Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

2015թ. դեկտեմբերի 4-ին ԵՊՀ ԻՄ-ի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի կողմից կազմակերպվել էր միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան (դեկտեմբերի 3-ը 1992թ. ՄԱԿ-ի կողմից հռչակվել է որպես Հաշմանդամների միջազգային օր):

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Միջոցառման ընթացքում առկա ուսուցման համակարգի «Մանկավարժություն և հոգեբանություն» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողուհի Արուսյակ Գասպարյանը ներկայացրեց «Հաշմանդամության սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրները» թեմայով զեկուցում` անդրադառնալով «Հաշմանդամություն» հասկացությանը, նրա տեսակներին ու խնդիրներին, 2010թ. ՀՀ-ում ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի (2006թ.) վավերացմանը, ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության` ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածով ամրագրված իրավունքին և այլն:

Միջոցառում` նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Ելույթ ունեցան հեռակա ուսուցման համակարգի «Մ/Հ» մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողուհիներ Սյուզաննա և Ռուզաննա Աղաբաբյանները, նույն կուրսի ուսանողուհի Մարիամ Եսայանը` իրենց անունից ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, լիարժեք կերպով հասարակություն ինտեգրվելու պահանջը, բացահայտելով իրենց մարդկային ազնիվ ձգտումներն ու գեղեցիկ երազանքները:

Ապա ցուցադրվեց ներառական կրթությանը վերաբերող տեսանյութ:
Ամփոփիչ խոսքով հանդես եկավ Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Վ.Բրուտյանը` մասնավորապես նշելով, որ մանակավարժի մասնագիտության համար առաջնային հատկանիշ է հումանիզմը` մարդասիրությունը, ներկաներին կոչ արեց սիրել մարդուն, իսկ ապագա մանկավարժներին` անսահման սիրել երեխաներին` անկախ նրանց մաշկի գույնից, բնավորությունից, ֆիզիկական և մտավոր կարողություններից:

Հումանիստական մանկավարժության դիրքերից նա խիստ կարևորեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանումն ու իրավունքների պաշտպանությունը, ընդգծեց անձի` որպես բարձրագույն արժեքի գիտակցման գաղափարը: