Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղում կկայանա «Պետության հզորացման միտումները և երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով ուսանողական միջբուհական գիտաժողով

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ

2017թ. փետրվարի 17-ին Երևանի պետական համալսարանի Իջևանի  մասնաճյուղը  կազմակերպում է «Պետության հզորացման միտումները  և երիտասարդության հիմնախնդիրները» խորագրով միջբուհական գիտաժողով, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր բուհերի ուսանողները:

Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն:

Գիտաժողովի ուղղություններն են.

  1. Հայագիտություն
    • Հայ բանասիրություն
    • Պետություն և իրավունք
  2. Տնտեսագիտություն
  3. Մանկավարժություն, հոգեբանություն, սոցիոլոգիա
  4. Ինֆորմատիկա / Տեղեկատվական տեխնոլոգիաներ
  5. Փիլիսոփայություն
  6. Լեզվաբանություն / գրականագիտություն:

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2017թ. հունվարի 15-ը լրացնել մասնակցության հայտը ( https://goo.gl/forms/CvuooRS2DUpxkn0z1), հետևյալ էլ.փոստին (university.ysu.ib@gmail.com) ուղարկել հոդվածը և գիտական ղեկավարի կարծիք-երաշխավորագիրը:

Նամակում որպես վերնագիր նշել՝ անուն, ազգանուն, հայրանուն , իսկ որպես տեքստ՝ հոդվածի վերնագիրը:

Լավագույն աշխատանքները կտպագրվեն ԵՊՀ ԻՄ-ի «Ակունք»  գիտական հոդվածների ժողովածուի հերթական համարում:

 

Յուրաքանչյուր մասնակցի աշխատանքի ծավալը պետք է լինի 3-7 էջ և պետք է ներկայացվի 5-ից 7 րոպեում:

Մանրամասն տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ.

FB – https://web.facebook.com/sssysuib/

Phone. 093206213 (Զուրաբյան Ալբերտ, ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ նախագահ),

077748252 (Շաղբաթյան Իսկուհի, ԵՊՀ ԻՄ ՈՒԽ նախագահ):

 

 

 

Փետրվարի 1-ի տնօրենության ընդլայնված նիստում

2017թ. փետրվարի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ տնօրենության ընդլայնված նիստ՝ Ս. Ա. Առաքելյանի նախագահությամբ:

Նիստին մասնակցում էին տնօրենության անդամները, հրավիրված էին մասնագիտության կրթական ծրագրերի պատասխանատուները, պրակտիկայի ղեկավարները:

Տնօրենության ընդլայնված նիստում քննարկվեցին ԵՊՀ ԻՄ-ի՝ 2016-17 ուսումնական տարվա II կիսամյակի նախապատրաստական աշխատանքներին,  նույն կիսամյակի ուսումնական, արտադրական և մանկավարժական պրակտիկաների անցկացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Մասնավորապես նշվեց, որ 2017թ. հունվար ամսվա ընթացքում կազմվել են 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման ժամանակացույցները:

Փետրվարի 1-ի տնօրենության ընդլայնված նիստում

Ուսումնական ծրագրերն իրականացնելու նպատակով առկա ուսուցման համակարգի` 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակի ուսումնական պարապմունքները որոշված է սկսել փետրվարի 6-ից:

2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը սկսելու նպատակով նախատեսված է 2017թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 2-ն իրականացնել ֆակուլտետների գիտական խորհուրդների նիստեր և դրանցում քննարկել 2016-2017 ուստարվա երկրորդ կիսամյակում դասախոսական անձնակազմի դրույքաչափերի աշխատանքային գրաֆիկների հաստատման, ինչպես նաև առաջին կիսամյակի քննաշրջանի արդյունքների ամփոփման հարցերը:

Որոշվել է առաջին լուծարքային շրջանն սկսել հունվարի 30-ից և անցկացնել մինչև փետրվարի 11-ը, երկրորդը` փետրվարի 13-23-ն ընկած ժամանակահատվածում:

2017թ. հունվարի 9-ից մասնաճյուղում անցկացվել են հանրագումարային քննությունները:

Քննաշրջանն անցկացվել է սահմանված կարգով, քննությունների ընթացքը պարբերաբար վերահսկվել է Ուսումնամեթոդական վարչության կողմից:

Հաջորդ հարցի հետ կապված՝ մասնավորապես նշվեց, որ 2016-2017 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում նախատեսված է անցկացնել 7 ուսումնական, 2 արտադրական և 5 մանկավարժական պրակտի­կա­ներ՝ 203 ուսանողների մասնակցությամբ:

