմորդ-1 ընդունված հարաբերակցությամբ): Նույն թվականին Երևանից մասնաճյուղ է դիմել 2, ընդունվել 1 դիմորդ:

ՊԿՇՀ բաժինը յուրաքանչյուր տարի այցելություններ է իրականացնում Տավուշի մարզի գրեթե բոլոր դպրոցներ (բացառությամբ այն դպրոցների, որոնք չունեն շրջանավարտ կամ դիմորդ) և Գեղարքունիքի, Լոռու մարզերի նշված դպրոցներ, սակայն ճանաչողական այցերի և ակնարկային դասախոսությունների շրջանակում ոչ բոլոր դպրոցներն են ընդգրկվում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ամրապնդել մասնաճյուղի կապն այն դպրոցների հետ, որոնք գրանցում են դիմորդների համեմատաբար մեծ հոսք, ակտիվացնել կապն այն դպրոցների հետ, որոնք չեն գրանցում դիմորդների մեծ հոսք, սակայն տարածաշրջանային դիրքով և տրանսպորտի հասանելիությամբ ունեն մասնաճյուղի մատուցած կրթությունից օգտվելու ավելի մեծ հնարավորություն:

Օրակարգային վերջին հարցի շրջանակներում անդրադարձ կատարվեց նախորդ տնօրենության նիստի որոշումների կատարողականին, և արձանագրվեց, որ բոլոր որոշումներն էլ իրականացվել են:

Ընթացիկ՝ դիպլոմն անվավեր ճանաչելու և կրկնօրինակ տրամադրելու մասին հարցի կապակցությամբ նշվեց, որ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի՝ 2020 թ. 1 շրջանավարտ դիմել է իր դիպլոմի կրկնօրինակը տրամադրելու համար: Հիմք ընդունելով «ԵՊՀ-ի կողմից լրացուցիչ ծառայությունների մատուցման և փաստաթղթերի տրամադրման վարձաչափերի և ժամկետների մասին», ինչպես նաև «ԵՊՀ-ի դիպլոմի կրկնօրինակը տալու կարգը հաստատելու մասին» ԵՊՀ ռեկտորի հրամանները՝ որոշվեց անվավեր ճանաչել ԵՊՀ ԻՄ շրջանավարտի նախկին դիպլոմը և թույլատրել տրամադրել կրկնօրինակը:

Շնորհավո՜ր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ

նոր նկարՍիրելի՛ ուսանողներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ղեկավարության և ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք ձեզ Ուսանողության միջազգային օրվա առթիվ:

Մաղթում ենք մասնագիտական և անձնական նշանակալի ձեռքբերումներ, նախաձեռնողականություն, հաստատուն կամք և նպատակասլացություն՝ ձեր ստեղծարար և հետաքրքիր մտահղացումները, երիտասարդական ավյունը, գիտելիքները, կարողությունները և հմտությունները ի նպաստ մեր երկրի բարօրության և առաջընթացի իրացնելու գործում:

Օրեցօր փոփոխվող ու մարտահրավերներով լեցուն այս դարաշրջանում ժամանակին համընթաց քայլելու, համաշխարհային շահերի ու տեսակետների բախման այս խաչմերուկում տանուլ չտալու և խոչընդոտները հաղթահարելու համար առավել քան երբևէ կարևոր է ճկուն մտքով, հիմնավոր գիտելիքներով օժտված, առաջադեմ, կիրթ և զարգացած հասարակություն ունենալը, որի շարժիչ ուժը, ներկայի հույսն ու գալիքի երաշխավորը դու՛ք՝ երիտասարդներդ եք:

Եվս մեկ անգամ շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի՛ ուսանողներ, հաջողություններ և ամենայն բարիք…

 

Տոնի նախապատմությունը

1939 թ. նոյեմբերի 17-ին ֆաշիստները, շրջափակելով Պրահայի համալսարանի ուսանողական հանրակացարանը, շուրջ 1200 ուսանողների գերեվարեցին համակենտրոնացման ճամբար: Այդ նույն օրը, ըստ տեղեկությունների, ինն ուսանող մահապատժի ենթարկվեց: Պրահայի համալսարանը փակվեց, և շենքն օգտագործվեց Գերմանիայի զավթիչ ուժերի կողմից: Հիտլերի հրամանով Չեխոսլովակիայի բոլոր բուհերը փակվեցին մինչև պատերազմի ավարտը: Այդ բռնություններին ուսանողները փորձեցին հակազդել: Նույն օրը Պրահայի փողոցներում կազմակերպված ցույցով հակաֆաշիստական ուսանողական կոալիցիա ձևավորվեց: Երկու տարի անց՝ 1941 թվականին, եվրոպական տարբեր երկրների ուսանողներ Լոնդոնի ուսանողական միջազգային խորհրդում որոշեցին նոյեմբերի 17-ը նշել որպես Ուսանողության միջազգային օր՝ հիմքում ունենալով ֆաշիզմի դեմ պայքարը:

Հետագայում՝ 1980-ական թվականների երկրորդ կեսին, Պրահայի ուսանողները սկսեցին այդ օրը նշել որպես անկախության օր: 1989թ. նոյեմբերի 17-ի հանրահավաքով էլ սկիզբ դրվեց Չեխոսլովակիայում իրականացված ոչ բռնի հեղափոխության:

Այսօր նոյեմբերի 17-ը համարվում է ուսանողների խորհրդանշական համախմբման օր, որը տոնում են աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Կարիերայի խթանման ծրագիր ԵՊՀ Իջեվանի մասնաճյուղում

1. glxavor 2023 թ․ նոյեմբերի 9-ին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ և ԵՊՀ ԻՄ պրակտիկայի կազմակերպման և շահակիցների հետ համագործակցության (ՊԿՇՀ) բաժնի մասնակցությամբ ԵՊՀ ԻՄ-ում իրականացվեց կարիերայի խթանման ծրագիր:

Ծրագրի շրջանակներում մասնաճյուղի ուսանողները ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանի, կենտրոնի աշխատակիցների և ԵՊՀ ԻՄ ՊԿՇՀ բաժնի տեսուչ Աննա Սարգսյանի հետ շրջայց կատարեցին Իջևանի գինու և կոնյակի գործարանում, ծանոթացան գործարանի պատմությանը և գործունեությանը, գինու և կոնյակի ամենապահանջված և արվեստի գործ համարվող նմուշներին: Գործարանի աշխատակցուհին համալսարանականներին նաև ներկայացրեց հետագայում գինու թանգարանի և դեգուստացիոն սրահի կառուցման մասին, որը լավ հնարավորություններ կընձեռի մեր ուսանողներին և շրջանավարտներին աշխատանք գտնելու հարցում:

Այնուհետև ուսանողները հանդիպեցին «Դը Գուրուս», «Արմենիա ինշուրանս» և «Միասնական սոցիալական ծառայություն» կազմակերպությունների ներկայացուցիչներ հետ: «Դը Գուրուս» ընկերության HR մենեջեր Անի Խաչատրյանը և մարքեթինգի մենեջեր Արմենուհի Հարությունյանը ուսանողներին ներկայացրին իրենց կողմից իրականացվող անվճար դասընթացների և ընձեռվող հնարավորությունների մասին: «Արմենիա ինշուրանս» ապահովագրական ընկերության տարածաշրջանային վաճառքների համակարգման բաժնի ղեկավար Նարեկ Գուլքանյանը և մասնագետ Վլադիմիր Նանյանը ներկայացրին իրենց ընկերությունում առկա աշխատանքային հնարավորություններն ու պրակտիկաները: Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը ներկայացրեց զբաղվածության պետական աջակցության ծառայությունները:

Համագործակցության շրջանակներում մասնաճյուղի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց կազմակերպություններում հետագա թափուր հաստիքների առկայության դեպքում տեղեկացնել մեր ուսանողներին և շրջանավարտներին:

Այնուհետև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը ուսանողներին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, թե որ կազմակերպությունների հետ է այն համագործակցում: «Ինչպե՞ս գտնել հենց քո երազած աշխատանքը» խորագրով դասընթացի շրջանակներում կենտրոնի մասնագետներ Մարինե Մարգարյանը և  Արուսյակ Սահակյանը  մասնաճյուղի ուսանողներին ներկայացրին գրագետ CV կազմելու, պատշաճ կերպով հարցազրույցի ներկայանալու կանոնները և նրբությունները: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի մասնագետ Ժաննա Գրիգորյանը ներկայացրեց կենտրոնի կողմից տրամադրվող աշխատանքային և պրակտիկայի հնարավորությունների մասին տեղեկատվություն:

Մասնաճյուղի ուսանողները շատ տպավորված էին ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի աշխատակիցների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներով, Իջևանի գինու և կոնյակի գործարան այցով ու ցանկություն հայտնեցին, որ այդպիսի միջոցառումներ հաճախակի կազմակերպվեն:

https://shorturl.at/bpR45

«Ֆինտեք Էթիկա» երկօրյա հեղինակային դասընթաց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում

1. glxavor

 2023 թ. նոյեմբերի 7-8-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ «Ֆինտեք Էթիկա» երկօրյա հեղինակային դասընթացի 3-րդ հոսքը, որը նախաձեռնել էր «ԱուրԷքսչենջՔլաբ» («OurExchangeClub») կրիպտոարժույթի փոխանակման միջազգային նորարարական ընկերությունը:

Դասընթացի նպատակն էր հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացումը, նորարարական ոլորտում տասնամյա գործունեության ընթացքում կուտակված գործնական գիտելիքների ու ոլորտային փորձառության փոխանցումը:

«Ֆինտեք Էթիկա» դասընթացը վարում էր նորարարական ոլորտի գործարար, «ԱուրԹիմՔլաբ», «ԱուրԷքսչենջՔլաբ», «ՔլաբՕն» ընկերությունների համահիմնադիր, գործադիր տնօրեն, բիզնես խոսնակ Ավետիս Վարոսյանը:

Դասընթացում ներգրավված էին ֆինանսական ոլորտին առնչվող ութ տասնյակ մասնակիցներ, որոնց մեջ գերակշռող էին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողները:

Երկօրյա արագացված դասընթացի շրջանակներում ներկայացվեցին և քննարկվեցին հետևյալ թեմաները՝ «Փողի էվոլյուցիա», «Էլեկտրոնային փող», «Բանկային քարտեր», «Բանկոմատներ», «Օնլայն գնումներ (կիրառությունը և անվտանգ օգտագործման կանոնները)», «Բլոկչեյն», «Կրիպտոարժույթ», «Կրիպտոպանակներ», «Կրիպտոընկերություններ»:

Դասընթացը մասնակիցներին օգնեց հաղորդակցվելու ֆինտեք ոլորտի նորարար և հետաքրքիր տեղեկություններին, ավելացնելու գիտելիքները ոլորտի զարգացման միտումների վերաբերյալ և զերծ մնալու մի շարք ռիսկերից, այլ խոսքով՝ ֆինտեք ոլորտում կայացնելու ճիշտ, արագ և անվտանգ որոշումներ:

Վերջում դասընթացի մասնակիցներին տրվեցին հավաստագրեր: