Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Մասնաճյուղի տնօրեն Ս.Առաքելյանի հանդիպումը ուսխորհրդի անդամների հետ

 

 

2014թ. սեպտեմբերի 9-ին մասնաճյուղի տնօրեն Սամվել Առաքելյանը հանդիպում ունեցավ ուսխորհրդի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա էին նաև իրավախորհրդատու, Ուսանողների իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ա.Հովհաննիսյանը, տնօրենի օգնական Ն.Գրիգորյանը, Հասարակայնության հետ կապերի և մամուլի պատասխանատու Հ.Վանյանը:

Տնօրենը բարի գալուստ մաղթեց ուսխորհրդի շարքերը նոր համալրած առաջին կուրսեցիներին, ուսանողներին կոչ արեց լինել ավելի ակտիվ, նախաձեռնող, նպատակասլաց, հաճախակի կազմակերպել միջոցառումներ, գիտաժողովներ, բանավեճեր, ինտելեկտուալ խաղեր:

Պարոն Առաքելյանն իր խոսքում ընդգծեց, որ համալսարանը ուսանողներին ինքնադրսևորվելու մեծ հնարավորություն է տալիս, ուսանողական ինքնակառավարման կառույցները յուրօրինակ փորձաքար են մեծ կյանքում լիարժեքորեն դրսևորվելու համար:

Հանդիպման ընթացքում նաև ուսանողներն առաջադրեցին իրենց հուզող հարցերը, ներկայացրին ուսանողական կյանքին, դասերին առնչվող խնդիրներն ու առաջարկները:

Հոգեբանության դոկտոր Անի Քալայջյանը դասընթաց անցկացրեց մասնաճյուղում

2014թ. սեպտեմբերի 2-ին մասնաճյուղում «Տագնապների հաղթահարում, վերափոխում և կանխարգելում խորագիտության և զգայական բանականության ինտեգրմամբ» թեմայով դասընթաց վարեց Նյու Յորքի «Կոլումբիա» համալսարանի հոգեբանության պրոֆեսոր, ՄԱԿ-ի նյույորքյան գրասենյակում ՀՍԻԿ ներկայացուցիչ, Տագնապների և ցեղասպանության ուսումնասիրությունների հայ-ամերիկյան ընկերության նախագահ, Տագնապների հաղթահարման և կանխարգելման միության հիմնադիր-նախագահ, դոկտոր Անի Քալայջյանը, որին ուղեկցում էր Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Մարիան Ուեսբերգին:

Մասնաճյուղում դասընթացի անցկացումը կազմակերպել էր Մանկավարժության և հոգեբանության ամբիոնը` նույն մասնագիտության ուսանողների և դասախոսների համար:

Դոկտոր Քալայջյանը հեղինակն է «Աղետն ու զանգվածային տրավման» (Վիստա, 1995), «Կոնֆլիկտների փոխակերպման ու հաշտեցման հոգեբանական ուղիներ» (Սպրինեգեր, 2010) գրքերի ու գլխավոր խմբագիրն է «Զանգվածային տրավման և զգացմունքային առողջացումը ամբողջ աշխարհում: Բուժման և իմաստավորման ծիսակարգեր և պրակտիկա» գրքի II հատորի (Պրայեգոր, 2010):

Նա դասընթացներ է վարել աշխարհի 45 երկրներում` հատկապես այն երկրներում, որտեղ երկրաշարժերի, ցունամիների, ցեղասպանություններիի հետևանքով մարդիկ հոգեբանական ցնցումներ են կրել:

Դասընթացն անցկացվեց «Իմաստալից աշխարհ Մարդասիրական Նպաստամատույց Ծրագրի» շրջանակներում, որի հիմնական կորիզը 7-քայլանի բուժական մոդելն է:

Այն ներառում է հետևյալ քայլերը.
1. Տագնապի, անհամաձայնության կամ կոնֆլիկտի մակարդակների գնահատում:
2. Ապրումների արտահայտման խրախուսում:
3. Փոխադարձ համակրանք ու գնահատում:
4. Իմաստի հայտնագործման ու արտահայտման խրախուսում:
5. Ուսուցողական ինֆորմացիայի տրամադրում:
6. Բնակենտրոն հոգատարության սերմանում:
7. Մարմնական, շնչառական և շարժունակության միջոցով առողջացման ցուցադրում:

Հետաքրքիր և բովանդակալից դասընթացի ժամանակ ուսանողները թեստերի, քննարկումների, ֆիզիկական վարժությունների միջոցով ձեռք բերեցին տագնապների հաղթահարման, վերափոխման ու կանխարգելման վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ:

2013-14 ուստարում մասնաճյուղի դասախոսները հեղինակել են մեկուկես տասնյակ գրքեր

2013-14 ուստարում մասնաճյուղի դասախոսները հեղինակել են 15 գիրք` 6 մենագրություն, 5 ուսումնամեթոդական, 4 ուսումնական ձեռնարկ:

Ստորև ներկայացնում ենք գրքերի ցանկը` ըստ ամբիոնների.

Բարձրագույն մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոն.

1. Այվազյան Կ. Բ., Մաթեմատիկա հումանիտար մասնագիտությունների համար, ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 135 էջ:

2. Ճաղարյան Մ. Ա., Տվյալների կառույցներ, ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, 85 էջ:

Անտառագիտության ամբիոն.

3. Գ. Ս. Սիմոնյան, Ա. Ա. Թութունջյան, Ջրերի գլխավոր իոններ և լուծված գազեր, ուսումնամեթոդական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ., 2013, 72 էջ:

Պատմության և քաղաքագիտության ամբիոն.

4. Նահապետյան Ռ., Ազգագրական տեղեկությունները Փ. Բուզանդի «Հայոց պատմություն» երկում, մենագրություն, Եր., Հեղինակային հրատ., 2013, 149 էջ (Հնագիտության և ազգագրության ամբիոն) :

5. Ներսիսյան Ա. Ա., Հ. Յ. Դաշնակցութեան պատմութիւն /1908-1918/, հատոր Գ, մենագրություն, Բեյրութ, «Զավարեան մատենաշար», 2013, 350 էջ (Հայոց պատմության ամբիոն):

6. Ներսիսյան Ա. Ա., Զորավար Սեպուհ, մենագրություն, երկրորդ լրամշակված հրատարակություն, Երևան, «Էդիթ Պրինտ» հրատ., 2014, 340 էջ: (Հայոց պատմության ամբիոն):

Հայոց լեզվի և գրականության ամբիոն.

7. Վանյան Հ. Ս., Ավետիք Իսահակյանի չափածո և արձակ լեգենդները, մենագրություն, Երևան, «Տիր» հրատ., 2014, 176 էջ:

Մանկավարժության և հոգեբանության ամբիոն.

8. Մանուկյան Ա. Մ., Պրոբլեմային իրավիճակներում մանկավարժական խնդիրների լուծման ժամանակակից տեխնոլոգիաներ և տեխնոլոգիական համակարգեր /կիրառական մանկավարժություն/, մենագրություն, Երևան, «Զանգակ – 97» հրատ., 2013, 300 էջ:

9. Բրուտյան Վ. Ա., Ընդհանուր և զինվորական մանկավարժության բառարան -տեղեկատու, ուսումնամեթոդական ձեռնարկ, Վանաձոր, «ՍԻՄ» տպագրատուն, 2013, 160 էջ:

10. Саргсян Д. Ю., Проблемы психологической безопасности личности: теоретические и экпериментальные проблемы /соавтор/, образовательно-методическое пособие, Ереван, Издательство ЕГУ, 2013, 136 с.

Օտար լեզուների ամբիոն.

11. Էվինյան Ս., Աբրահամյան Ս., Թեմրազյան Է., Ուսումնական ձեռնարկ հոգեբանության բաժնի ուսանողների համար, Երևան, ԵՊՀ հրատ., 2014, էջ 247:

12. Թեմրազյան Է., Էվինյան Ս., Աբրահամյան Ս., Նամակագրություն և ինքնակենսագրություն, գրքույկ անգլերեն լեզու ուսումնասիրողների համար, ուսումնական ձեռնարկ, Երևան, ԵՊՀ հրատ. 2014, էջ 228:

Ընդհանուր տնտեսագիտության ամբիոն.

13. Հովսեփյան Վ. Ե., Ազգային տնտեսություն, ուսումնական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2014, 232 էջ (ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոն):

14. Գալստյան Գ. Ս., Հարկային քաղաքականության տեսական հիմունքներ, ուսումնամեթոդական ձեռնարկ, ԵՊՀ հրատ., Երևան, 2013, 95 էջ (ԵՊՀ տնտեսագիտության տեսության ամբիոն):

Տուրիզմի կառավարման և մշակութաբանության ամբիոն.

15. Պոտոսյան Ա. Հ., Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչությունը և բնակավայրերը, մենագրություն, «Աստղիկ» գրատուն, Երևան, 2013, 416 էջ (Սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոն):

Մեկնարկեց նոր` 2014-2015 ուսումնական տարին

2014թ. սեպտեմբերի 1-ին ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Ս.Առաքելյանը, վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմը, Իջևանի N զորամասի հրամանատարական կազմը, նույն զորամասի նվագախումբը, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգով, որից հետո ուսանողներին իր շնորհավորանքի խոսքն ուղղեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրեն Սամվել Առաքելյանը:

Տնօրենը նրանց մաղթեց ուսանողական բեղմնավոր տարիներ, գիտելիքների անսպառ ձեռքբերում և հաճելի ընկերական շրջապատ: Բարձր կուրսեցիներին կոչ արեց սիրով ու ջերմությամբ ընդունել նորեկ ուսանողներին, օրինակ ծառայել լավ սովորելու, գիտելիքներ ձեռքբերելու գործում:

Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա կապակցությամբ ուսանողներին ողջունեց Իջևանի զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Սահակյանը` մասնավորապես նշելով, որ ուսանողը պետք է լինի զինվորի նման կարգապահ ու հայրենիքի նվիրյալ զավակ:

Այնուհետև առաջին կուրսեցիներին իր ողջույնի և շնորհավորանքի խոսքն ուղղեց մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը՝ շեշտելով, որ ուսանող լինելը մեծ պատիվ է, իսկ ուսանողի կոչմանն արժանանալը՝ մեծ պատասխանատվություն:

Նա ողջունեց մեր առաջին կուրսեցիների նորամուտը բուհ, որտեղ իշխում են ջերմությունն ու ուրախությունը, ընկերությունն ու ներդաշնակությունը: Նա ուսանողներին կոչ արեց ներգրավվել ուսխորհրդի աշխատանքներում` առավել հետաքրքիր ու բովանդակալից դարձնելով ուսանողական առօրյան:

Մասնաճյուղի տնտեսագիտության ֆակուլտետի այս տարվա շրջանավարտ, ԵՊՀ մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողուհի Գոհար Պետրոսյանը, ով 2013թ. ճանաչվել էր ԵՊՀ-ի լավագույն ուսանող, գիտելիքի բանալին հանձնեց առաջին կուրսեցիներին, մաղթեց, որ այդ բանալին բացի նոր, ավելի լայն ու նպատակային դռներ:

Նա նշեց նաև, որ մեծ ցավով ու ափսոսանքով է հեռանում մասնաճյուղից, որ լավագույն կրթօջախն է եղել իր համար, խոստացավ բարձր պահել մասնաճյուղի պատիվը, լինել իր ընտանիքին, հայրենիքին արժանի զավակ: Առաջին կուրսեցիներն էլ, ընդունելով բանալին, խոստացան լինել արժանի հետևորդներ և հպարտությամբ կրել ուսանող լինելու պատիվը:

Միջոցառման ընթացքում իրենց հաճելի ելույթներով հանդես եկան մասնաճյուղի շնորհալի ուսանողները, Իջևանի զորամասի նվագախմբի տղաները:

Տոնական միջոցառումն ավարտվեց ուսանողական խորհրդի անդամների և զորամասի նվագախմբի մասնակցությամբ գեղեցիկ կատարումով:

Մասնաճյուղում անցկացվեցին դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ

2014թ. օգոստոսի 29-30-ը «Կրեդիտային համակարգով դասախոսների որակավորման բարձրացման կրթագիտական ծրագրի» շրջանակներում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում անցկացվեցին դասախոսների որակավորման բարձրացման դասընթացներ, որոնց մասնակցեցին մասնաճյուղի շուրջ 60 դասախոսներ:

Դասընթացների թեմաներն էին «Դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ» և «Մանկավարժական հոգեբանություն», որոնք ընդգրկված են վերոնշյալ ծրագրի կրթական կառուցամասի «Մանկավարժական-հոգեբանական պատրաստություն» ենթաբաժնում:

«Դասավանդման, ուսումնառության և գնահատման ժամանակակից մեթոդներ» թեմայով դասընթացը վարում էր ԵՊՀ մանկավարժության ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Իգոր Կարապետի Կարապետյանը:

«Մանկավարժական հոգեբանություն» թեմայով դասընթացը վարում էր ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Միքայելի Ավանեսյանը:

Դասախոսների որակավորման բարձրացման դասընթացները բավականին հետաքրքիր էին ու արդյունավետ, ուղեկցվեցին ակտիվ քննարկումներով: