Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

2017թ. հունվարի 26-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Դասախոսի իմիջը» թեմայով  դաս-քննարկումը, որը վարեց Հայոց լեզվի և գրականության  ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մասնագիտության կրթական ծրագրի պատասխանատու Ա. Ա. Սարհատյանը:

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

«Տարողունակ ու  բազմիմաստ մի հասկացություն է «Իմիջը»`անգլերեն բառ, որ նշանակում է կերպար: Որտեղի՞ց, ե՞րբ և ինչի՞ց է սկսվում ու ձևավորվում դասախոսի իմիջը… Առաջին անգամ սրբազան երկյուղածությամբ լսարան մտնելու՞ց, առաջին ժպիտի՞ց՝ ուսանողին ուղղված, առաջին դասախոսությունի՞ց…

Իմիջը մարդու կերպարն է, որ ձևավորվում է ուրիշի աչքերով, – ընդգծեց տիկին Սարհատյանը, – դա մարդու այցեքարտն է, պատկերացումը, որ ընկալվում է շրջապատի կողմից և նշանակալիորեն տարբերվում է նրա իրական անձնային որակից: Այլ խոսքով՝ իմիջը մարդու մասին պատկերացումն է: Ընդհանուր առմամբ այն «կիսաճշմարտություն» է: Իմիջն ստեղծվում է այն ժամանակ, երբ ստանում է հասարակական հնչեղություն, երբ կան սուբյեկտն ընկալողներ»:

Դասի ընթացքում Ա.Սարհատյանը ներկայացրեց ժամանակակից գիտության մեջ տարբերակվող իմիջի հետևյալ տեսակները՝ հայելային իմիջ (այն, որ ունենք ինքներս մեր մասին), հոսող բնորոշ  իմիջ` (որն ունի կողքից նայողը), ցանկալի արտացոլում (այն, ինչին ձգտում ենք), բացասական իմիջ (որն ընդդիմադիրների, մրցակիցների կողմից գիտակցաբար է ձևավորվում, այլ ոչ թե ինքնաբերաբար):

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

Շեշտվեց, որ իմիջը դասակարգվում է սոցիալական միջավայրի այն տեսակներով, որոնցում նա գործում է, ներկայացվեցին նրա ձևավորման հիմքերը:  

Մասնավորապես նշվեց, որ մարդու արտաքին տեսքը կարևոր դեր է կատարում նրա իմիջի ձևավորման գործում: Պատահական չէ ասված, որ մարդուն դիմավորում են հագուստով, բայց ճանապարհում են խելքով: Հագուստը ուղղակիորեն իմիջ ձևավորող առաջին տեղեկատվությունն է, որ տեղեկացնում է մարդու մասնագիտական որակների, տնտեսական հնարավորությունների, գեղագիտական ճաշակի, սոցիալական որոշակի խմբի պատկանելության և այլնի մասին: Սակայն հարկ է հիշել, որ հագուստի ազդեցությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ նա չի սկսել խոսել:

Քիչ դեր չեն կատարում դեմքի արտահայտությունը, ժպիտը, բարյացակամությունը:

Առանձնապես կարևորվեց լեզվախոսքային իմիջը, որի մեջ մտնում են ձայնը, տոնայնությունը, ելևէջումները, բառապաշարը, խոսքի արտահայտչականությունն ու պատկերավորությունը, հումորի զգացումը և այլն: Այդ առիթով վկայակոչվեց Սոկրատեսի «Խոսի՛ր, որ ճանաչեմ քեզ» հայտնի արտահայտությունը:

Հմուտ մանկավարժը նշեց, որ դասախոսի կերպարը ձևավորվում է նաև ուսանողների հետ անմիջական շփման ընթացքում, երբ գերխնդիր է դառնում սովորեցնելը, ստուգելն ու պահանջելը:

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

Առանձնացվեցին դասախոսին բնութագրող հետևյալ հատկանիշները` դասավանդվող առարկայի գերազանց իմացությունը, գիտական պատրաստվածությունը, կրթվածությունը, առարկայի մեթոդաբանությունը, դասավանդման արվեստը, անձնական մանկավարժական տաղանդը, ստեղծագործ միտքը, մանկավարժական տակտն ու վարվելակերպի էթիկան:

Հատուկ ընդգծվեցին և դասախոսի «բարոյական» հատկությունները` անկողմնակալությունը, արդարամտությունը, ուսանողների հանդեպ իսկական սերը, նրբազգացությունը, ինքնակատարելագործման շարունակական մղումը և այլն:

Բ.գ.թ., դոցենտ Ա. Ա. Սարհատյանի վարած «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը չափազանց հետաքրքիր էր և ուսանելի, անցավ աշխույժ ու անկաշկանդ մթնոլորտում` ներգրավելով բոլոր ներկաներին` թե՛ երիտասարդ դասախոսներին և թե՛ իր հմուտ գործընկերներին: 

Կայացավ «Դասախոսի իմիջը» թեմայով դաս-քննարկումը

 

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ Բնական գիտությունների ֆակուլտետում

2017թ. հունվարի 25-26-ին Բնական գիտությունների ֆակուլտետում կայացան կուրսային աշխատանքների պաշտպանություններ:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Հունվարի 25-ին տեղի ունեցավ «Քարտեզագրություն և կադաստրային գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը ղեկավարում էր Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի ասիստենտ Սմբատ Դավթյանը:   

Հունվարի 26-ին կայացավ «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողների կուրսային աշխատանքների պաշտպանությունը, որի հանձնաժողովը գլխավորում էր Բնական գիտություններ ֆակուլտետի դեկան, ֆ.մ.գ.թ., դոցենտ Մանվել Զաքարյանը:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Երկու պաշտպանություններն էլ իրականացվեցին սահմանված կարգով, պատշաճ մակարդակով:

«Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» մասնագիտության չորրորդ կուրսի կուրսային աշխատանքների պաշտպանության հանձնաժողովի անդամ, կրթական ծրագրի պատասխանատու Ա.Սիմոնյանի խոսքով՝ աշխատանքներում պահպանված էր նյութի շարադրման տրամաբանությունը, դրանք բաղկացած էին տեսական մասից, մոդելային օրինակներից և ծրագրային հատվածներից:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Պաշտպանության ժամանակ ուսանողները ներկայացնում էին իրենց առջև դրված խնդիրների կիրառական նշանակությունը և գրված ծրագրերի աշխատանքի արդյունքները:

Հանձնաժողովի անդամները համակարծիք էին, որ  կուրսային աշխատանքների պաշտպանության ժամանակ բարձրացված հարցերն ու դիտարկումները կուղղորդեն ուսանողներին առավել պատրաստ հանդես գալու ավարտական աշխատանքների պաշտպանության ընթացքում:

Կուրսային աշխատանքների պաշտպանություններ  Բնական գիտությունների ֆակուլտետում

Լավագույն հոդվածի մրցույթ․ «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին»

Լավագույն հոդվածի մրցույթ․ «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին»

«Արևելք» լրատվական կայքը, հիշելով պոլսահայ մտավորական, «Ակօս» պարբերականի հիմնադիր, ազատ խոսքի մարտիկ Հրանտ Դինքի նահատակության 10-րդ տարելիցը, մտահղացել է «Հրանտ Դինք. նահատակության 10-րդ տարին» թեմայով հոդվածի մրցույթը:

  • Մրցույթին կարող են մասնակցել 25 տարին լրացած հոդվածագիրները:
  • Լավագույն հոդվածի հեղինակը կստանա 100 հազար դրամ, ժյուրիի ուշադրությանն արժանացած ևս երկու հոդվածների հեղինակներ կստանան արժեքավոր գրքեր:  
  • Հոդվածի լեզուն՝ հայերեն (արևմտահայերեն կամ արևելահայերեն):

Նախընտրելի է, որ հոդվածն արտացոլի այն իրականությունը, որն առաջացել է Դինքի նահատակությունից հետո, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, Թուրքիայում խոսքի սահմանափակման ենթատեքստում հայ մտավորականության պահվածքը, Դինքի բերած ավանդները ու դրանից բխող այլ հարցեր:

Կազմվել է ժյուրի, որի անդամների անունները կհայտարարվեն մրցանակաբաշխության ժամանակ: Հոդվածներն անհրաժեշտ է ուղարկել arevelk1@gmail.com հասցեով, մինչև 2017-ի փետրվարի 20-ը:

Աղբյուրը՝ http://hy.armscoop.com

Կայացավ «Մասնագիտության կրթական ծրագրի մշակում» թեմայով դաս-քննարկումը

2017թ. հունվարի 21-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ Դասավանդման առաջավոր փորձի փոխանցման և երիտասարդ դասախոսների աջակցման կենտրոնի կազմակերպած՝ «Մասնագիտության կրթական ծրագրի մշակում» թեմայով դաս-քննարկումը, որը վարեց Ընդհանուր մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնի դոցենտ, ֆ.մ.գ.թ., տնօրենի խորհրդական Ա. Հ. Մակարյանը:

