Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

ԵՊՀ ԻՄ-ում մեկնարկեց նոր՝ 2018-19 ուսումնական տարին

2018թ. սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի և դպրության օրը, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղում տոնական միջոցառմամբ մեկնարկեց նոր ուսումնական տարին:

Մասնաճյուղը նոր ուստարում դիմավորեց 73 առաջին կուրսեցիների, որոնց համար Ուսանողական խորհուրդը կազմակերպել էր տոնական միջոցառում:

DSCN3419

Ներկա էին ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Ա. Վ. Ցուցուլյանը, բուհի վարչական և պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամները, մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ, ուսանողներ, ծնողներ, հյուրեր:

DSCN3442

Տոնական միջոցառումը մեկնարկեց Տավուշի թեմի առաջնորդ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի օրհնության խոսքով ու աղոթքով:

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Տավուշի թեմի առաջնորդը մասնավորապես նշեց. «ԵՊՀ ԻՄ հարգելի՛ տնօրենի պաշտոնակատար, սիրելի՛ դասախոսական կազմ, շատ սիրելի՛ ուսանողություն, աշակերտություն, միանալով բոլոր շնորհավորանքներին, ձեզ մի խնդրանք-հորդոր ունեմ. ձեր ողջ ուսումնական տարին մնացեք այնպես գեղեցիկ, ինչպես այս առաջին օրն եք՝ հոգով, մտքով և ձեր արտահայտությամբ: Սիրելի՛ ուսանողներ, չափազանց կարևոր առաքելություն ունեք դուք այսօր. մենք՝ Տավուշ աշխարհը, սահմանների անվտանգության երաշխավոր է ոչ միայն զենքով, զինականությամբ, այլև հատկապես ձեր ուսումնառությամբ, լավագույն որակներով կրթության, ձեր բարձրագույն արժեքների ձգտումով: Չսպառե՛ք, չվատնե՛ք ձեր ժամանակը, այն դարձրե՛ք արդյունավոր, պտղաբեր, հավաքե՛ք, ամբարե՛ք ձեզ համար այն ամենը, ինչը կտրվի ձեզ համալսարանական կյանքում, վայելե՛ք կյանքը համալսարանական լիուլի, բայց զգացե՛ք նաև այն մեծ պատասխանատվությունը, որ ձեր միջոցով կոչված է մեր կյանքը բարեփոխվելու, և շարժիչ ուժը, միջոցը, խթանը դուք եք…»:

 DSCN3422

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ բոլոր համալսարանականներին՝ առաջին կուրսեցիներին, դասախոսներին, ուսանողներին, բուհի մյուս աշխատակիցներին, հյուրերին, շնորհավորեց ԵՊՀ ԻՄ-ի տնօրենի պաշտոնակատար Արտակ Ցուցուլյանը, բոլորին մաղթեց համարձակություն, ջանք, եռանդ՝ հաջողությունների հասնելու ճանապարհին.

DSCN3429
«…Մեծագույն չարիքի պատճառ հանդիսացող ծուլությունը թո՛ղ բոլորիցս դուրս գա: Պատկերացրեք, որ եթե չլիներ ծուլությունը, չէր լինի աշխարհի վրա աղքատ և անկիրթ մարդ…: Ես, ևս մեկ անգամ շնորհավորելով, բոլորիս ցանկանում եմ եռանդ, կամք, համարձակություն, աշխատենք, դրսևորվենք, հասնենք այն նպատակներին, որ յուրաքանչյուրս մեզ համար դրել ենք: Շնորհակալություն»:   

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ներկաներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեց Իջևանի զորամասի և ԵՊՀ ԻՄ-ի աշխատակից Վահագն Չոբանյանը:  

 

DSCN3454

Առաջին կուրսեցիներին ամենալավն ու բարին մաղթեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Տիգրան Չիբուխչյանը: Որպես ավագ կուրսի ուսանող՝ Տիգրանը գիտելիքի բանալին հանձնեց մասնաճյուղի այս տարվա լավագույն դիմորդ, «Զբոսաշրջություն» մասնագիտության առաջին կուրսի ուսանողուհի Լաուրա Ուլիխանյանին:

DSCN3472

Այնուհետև տեղի ունեցավ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Նորաթուխ համալսարանականները երդվեցին արժանի լինել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի ուսանող լինելու բարձր կոչմանը, լինել օրինավոր քաղաքացիներ, նպաստել երկրի պետականության զարգացմանը:

Տոնական միջոցառումը շարունակվեց գրական-երաժշտական գեղեցիկ կատարումներով:

Բուհի շնորհալի ուսանողներն իրենց ընկերներին ու դասախոսներին շնորհավորեցին բարեհունչ ասմունքով, երգ ու պարով:

DSCN3436

Միջոցառումից հետո Ուսանողական խորհրդի ներկայացուցիչները առաջին կուրսեցիներին ուղեկցեցին լսարաններ, նրանց ծանոթացրին բուհի առօրյային, ներկայացրին գործող ամբիոններն ու ստորաբաժանումները:      

DSCN3492