Ուումնական, արտադրական և մանկավարժական պրակտիկաների բոլոր ղեկավար­ները Ուսումնամեթոդական վարչություն են ներկայացրել պրակտիկայի իրենց ծրագրերը` հաստատված ամբիոնների վարիչների կողմից, որոնցով առաջնորդվում են ուսանողները պրակտիկաների ընթացքում:

Մանկավարժական պրակտիկան չորս մասնագիտությունների գծով չորս շաբաթ տևողությամբ երրորդ և չորրորդ կուրսերում պետք է անցկացվի հունվարի 30-ից մինչև փետրվարի 25-ը: Պրակտիկաներն անցկացնելուց հետո դրանց արդյունքները կամփոփվեն պրակտիկաների ղեկավարների կողմից և կներկայացվեն Ուսումնամեթոդական վարչություն:

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի մրցույթ

ՀԵՀ-ը հայտարարում է կրթաթոշակի հատկացման մրցույթ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՀՀ կառավարության և կրթության և գիտության նախարարության աջակցությամբ հայտարարում է կրթաթոշակների տրամադրման մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել պետական բուհերի առկա ուսուցման առաջին կուրսի` անվճար համակարգում չընդգրկված ուսանողները։

Հայտատու ուսանողը պետք է լինի ՀՀ քաղաքացի և բավարարի նշված պահանջներից առնվազն մեկին՝

• սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված՝ անապահովության «20.00» միավորից բարձր անապահովության միավոր ունեցող) ընտանիքների անդամ,

• երրորդ խմբի հաշմանդամ ուսանող,

• սահմանամերձ համայնքների ուսանող (հիմք են ընդունվում սահմանամերձ այն համայնքները, որոնք ՀՀ կառավարության որոշմամբ ստանում են սոցիալական աջակցություն),

• տվյալ ուսումնական տարվա կիսամյակի քննությունների և ստուգարքների արդյունքներով գերազանց գնահատականներ ունեցող ուսանող,

• հասարակական ակտիվություն ցուցաբերող ուսանող։

Յուրաքանչյուր հայտատուի փաստաթղթերում պետք է ներառվեն.
 
ա/ անձնագրի և/կամ նույնականացման քարտի պատճեն,
 
բ/ տեղեկանք հայտատուի տարածաշրջանի սոցիալական ապահովության մարմինների կողմից, 
 
գ/ ստուգման գրքույկի պատճենը, հաստատված դեկանի կողմից,
 
դ/ ուսխորհրդի կամ ուսումնական խորհրդարանի կողմից տրված բնութագիր ուսանողի հասարակական ակտիվության մասին / ուսխորհրդի նախագահի ստորագրությամբ/
 
ե/ դեկանատի կողմից տրված առաջադիմության թերթիկի պատճենը,
 
զ/ սահմանամերձ համայնքի ուսանող հանդիսանալու դեպքում՝ տեղեկանք տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, նույնականացման քարտ ներկայացնելու դեպքում՝ նաև ատեստատի և/կամ վկայականի պատճենը, 
 
է/ լրացված հայտը և դիմումը:

Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է։

 
Դիմումներն ու անհրաժեշտ փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Տերյան 74), ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 10.00-17.00 (ընդմիջման ժամն է 13.00-14.00-ն):
Կրթաթոշակի մրցույթին մասնակցելու դիմում-հայտը կարող եք ներբեռնել այստեղ։ 
 
Աղբյուրը՝ http://heh.am

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

 «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է մեր քաջարի զինվորներին՝ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ, նրանց մաղթում խաղաղ երկնակամար, անփորձանք ծառայություն, տոկունություն, մարտունակություն ու շարունակական կատարելագործում: Հայկական տոնացույցի ամենակարևոր և պատասխանատու օրերից մեկն է հունվարի 28-ը՝ Հայոց բանակի կազմավորման օրը, բանակ, որ ինչպես 25 տարի առաջ, այնպես էլ այսօր հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխավորն է: Սա տոն է, որ հպարտությամբ նշում են թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, սա օր է, որ հայ ժողովրդին համոզեց, որ պայքարը չի ավարտվել, և նոր հաղթանակներն առջևում են:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

Ամեն տարվա պես, այս տարի էլ՝ 2017թ. հունվարի 28-ին, ՀՀ հյուսիսարևելյան սահմանում՝  Իջևանում, կազմակերպվել էին տոնական միջոցառումներ, որոնց ակտիվ մասնակցություն ունեցան և ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի անդամները:

Բազմաթիվ հայրենակիցների հետ նրանք քայլերթով, իրենց  գլխավերևում ծածանելով հսկա եռագույնը, մարտական կոչերով, ռազմահայրենասիրական երգեր երգելով, այցելեցին Իջևանի Ազատության հրապարակ: Շենքերի բնակիչներն իրենց պատշգամներից   հպարտությամբ ձայնակցում էին երթի մասնակիցներին:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

Ազատության հրապարակում քաղաքացիներն ու ակումբականները հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղիկներ դնելով քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանին:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

Մասնաճյուղի «Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբի նախագահ Լազր Ափինյանի խոսքով՝ ակումբի անդամները միշտ պատրաստակամ կանգնած են զինվորների կողքին՝ քաջ գիտակցելով, որ նրանք են մեր ազգի ուժն  ու պարծանքը: Ըստ նրա՝ դեպի հայ զինվորը, դեպի հայրենիքն ունեցած ջերմ վերաբերմունքի, ակնածանքի մասին է վկայում թեկուզ այն, թե ինչպիսի առանձնահտուկ սիրով ու հպարտությամբ են զինվորական համազգեստ կրում մեր ակումբական թե՛ տղաները և թե՛ աղջիկները:

«Տավուշ» ռազմահայրենասիրական ակումբը սիրով շնորհավորում է Հայոց բանակի 25-ամյակը

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 25-ամյա բանակ

2017թ. հունվարի 28-ին` Հայոց բանակի կազմավորման 25-րդ տարեդարձի առթիվ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչները, ուսանողներ այցելեցին Իջևանի Ազատության հրապարակ, ծաղիկներ դրեցին քաջ երկրապահների անունը հավերժացնող հուշարձանին:

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 25-ամյա բանակ

Իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել Իջևանի քաղաքային ու հոգևոր իշխանությունների, հասարակական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, Իջևանի զորամասի զինվորներ, դպրոցականներ, քաղաքացիներ:

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 25-ամյա բանակ

Իջևանի Ազատության հրապարակի հուշահամալիրի մոտ զինվորական երաժշտախումբը հնչեցրեց ՀՀ պետական օրհներգը, տեղի ունեցավ Հայոց բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված տոնական միջոցառում:

Շնորհավո՛ր տոնդ, Հայո՛ց 25-ամյա բանակ

Հունվարի 28-ը Հայոց բանակի կազմավորման օրն է: Հայոց բանակը ստեղծվեց Արցախյան ազատամարտի բովում` երկրապահ-կամավորական ջոկատների հիմքի վրա` դառնալով մեր պատմության կարևորագույն ձեռքբերումներից մեկը, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության երաշխավորը:

1990 թվականին` Անկախության հռչակագրի ընդունումից հետո, կազմավորվեց Երևանի հատուկ գունդը, Արարատում, Գորիսում, Վարդենիսում, Իջևանում ու Մեղրիում ձևավորվեցին վաշտեր, իսկ 1991թ. կառավարության որոշմամբ ստեղծվեց նախարարների խորհրդին առընթեր Պաշտպանության պետական կոմիտեն:

1992թ. հունվարի 28-ին Կառավարությունը ընդունեց որոշում` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին»:

Օրը դարձավ տոն 2001 թվականին, երբ Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում ամրագրվեց որպես Բանակի օր:

24 տարիների ընթացքում մեր բանակը անցավ հաղթանակներով լեցուն մարտական ուղի:

Հայոց բանակի զինվորների և հրամանատարների ջանքերով այսօր երաշխավորված է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների բնակչության խաղաղությունը, մեր անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը:

Հայրենիքի պաշտպանության սուրբ պարտականությունից բացի` այսօր Հայոց բանակը բազմաթիվ երկրներում հաջողությամբ իրականացնում է նաև միջազգային խաղաղապահ առաքելություն:

Հայոց բանակի զինվորը երբեք չի հարձակվել ուրիշի տան վրա ու միշտ նվիրումով, հաճախ էլ՝ կյանքի գնով, պաշտպանում է իր երկրի՝ իր տան անվտանգությունը:

Փա՛ռք ու պատիվ ձեզ, հայո՛ց քաջարի զիվորներ, որ սրատես արծվի պես զգոն հսկում եք մեր սահմանները, ձեզ ենք պարտական մեր ամեն մի խաղաղ օրվա համար…

Շնորհակալությու՛ն ձեզ և շնորհավո՛ր ձեր տոնը, մեր թանկագի՛ն զինվորներ, անփորձանք ծառայություն ձեզ և բարի վերադարձ…