Կայացավ «Մասնագիտության կրթական ծրագրի մշակում» թեմայով դաս-քննարկումը

Քննարկմանը ներկա էին վարչական անձնակազմի ներկայացուցիչներ՝ տնօրենը, Ուսումնամեթոդական վարչության պետը, կրթական ծրագրերի պատասխանատուները, երիտասարդ դասախոսները:

«Մասնագիտության կրթական ծրագրի մշակում» թեմայով դասը Ա.Մակարյանի կողմից նախատեսված եռօրյա դասընթացի (I. «Կրթական վերջնարդյունքների գնահատում», II. «Մոդուլի  վերջնարդյունքների մշակում», III. «ՄԿԾ մշակում») երրորդ մասն էր: 

Իր դասընթացի փաթեթի (պորտֆոլիոյի) օրինակով  պարոն Մակարյանը ներկայացրեց, թե ինչպես ճիշտ ձևակերպել դասընթացի ռազմավարությունն ու մարտավարությունը, անդրադարձավ վերջինիս հիմքում ընկած մեթոդների ընտրության խնդրին, իր կողմից կիրառվող մեթոդների տեսակներին: 

Կայացավ «Մասնագիտության կրթական ծրագրի մշակում» թեմայով դաս-քննարկումը

Բացատրվեց, թե ինչպես ճիշտ կազմել կրթական վերջնարդյունքները (գիտելիք, կարողություն, հմտություն) և ակնկալվող ելքային արդյունքները, ինչպիսի բայեր է նպատակահարմար կիրառել (կազմել, բացատրել, ստեղծել, պլան կազմել, վերլուծել, նախագծել, ընտրել, օգտագործել, ցուցադրել, պատրաստել, հաշվարկել, քննարկել, փաստարկել, կանխատեսել, գնահատել, համեմատել, ուրվագծել և այլն):

Ա.Մակարյանը մանրամասն ներկայացրեց գնահատման ընդհանուր ռազմավարությունը և ձևերը՝ դիագնոստիկ գնահատում, ուսուցանող գնահատում, բանավոր հարցում, թեստային աշխատանք և այլն: 

Գնահատման մեթոդների կոնկրետ օրինակներով տրվեց ակնկալվող ելքային արդյունքների գնահատման ծրագիրը:

Դասընթացն ուղեկցվեց հարցերով ու պատասխաններով, մասնակիցների ընդմիջարկումներով, անհատական օրինակների քննարկումներով:  

Կայացավ «Մասնագիտության կրթական ծրագրի մշակում» թեմայով դաս-քննարկումը

Բարի երթ ու խաղաղ ծառայություն, սիրելի՛ նորակոչիկներ

2017թ. հունվարի 21-ին ՀՀ ՊՆ Իջևանի զինկոմիսարիատում տեղի ունեցավ Տավուշի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին զինկոմիսարիատի, տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, համալսարանականներ՝ ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս. Ա. Առաքելյանի գլխավորությամբ, զորակոչիկների ծնողները, հարազատները, քաղաքացիներ:

21-01-17-1

Այդ օրը զորակոչված երկու տասնյակ նորակոչիկների մեծ մասը ԵՊՀ ԻՄ-ի առկա և հեռակա ուսուցման համակարգերի ուսանողներ կամ մասնաճյուղի աշխատակիցների զավակներ էին:

Բարի երթ ու խաղաղ ծառայություն, սիրելի՛ նորակոչիկներ

Հանդիսավոր միջոցառմանը ելույթ ունեցավ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրեն Ս. Ա. Առաքելյանը՝ նորակոչիկներին մաղթելով բարի երթ ու խաղաղ ծառայություն, ընդգծեց ամեն հայ երիտասարդի համար զինվորական ծառայության կարևորությունը՝ ոչ միայն որպես հայրենիքի հանդեպ սուրբ պարտքը կատարելու, այլև նրանց մեջ բարոյակամային հատկանիշները զարգացնելու առումով: Զորակոչիկների ծնողներին պարոն Առաքելյանը մաղթեց տոկունություն ու համբերություն, հայտնեց շնորհակալություն՝ հայրենիքի քաջ պաշտպաններ դաստիարակելու համար:

Մեր բոլոր զինվորներին ևս մեկ անգամ մաղթելով խաղաղություն և հաջողություն՝ տնօրենը ամեն նորակոչիկի հանձնեց նվեր-սրբապատկեր, որ նրանց յուրաքանչյուր օրն սկսվի աղոթքով ու Աստծո օրհնությամբ: 

Բարի երթ ու խաղաղ ծառայություն, սիրելի՛ նորակոչիկներ