Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Կայացավ փետրագնդակի բաց առաջնությունը

2013թ. մարտի 11-14-ը ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում կայացավ փետրագնդակի բաց առաջնություն, որին մասնակցում էին 24 աղջիկ, 10 տղա:

Առաջնությունն անցկացվեց օլիմպիական ձևով` պարտվելու դեպքում դուրս մնալու կարգով:

Առաջին տեղը գրավեց Տնտեսագիտության ֆակուլտետի «Սերվիս» մասնագիտության I կուրսի ուսանողուհի Անի Դավթյանը:

Երկրորդ և երրորդ տեղերը գրավեցին մարզադպրոցի սաներից Աննա Մանուչարյանը և Անի Էդիլյանը:

Տղաների եզրափակիչում հանդիպեցին Հումանիտար գիտությունների ֆակուլտետի «Անգլերեն լեզու և գրականություն» մասնագիտության I կուրսի ուսանող Հրաչ Ներսիսյանը և Կիրառական արվեստի ֆակուլտետի շրջանավարտ Հայկ Էդիլյանը:

2:0 հաշվով հաղթեց Հայկ Էդիլյանը:

Այս առաջնությունում լավ հանդես եկած ուսանողներից կկազմավորվի հավաքական` մայիսին Հայաստանի Հանրապետության փետրագնդակի առաջնությանը մասնակցելու համար:

Մասնաճյուղի ուսանողուհիներին շնորհավորում են զինվորները

2013թ. մարտի 8-ին Իջևանի զորամասի մի խումբ զինվորներ հրամանատարի գլխավորությամբ այցելեցին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ: Նրանք եղան Հումանիտար գիտությունների ֆակուլտետում, Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորեցին ուսանողուհիներին՝ նվիրելով ծաղիկներ:

Ուսանողների և զինվորների առջև ելույթ ունեցան զորամասի հրամանատարը և Հումանիտար գիտությունների ֆակուլտետի դեկան Վարդան Ալեքսանյանը: Նրանք իրենց խոսքում կարևորեցին բանակի և համալսարանի՝ որպես ռազմական ու մտավոր դարբնոցների դերը ազգապահպանման գործում:

Ապա զինվորականների հետ հանդիպում ունեցավ  ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը՝ շնորհակալություն հայտնելով հրամանատարությանը և զինվորներին՝ այդ նախաձեռնության համար: Նա ևս մեկ անգամ ընդգծեց բանակի կարևորությունը, համալսարան-զորամաս կապի ամրապնդման նպատակով առաջարկեց, որ մասնաճյուղի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներից դասախոսություններ կարդան զինվորների համար:

Կիրառական արվեստի ֆակուլտետում կայացավ Մարտի 8-ին նվիրված միջոցառում

2013թ. մարտի 8-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի կիրառական արվեստի ֆակուլտետում տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված ցերեկույթ: Այն կազմակերպել էին Ուսանողական խորհուրդը և առաջին կուրսեցիները:

Միջոցառմանը ներկա էին ֆակուլտետի բոլոր ուսանողները և դասախոսները:

Ֆակուլտետում ապահովվել էր տոնական մթնոլորտ. այն զարդարվել էր գույնզգույն ծաղկեփնջերով, մոմերով, բացիկներով:

Շնորհավորական խոսքով հանդես եկան Կիրառական արվեստի ֆակուլտետի դեկան Կ.Այվազյանը, դասախոսները, մասնաճյուղի Ուսանողական խորհրդի նախագահը:

Վերջում տեղի ունեցավ փոքրիկ հյուրասիրություն:

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրոն շնորհավորում է

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրոն Մարտի  8-ի առթիվ շնորհավորում է մասնաճյուղի կանանց և աղջիկներին, հղում ամենաջերմ բարեմաղթանքները՝ ցանկանալով անսպառ սեր, բերկրանք, առողջություն,  հաջողողություններ անձնական կյանքում և աշխատանքում:

Այս գեղեցիկ գարնանային տոնի կապակցությամբ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի արհբյուրոյի կողմից, ձևավորված ավանդույթի համաձայն, կազմակերպվեց միջոցառում: 

Ներկաներին շնորհավորեցին մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանը և արհբյուրոյի նախագահ Ա.Մարգարյանը:

Կազմակերպվեց նաև հյուրասիրություն և  մասնաճյուղի աշխատակից կանանց ու աղջիկներին տրվեցին նվերներ:

Իջևանի պատկերասրահում ցուցադրված էին մեր ուսանողների աշխատանքները

Ս.թ. մարտի 7-ին՝ ժամը 14:00-ին, Իջևանի պատկերասրահում տեղի ունեցավ ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքների ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որին ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, փոխմարզպետները, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Հայր Եզնիկը, ԵՊՀ ԻՄ տնօրեն Սամվել Առաքելյանը, դասախոսներ, ուսանողներ, քաղաքի բնակիչներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամի կողմից իրականացվող «Քաղաքացիական երկխոսություն և գործնական քայլեր հանուն փոփոխության» ծրագրի շրջանակներում, որը, 2009 թվականից սկսած, ԵՊՀ ԻՄ-ում ունի ուսանողական ծրագրային թիմ և արդեն իրականացրել է  շուրջ 15 նախաձեռնություն:

Սույն նախաձեռնության հեղինակների՝ Աննա Ադամյանի, Նաթելա Օրդինյանի և Սաթենիկ Ղաջոյանի նպատակն էր լուսաբանել ԵՊՀ ԻՄ կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները, խրախուսել ուսանողներին և ամրապնդել համայնք-բուհ կապը:

Բացման խոսքով հանես եկավ նախաձեռնող թիմի անդամ Աննա Ադամյանը, այնուհետև իրենց խոսքն ասացին ԵՊՀ ԻՄ ՈՒԳԸ-ի նախագահ Սլավիկ Ալավերդյանը, Տավուշի մարզպետը, թեմի հոգևոր առաջնորդը, ԵՊՀ ԻՄ-ի տնօրենը, քաղաքապետարանի մշակույթի բաժնի աշխատակիցը և քաղաքապետը: Մարզպետը և հոգևոր առաջնորդը խոստացան իրենց տրամադրել 3-ական նվեր:

Ներկայացված էր շուրջ 50 աշխատանք՝ գունանկարներ, գոբելեններ, կավե քանդակներ և փայտե փորագրություններ:

Ծրագրով նախատեսված էր քվեարկություն, որի արդյունքների համաձայն՝ ամենաշատ ձայներ հավաքած 3 աշխատանքների հեղինակներին տրվելու էին պատվոգրեր և մրցանակներ:

17:30-ին տեղի ունեցավ մրցանակաբաշխությունը, որի ժամանակ պարգևատրվեցին 11 ուսանողներ:

1-ին տեղը զբաղեցրեց Արմեն Եգանյանը, 2-րդ՝ Սուրեն Հովսեփյանը, 3-րդ՝ Սիրանուշ Գոգինյանը:

Սրբազանի կողմից նվերների արժանացան Շուշան Բաղդասարյանը, Դիանա Իսախանյանը, Մերի Ներսեսյանը:

Մարզպետը տրամադրել էր 40 000 ՀՀ դրամ՝ նվերներ գնելու նպատակով, որը տրամադրվեց ցուցահանդեսի 4 մասնակիցների՝ Կարինե Ճաղարյանին, Էդուարդ Սիմոնյանին, Լորետա Ստեփանյանին և Աննա Այվազյանին:

Մեկ նվեր էլ (գիրք) մասնաճյուղի ուսանողական գիտական ընկերության նախագահի կողմից տրվեց Տաթևիկ Աբրահամյանին: